Ազգային ժողովի ներկայիս 131 պատգամավորներից շուրջ 60-ն այլեւս չեն լինելու նոր խորհրդարանում
«Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցության անդամները, որոնք չեն վերընտրվել՝ արդեն հավաքել են իրենց իրերը: Եվ երեկ նրանք, ինչպես նաեւ «Օրինաց երկիր» խմբակցության անդամները՝ չմասնակցեցին ԱԺ-ի լիազորությունների ավարտին հրավիրված արտահերթ նիստին: Սակայն խորհրդարանում էին «Արդարության» մի քանի պատգամավորներ, որոնցից Հրանտ Խաչատրյանը եւ Շավարշ Քոչարյանը (ինչպես նաեւ Վազգեն Մանուկյանը, Արշակ Սադոյանը, Սմբատ Այվազյանը եւ Գրիգոր Հարությունյանը) օրենսդիր մարմնի անդամ են եղել 1990-ից:
Մեր հարցին, թե ի՞նչ զգացողություններ ունի այժմ, երբ վերջին անգամ է մասնակցում ԱԺ նիստին՝ Հրանտ Խաչատրյանը պատասխանեց. «Զգացմունքային խնդիրներ առաջանում են, երբ մի բան առաջին անգամ է կատարվում: Սա ինձ հետ առաջին անգամ չի կատարվում: Եվ շատ գործնական տրամադրություն ունեմ»: Շավարշ Քոչարյանը եւս առանց որեւէ զգացողության էր բաժանվում ԱԺ-ից. «Գոնե ափսոսանքի զգացում հաստատ չունեմ»: Իսկ Թաթուլ Մանասերյանը, որը մեծամասնական ընտրակարգով առաջադրվելով թիվ 5 ընտրատարածքում՝ ստացավ 5384 ձայն, այժմ ասաց. «Փորձել եմ անել այն ամենը, ինչ ինձնից կախված է՝ պարզելու, թե ժողովուրդն ո՞ւմ է ուզում տալ իր քվեն: Եվ եղավ այն, ինչ եղավ (այդ ընտրատարածքում հաղթող ճանաչվեց Լեւոն Սարգսյանը, որն ԱԺ է գալիս միայն այնժամ, երբ իրեն կանչում են քվեարկելու.- Ա. Ի.): Ընդհանուր առմամբ՝ բավարարված եմ»: ՄԱՊ ընկերության ղեկավար Ալեքսան Պետրոսյանը, որը թիվ 21 ընտրատարածքում շուրջ 14 հազար ձայն ստանալով՝ 2 հազար ձայնով պարտվեց Ռուստամ Գասպարյանին, ասաց. «Մենակ նրա համար եմ ափսոսում, որ շատ ընկերներ ունեի այստեղ: Եվ սրանից հետո դժվար հանդիպենք կամ ուշ-ուշ կհանդիպենք»: Մեր հարցին, թե սակայն չի՞ ափսոսում ընտրարշավում հսկայական միջոցներ իզուր ներդնելու համար՝ պրն Պետրոսյանը պատասխանեց. «Իմ բնավորությունն է, որ ընդհանրապես ինչ անում եմ՝ չեմ ափսոսում»:
Պատգամավորների մի մասն ընդհանրապես չէր էլ փորձել վերընտրվել: Նրանցից է, ասենք, «Ժողպատգամավոր» խմբի անդամ Համլետ Թամազյանը, որն ասաց. «Ամեն մարդ իրեն հատկացված ժամանակում է կատարում այս պետության համար ծառայություն: Ես համարում եմ, որ 4 տարին բավական էր»: Էմմա Խուդաբաշյանը նույնպես նկատեց. «Ոչինչ հավերժ չէ՝ անգամ մարդու կյանքը, ուր մնաց թե՝ պաշտոնը: Սրանք անցողիկ բաներ են: Եվ ես դեռ փետրվարից գիտեի, որ չեմ լինելու պատգամավոր: Եվ առանց լացուկոծի՝ նորմալ եմ ընդունում»: «Գործարար» խմբի քարտուղար Մեխակ Մխիթարյանն իր պնդմամբ՝ առանց ափսոսանքի բաժանվեց ԱԺ-ից. «Ես շատ վաղուց էի հայտարարել, թե այլեւս չեմ առաջադրելու իմ թեկնածությունը»: Մեր հարցին, թե ինչո՞վ է մտադիր զբաղվել՝ պատասխանեց. «Դեռ չեմ կողմնորոշվել: Հավանաբար ինչ-որ աշխատանք կգտնեմ, երեւի: Հետո կյանքը ցույց կտա»: Սա ասվեց այնքան տխուր տոնով, որ տպավորություն ստացանք, թե պրն Մխիթարյանը, որ նախկինում Արմավիրի փոխմարզպետն էր՝ այժմ իբրեւ գործազուրկ գրանցվելու է աշխատանքի տեղավորման գործակալությունում: «Չէ՜, չէ՜, բոլորովին ո՛չ,- հուսադրեց մեզ Մեխակ Մխիթարյանը:- Կարծում եմ, որ որեւէ աշխատանք կգտնվի ինձ համար»: Ենթադրելի է, որ այդ տեղը նա ակնկալում է ՀՀԿ-ից:
Մինչդեռ այդ կուսակցությունը թերեւս խնդիր ունի նախ իր անդամներին աշխատանքի տեղավորելու: Ասենք, ՀՀԿ ցուցակում 98-րդն է Լեռնիկ Ալեքսանյանը, եւ շատ քիչ է հնարավոր, որ նա դարձյալ տեղ գտնի ԱԺ-ում: «Բնականաբար, ափսոսում ես, որ կարող էիր ինչ-որ բաներ անել ու չես արել: Վերջում ավելի լավ է երեւում: Ափսոսում ես, որ ավելի արդյունավետ կարող էիր աշխատել եւ չաշխատեցիր»,- ասաց նա եւ հավաստիացրեց, թե դեռ չի քննարկվել՝ ինչով է զբաղվելու հետագայում: Ռազմիկ Մարտիրոսյանը, որն ընդհանրապես չի ընդգրկվել ՀՀԿ ցուցակում՝ նույնպես ասաց, որ դեռ չի որոշվել, թե այսուհետ գործադիրո՞ւմ է լինելու: ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանի վերաբերյալ, որը թիվ 34-ում պարտվեց «Դաշինքի» թեկնածուին՝ լուր է հրապարակվել, թե նշանակվելու է Շիրակի մարզպետ: Սակայն նա մեզ ասաց. «Թերթից առաջին անգամ իմացա այդ մասին: Դեռ որեւէ նման քննարկում չի եղել»: Սուքիաս Ավետիսյանի համար թանկ էր պատգամավորական իր տեղը. «Ի վերջո՝ 12 տարի այս դահլիճում եմ եղել: Բայց նաեւ ուրախ եմ, որ շատ լավ ձեւով ենք հրաժեշտ տալիս այս ԱԺ-ին»:
ՕԵԿ-ից դուրս եկած մի քանի պատգամավորներ սխալ «ձիուկի» վրա էին խաղադրույք դրել՝ ընդգրկվելով Ժողովրդական կուսակցության ցուցակում, ուստի չվերընտրվեցին: Նրանցից է, ասենք, Կոտայքի մարզպետի եղբայրը՝ Սամվել Շահգալդյանը, որը մեր դիտարկմանն ի պատասխան՝ ասաց. «Այստեղ ձիուկի խնդիր չկար: Ես նորմալ եմ համարում՝ ընտրություն է եղել, չեմ ընտրվել: Հիմա կզբաղվեմ իմ բիզնեսով»: Իսկ Գագիկ Մխեյանը, որն էլ ԺԿ ցուցակում 6-րդն էր՝ այժմ ասաց. «Ես այլեւս տեղ չեմ ունենալու խորհրդարանում, բայց շնորհավորում եմ բոլոր նորընտիր պատգամավորներին, ցանկանում եմ նրանց օրենսդրական բեղմնավոր աշխատանք: Իսկ ես ե՛ւ մասնագիտություն ունեմ՝ շինարար եմ, ե՛ւ կազմակերպչական ջիղ: Ու կաշխատեմ ըստ իմ մասնագիտության»:
Ամենաագրեսիվն արձագանքեց Էջմիածնից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը հարցին, թե չի՞ ափսոսում, որ այլեւս չի լինելու ԱԺ-ում՝ ասաց. «Իհարկե՝ ոչ: Ի՞նչ ենք կորցրել, որ ափսոսենք: Ինձ թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին, եւ կափսոսայի միայն այն ժամանակ, եթե մասնակցեի եւ ժողովուրդն ինձ քվե չտար»: Ի դեպ, նա ասել էր, թե կոչ է անելու թիվ 19 ընտրատարածքում քվեարկել Սեյրան Սարոյանի հետ մրցակցող մյուս Հակոբ Հակոբյանի օգտին, որը մայիսի 12-ին ստացավ շուրջ 4 հազար ձայն: «Մենք չզբաղվեցինք՝ ընտրական հանձնաժողովներում մարդիկ չնշանակեցինք, ոչինչ չարեցինք, թողեցինք բարձիթողի վիճակում»,- իր անվանակցի պարտությունը պատճառաբանեց Հակոբ Հակոբյանը:
Իսկ ամենասրամիտ եւ կիսառոմանտիկ պատասխանը տվեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, որն ասաց. «Ափսոսանք չկա: Շատ հանգիստ եմ վերաբերվում այս ամենին եւ փիլիսոփայորեն: Ուղղակի մի լավ խոսք կա, թե ես եղա այն աղջիկը, որին չհրավիրեցին պարի: Հասարակությունն այսօր մեզ չի հրավիրել պարի: Այնպես որ՝ թող պարեն ուրիշների հետ»: