Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նորից՝ անձնագրերի մասին

Մայիս 16,2007 00:00

Անձնագրերի հետ կապված մեքենայությունները, այնուամենայնիվ, դեր խաղացել են անցած ընտրություններում

«Մայիսի 12-ին քվեարկության ամբողջ օրվա ընթացքում նոփ-նոր անձնագրերով մարդիկ էին գալիս ընտրատեղամաս»,- պատմում է Սյունիքի ընտրական հանձնաժողովներից մեկի անդամը, ով չի ցանկանում ներկայանալ: Ըստ E-chanel.am-ի, աղբյուրը պատմում է, որ ինքը պատասխանատու է եղել ընտրացուցակների համար, եւ վկայում է, որ «անձամբ ողջ օրը ականատես է եղել նոփ-նոր անձնագրերի բումի, դրանք բոլորն ունեցել են նույն սերիան, ընդ որում, այդ անձնագրերով քվեարկողները 18 տարեկան, այսինքն՝ առաջին անգամ անձնագիր ստացողներ չեն եղել»: Ի դեպ, նրանք, ովքեր անձնագրի ժամկետը երկարացնելու առիթ են ունեցել, գիտեն, որ ոստիկանության անձնագրային բաժինը ոչ թե նոր անձնագիր է տալիս, այլ հինգ տարով երկարաձգում է տվյալ անձնագրի վավերականությունը: «Օրվա ընթացքում եղել է դեպք, ինձ դիմել է ընտրող եւ բողոքել, թե ինչո՞ւ են ցուցակում ընդգրկված իր հարեւանները, որոնք վաղուց Հայաստանում չեն, եւ պահանջել է գիծ դնել այդ անունների դիմաց: Ես, իհարկե, իրավունք չունեի ընտրողի ասածի պես վարվել: Հետո նոր ստացած, թարմ անձնագրով եկել է երիտասարդ եւ ներկայացել իբրեւ այդ նույն հասցեի բնակիչ ու քվեարկել»,- պատմում է հանձնաժողովականը:

Իսկ «Ա1+»-ը հետեւյալն է հաղորդում: Քվեարկության օրը Սիսիան քաղաքում Հայաստանի Հանրապետական կուսակցության շտաբներից մեկի դիմաց հավաքվել էին մոտ 30 սիսիանցիներ, ովքեր պահանջում էին վճարել իրենց անձնագրերի դիմաց խոստացված գումարը: Նրանք իրենց անունները չհրապարակելու պայմանով հայտնեցին, որ իրենց եւ իրենց ընտանիքների անդամների անձնագրերը տարել էին շտաբ՝ գումար ստանալու ակնկալիքով: «Մեկ շաբաթ առաջ մեր անձնագրերը վերցրել են՝ ասելով, որ փող կտան, բայց հիմա միայն անձնագրերն են տալիս: Մեր անձնագրերի համարներով էլ ցուցակ են կազմել, հիմա պահանջում ենք, որ այդ ցուցակները պատռեն կամ էլ մեր փողերը տան»,- ասաց հավաքվածներից մեկը՝ 70-ին մոտ մի կին: Նրանք նաեւ նշեցին, որ անձնագրերը վերադարձրել են միայն ընտրական ժամանակահատվածի վերջին րոպեներին՝ ասելով. «Ում ուզում եք ընտրեք. փող չկա»:

Արդյունքում թիվ 37 ընտրատարածքի՝ Սիսիանի թիվ 2 մանկապարտեզում տեղակայված տեղամասի մոտ ընտրությունների ավարտից մի քանի րոպե առաջ մեծ հերթ էր գոյացել, որի հետեւանքով քաղաքացիներից շատերը չկարողացան ընտրել: Վերջիններիս վկայությամբ՝ ստեղծված իրավիճակի պատասխանատուն ոմն Վախթանգ Հարությունյանն էր, ով էլ խոստացել էր գումարը: Սակայն մեզ հետ զրույցում Վ. Հարությունյանը կտրականապես հրաժարվում էր, որ ինքը անձնագրեր է հավաքել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031