Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՌՈՒՍՆԵՐԸ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՊԵԿԻՆ ՉՄԵԿՆԵՆ

Մայիս 16,2007 00:00

Ռուսաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը, բացառված չէ, որ զրկվի 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:

Այդ մասին Յակուտսկում կայացած ՌԲՖ-ի գործկոմի նիստում ահազանգել է Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի 1-ին փոխնախագահ Վիկտոր Խոտոչկինը՝ դրա գլխավոր պատճառ համարելով ՌԴ բռնցքամարտի ֆեդերացիայի (ՌԲՖ) նախկին ու սիրողական բռնցքամարտի եվրոպական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Խուսաինովի եւ սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ, ՄՕԿ-ի անդամ Չինգ-Կուո-Վուի միջեւ Լոզանում գտնվող մարզական արբիտրաժային դատարանում եղած հակամարտությունը, որը կարող է Ռուսաստանի բռնցքամարտիկների ժամանակավոր որակազրկման, հետեւաբար՝ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից զրկվելու պատճառ դառնալ: Իսկ խնդիրը աշխարհի առաջնության իրավունքը Մոսկվայից վերցնելու համար Ռուսաստանի՝ միջազգային մարզական արբիտրաժային դատարան դիմելն է եւ Խուսաինովին ահաբեկչական գործունեության մեջ անարդարացի մեղադրելը: «Ես չեմ ցանկանում խորանալ պարոնայք Խուսաինովի եւ Վուի միջեւ ծագած բարդ հարաբերությունների մանրամասների մեջ,- ասել է Խոտոչկինը,- բայց պետք է հասկանալ մեկ այլ բան. այդ մարդուն են ընտրել մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի նախագահ: Եվ որքան էլ դժվար լինի, նրա հետ պետք է աշխատենք մոտ չորս տարի, հետեւաբար՝ հարկավոր է ընդհանուր լեզու գտնել եւ որոշ փոխզիջումների գնալ:

Ես ուսումնասիրել եմ 2007 թվականի աշխարհի առաջնությունը Մոսկվայից տեղափոխելու հետ կապված բոլոր փաստաթղթերը եւ նամակագրությունները: Երկու կողմերն էլ ճիշտ չեն վարվել ու սխալներ են թույլ տվել: Վերջերս ՊՕԿ-ի նախագահ Լեոնիդ Տյագաչովի հետ միասին Պեկինում հանդիպեցինք AIBA-ի նախագահին: Նա ասաց, որ պատրաստ էր աշխարհի առաջնությունը վերադարձնել Մոսկվա: Բայց հենց այդ ժամանակ, երբ որոշումը գրեթե կայացված էր, Ռուսաստանը Լոզան դիմեց երկրորդ հայցով՝ պարոն Խուսաինովի պատիվը, արժանապատվությունը եւ գործնական հեղինակությունը պաշտպանելու դիմումով: Այս իրավիճակում հակառակ վճիռ կայացնելն անհնար է: Որքան էլ մենք պարոն Տյագաչովի հետ աշխատեցինք բացատրել, որ կարելի է հասկանալ այն մարդուն, ում մեղադրել են չկատարած հանցանքների մեջ ու ներողություն էլ չեն խնդրել, պարոն Վուն սկզբում լռեց, բայց հետո նախազգուշացրեց, որ կատակ չի անում եւ եթե AIBA-ն շահի երկու հայցերից թեկուզ մեկում, Ռուսաստանի բռնցքամարտիկներին ժամանակավորապես՝ մեկ տարով որակազրկելու հարց կդնի: Իսկ AIBA-ի կանոնադրությունը իր որոշումներին համաձայն չլինելու համար նման հնարավորություն նախատեսում է: Այսինքն՝ Ռուսաստանի բռնցքամարտիկները կարող են զրկվել Պեկինի օլիմպիական խաղերից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել