Մեկն Ազատության հրապարակում, մյուսը՝ ԿԸՀ շենքի դիմաց
Մայիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո հետընտրական գործընթացներն ուղեկցվում են ոչ միայն ընդդիմադիր եւ արմատական համարվող երեք ուժերի՝ «Իմպիչմենտ» դաշինքի, «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունների համատեղ հանրահավաքներով, այլեւ առանձին ընտրատարածքներում ընտրությունների արդյունքների վիճարկմամբ, որոնց երեկ ավելացավ եւս երկու ակցիա:
Երեկ ժամը 18:00-ից Ազատության հրապարակում նստացույց է սկսել «Իմպիչմենտ» դաշինքի անդամ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ընդ որում՝ իր ասելով, ոչ թե որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ կամ լրագրող, այլ՝ որպես ՀՀ քաղաքացի: Այդ ակցիայի նպատակը, որը տեւելու է մինչեւ մայիսի 18-ը, նա բացատրել է «ՀԺ»-ի երեկվա իր խմբագրականում, ուր մասնավորապես ասված է. «Իմ արածը ոչ թե հուսահատ քայլ է, այլ քայլ է՝ ընդդեմ հուսահատության: Այն հուսահատության, որ մարդուն ստիպել է երկրի քաղաքացու, երկրի իշխանավորի իր իրավունքը զիջել մեկ-երկու հանցագործի: Սա նաեւ հույսի, լավատեսության ակցիա է եւ իրականացումը այն խոստման, որ չենք համակերպվելու այս իրավիճակի հետ եւ մեզնից կախված ամենը անելու ենք՝ մեր երազած երկիրը մեր երեխաներին ժառանգելու համար: Այս քայլի նպատակը հստակ է. նախապատրաստել ուրբաթ օրը նույն Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքը, որը շատ կարեւոր է լինելու մեր երկրի ապագայի տեսանկյունից: Նստացույցի ժամանակ իմ գլխավերեւում ոչ մի կոչ կամ պահանջ չի լինելու: Ընդամենը փակցված է լինելու A4 ֆորմատի մի թուղթ, որի վրա գրված է լինելու «1+»:
Ն. Փաշինյանը նաեւ կոչ է արել ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր հասկանում են երկրում ստեղծված իրավիճակի վտանգավորությունը՝ «իրենց հետ վերցնելով «1+» գրառմամբ A4 ֆորմատի թուղթ՝ գալ Ազատության հրապարակ եւ դրանք փակցնել արդեն իսկ այնտեղ գտնվող թղթերի կողքին՝ ի նշան այն բանի, որ իրենք չեն պատրաստվում համակերպվել իշխանության կողմից պարտադրվող իրականության հետ, որ իրենք մասնակցելու են ուրբաթ օրը կայանալիք հանրահավաքին, որովհետեւ պատրաստ են կրել երկրի ապագայի համար իրենց ունեցած պատասխանատվությունը, պատրաստ են պայքարի դուրս գալ՝ ընդդեմ բեսպրեդելի»: Նստացույց հայտարարած Ն. Փաշինյանը երեկ ասաց, թե իր համար կարեւոր չէ, թե ով կմիանա իր հայտարարած նստացույցին, կարեւորն, ըստ նրա, այն է, որ մարդիկ գան եւ ունենան «1+» գրառումը:
Նստացույցը դեռ չսկսած ՝ Ազատության հրապարակում երեկ արդեն մի քանի տասնյակ մարդիկ էին հավաքվել, ովքեր իրենց հետ արդեն ունեին «1+»-ը եւ ակտիվորեն փակցնում էին Թումանյանի արձանի պատվանդանին: Դրանք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ էին, շարքային քաղաքացիներ եւ երիտասարդներ: Ի դեպ, թերեւս այդ ակցիան հսկելու համար երեկ Ազատության հրապարակին հարող տարածքում կանգնած էին շտապօգնության եւ ոստիկանության մեկական մեքենաներ: Ոստիկաններից մի քանիսը, որոնցից մեկը փոխգնդապետի ուսադիրներ ուներ, անգամ փորձեցին մոտենալ Ն. Փաշինյանին, բայց տեսնելով, որ նրա շուրջ բազմություն կա, հեռացան, հեռացավ նաեւ ոստիկանության մեքենան:
Նույն օրը հայտնի բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, ով մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր Շենգավիթի թիվ 11 ընտրատարածքում եւ արդյունքում ստանալով 5543 քվե՝ պարտվել էր Գրիգոր Մարգարյանին, երեկ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի առջեւ անժամկետ հացադուլ է հայտարարել:
«Առավոտի» թղթակցի այն հարցին, թե ինչո՞ւ է հացադուլ հայտարարել ու ինչի՞ց է բողոքում՝ Ի. Հակոբկոխյանն ասաց. «Բողոքում եմ էս ընտրություններից: Ես չեմ կարա իմ երկրում կռիվ քցեմ: Ես պատրաստ եմ իմ կյանքով սրանց ինչ-որ բան բացատրել: Ասում էին՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, բայց ես միայն թափանցիկությունը տեսա: Թափանցիկ կերպով ընտրակաշառքները բաժանում էին, բայց ընտրությունների ո՛չ ազատությունը տեսա, ո՛չ արդարությունը, որովհետեւ մարդկանց տներից հանում էին, վախեցնում էին՝ գործից կհանենք, տղուդ կկալանավորենք, ու զոռով բերում էին տեղամասեր, ասում էին՝ մենք ներսը սկռիտի կամեռա ունենք, նայելու ենք, թե ոնց ես ընտրելու»: Մեր այն հարցին, թե կոնկրետ թիվ 11-ում նման դեպք եղե՞լ է՝ բռնցքամարտիկը պնդեց. «Այո, եղել ա: Կոնկրետ մարդկանց, որ դա արել են, չեմ ճանաչում, բայց ում հանդեպ դա արել են, նրանք եկել ու ինձ ասել են»: Ի. Հակոբկոխյանն ասաց, որ իր բողոքն ուղղված է ոչ թե իր չընտրվելու, այլ՝ ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների անցկացման մեթոդների ու կեղծիքների դեմ: «Ես իմ մասին չեմ ասում, որովհետեւ չգիտեմ՝ ինչքան ձայն եմ հավաքել: Եթե արդար ընտրություններ լինեին՝ կիմանայի: Կարող ա ես չհաղթեի, հաղթեր մյուս թեկնածուն, բայց ո՛չ էն մարդը, ով հաղթել ա»,- պարզաբանեց հացադուլավորը՝ հավելելով, որ պատրաստվում է ԿԸՀ շենքի մոտ հացադուլ անել, որքան կկարողանա: Երեկ նրան այցելելու էին Միջազգային կարմիր խաչի ներկայացուցիչները: