Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բարեգործական հիմնադրամը հաշտության եզրեր է փնտրում

Մայիս 16,2007 00:00

«Ֆինքան» պարզաբանում է

«Առավոտն» անդրադարձել էր ամերիկյան «Ֆինքա» (ապրիլի 28-ի՝ «Ֆինքան» տոկոսով փոխառություննե՞ր է տվել») բարեգործական հիմնադրամի գործունեությանը, տեղեկացրել, որ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ եւ նախաքննություն է իրականացվում: Նախաքննության գաղտնիության հնարավորության շրջանակներում պարզվել էր, որ քրգործով անցնում է 350-ից ավելի տուժող:

«Ֆինքա» բարեգործական հիմնադրամի իրավաբան Լիլիթ Թունյանի տեղեկացմամբ, քրեական գործը հարուցված է ոչ թե «Ֆինքայի» գործունեության վերաբերյալ, այլ «Ֆինքայի» աշխատակից Արամ Այվազյանի նկատմամբ, որը հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումար: Ըստ իրավաբան Լիլիթ Թունյանի՝ «Ֆինքան», հայտնաբերելով իր աշխատակցի կողմից կատարված հափշտակությունը, 2006թ. մարտին դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ իր աշխատակցին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

«Առավոտի» այն տեղեկությանը, թե հիմնադրամն իր գործունեության ընթացքում հարկեր չի վճարել, «Ֆինքայի» իրավաբանն ասաց. «2000թ. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, բոլոր շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները շահութահարկ չեն հաշվարկել եւ չեն վճարել: Բացի այդ, որպես ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ենթաշնորհառու կազմակերպություն, ՀՀ կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջեւ կնքված մարդասիրական, տեխնիկական եւ տնտեսական աջակցության խթանման վերաբերյալ միջազգային համաձայնագրերի համաձայն, USAID-ի ծրագրերն իրականացնող կազմակերպությունները ազատվել են հարկերից: Մինչդեռ, նշենք նաեւ, որ դրամաշնորհի ժամկետի ավարտից հետո հիմնադրամը բարեխղճորեն կատարել է իր հարկային պարտավորությունները, դասվել Հայաստանի խոշորագույն հարկատուների շարքին»:

«Առավոտի» հարցադրմանը, թե բարեգործական հիմնադրամն իրավունք ունե՞ր անհատույց գումարներ տալու փոխարեն փոխառություններ կամ տոկոսով գումար տալ ՀՀ քաղաքացիներին, «Ֆինքայի» ներկայացուցիչն ասաց. «Հիմնադրամի կանոնադրության եւ հիմնադիր հանդիսացող ամերիկյան «Ֆինքա Ինտերնեյշնլինկ» կազմակերպության եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ու «Շոռբանկ ադվայզոռի սերվիսի» (Shorebank Agvisory Services Inc) միջեւ կնքված 1998թ. փետրվարի 24-ի համաձայնագրով «Ֆինքա» բարեգործական հիմնադրամը իրավունք ուներ փոխառություններ տրամադրել տոկոսով: Մասնավորապես, ձեր նախորդ հրապարակման մեջ նշված «Սաշիկ» փոխատվական խմբին տրամադրված գումարը, որը կազմել է 1 մլն 300 հազար ՀՀ դրամ (մենք գրել էինք դոլար, որը «Ֆինքայի» ամբողջ փոխառության պորտֆելի մեկ հինգերորդն է կազմում- Ռ. Մ.)»: «Ֆինքայի» տուժողների բնակարանները (10 հազար էր նշվում- Ռ. Մ.) աճուրդի հանելու կապակցությամբ հիմնադրամի իրավաբան Լ. Թունյանը նշեց. «Հայտնում եմ, որ մինչ այսօր թեպետ Դատական ակտերի հարկադիր ծառայության (ԴԱՀԿ) կողմից ՀՀ դատարանների անձնական գույքի վրա բռնագանձում տարածելու վճռի հիման վրա ԴԱՀԿ-ն արգելանք է դրել «Ֆինքայի» պարտապանների գույքի վրա, սակայն մինչ օրս հիմնադրամն իր պահանջների բավարարում չի ստացել, քանի որ «Ֆինքա» հիմնադրամի քաղաքականությունն է պարտապաններից իր պարտքերը հետ ստանալ հաշտության եզրեր գտնելու եւ առանց անձնական գույքի վրա բռնագանձում տարածելու բոլոր հնարավորությունները օգտագործելու միջոցով»: «Ֆինքան» գտնում է, որ Կենտրոնական բանկի կողմից չի կարող վերահսկվել եւ իր գործունեությունը համապատասխանում է «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել