Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՒՄ ԳՈՎԱԶԴԸ ՀԱՆԵՆ, ՀՀԿ-ԻՆԸ ՉԵՆ ՀԱՆԻ

Մայիս 16,2007 00:00

\"\"Թաղապետարանները գերադասում են տուգանվել, քան ՀՀԿ-ի գլխից թռնել \"\"

«Մեր համայնքում հիմնականում պաստառներ փակցրել են հաղթած կուսակցությունները, հիմա նրանք երեւի քեֆերի մեջ են, քեֆը կվերջացնեն՝ կհանեն, էլի»,- երեկ Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի առեւտրի եւ սպասարկումների բաժնից այսպես պատասխանեցին «Առավոտի» այն հարցին, թե չե՞ն պատրաստվում փողոցներից հանել քաղաքական գովազդային պաստառներն ու վահանակները: Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանում տեղյակ էլ չէին, որ իրենք պետք է զգուշացնեն գովազդը փակցնողներին, որպեսզի սահմանված ժամկետում նրանք իրենց գովազդները համայնքի տարածքից հանեն: Իսկ սահմանված ժամկետն արդեն քանի օր է՝ ավարտված է: Ըստ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի՝ «Նախընտրական քարոզչությունը վերջանում է քվեարկությունից մեկ օր առաջ: Քվեարկության եւ դրան նախորդող օրը նախընտրական ցանկացած քարոզչություն արգելվում է»: Սակայն բոլոր համայնքները, առանց բացառության, խախտել են \"\"Ընտրական օրենսգրքի այդ կետը: Թաղապետարանների համապատասխան բաժնի աշխատակիցները «Առավոտի» հետ զրույցում, որպես կանոն, մեղադրում էին կուսակցություններին ու պատգամավորության թեկնածուներին՝ ասելով, որ վերջիններս շատ անպարտաճանաչ են եւ որքան էլ իրենք զգուշացրել են, գրավոր դիմումներ են ուղարկել՝ հորդորելով հանել իրենց գովազդները, վերջիններս չեն արձագանքել: Այնուամենայնիվ, քաղաքապետարանը բոլոր համայնքներին նկատողություն է արել ու մինչեւ ուրբաթ (այսինքն՝ մինչեւ վաղը) ժամանակ տվել, որ գոնե կենտրոնական փողոցների պաստառները մաքրեն: «Մենք ստիպված մեր միջոցների հաշվին պայմանագրային հիմունքներով մարդիկ ենք վարձել, որ կուսակցությունների ու թեկնածուների գործը անեն՝ գովազդները հանեն: Բայց ինքներդ էլ եք տեսնում, թե ինչքան շատ են գովազդներ փակցրել, դրանք 1 շաբաթում բոլոր փողոցներից հանել անհնարին է»,- պարզաբանեց Շենգավիթի թաղապետի տեղակալ Արբակ Աբրահամյանը: Նրա խոսքերով՝ «մեր թեկնածուները քաղաքական կուլտուրա չունեն, մանավանդ պարտվածները երբեք իրենց գովազդները փողոցներից չեն մաքրի: Միայն «Ժառանգություն» կուսակցությունն է ժամանակին հանել իր գովազդները, դա էլ Րաֆֆի Հովհաննիսյանի դաստիարակությունից է գալիս»: Ստացվում է՝ մյուս կուսակցությունների ղեկավարները համապատասխան դաստիարակություն չունեն եւ օրենքը հարգել չգիտեն: Նկատենք, որ եթե կուսակցություններն ու թեկնածուներն ընտրություններից հետո չեն հանում իրենց գովազդները, թաղապետարանները նրանց նկատմամբ պետք է կիրառեն վարչական պատժամիջոցներ: Սակայն, ինչպես հաստատեց նաեւ Շենգավիթի փոխթաղապետը, երբեւէ նման միջոցների չեն դիմել. «Մենք հայավարի ենք մտածում եւ չենք ուզում ծայրահեղ քայլերի դիմել»:

Մեր տեղեկություններով, Հանրապետական կուսակցությունը հրահանգել է բոլոր թաղապետարաններին, որ իրենց քարոզչական պաստառները վերջինը հանեն: Թաղապետարաններից մեկում ասացին, որ եթե նույնիսկ բոլոր պաստառները մաքրեն՝ ՀՀԿ-ինն առայժմ ռիսկ չեն անի հանել, կգերադասեն տուգանվել՝ օրենքը խախտելու համար: Շենգավիթի թաղապետարանից հերքեցին, որ իրենք էլ են նման հրահանգ ստացել: Արբակ Աբրահամյանը պատրաստ էր թոռնիկի արեւով երդվել, որ ինքը, համենայնդեպս, այդ հրահանգի մասին տեղյակ չէ:

Աջափնյակի թաղապետարանից պարզաբանեցին, որ իրենց համայնքում միայն ՄԱԿ կուսակցությունն է բոլոր վահանակները հանել, իսկ կոալիցիոն կուսակցություններն առայժմ միտք էլ չունեն դրանք հանելու: Բացի այդ, ըստ թաղապետարանի գովազդային բաժնի աշխատակցի պարզաբանման՝ «Մեր Լենինգրադյան փողոցում ներկայումս շինարարություն է ընթանում եւ եթե կուսակցություններն ուզենան էլ՝ համապատասխան տեխնիկա էլ չեն կարող մտցնել այդ փողոց ու գովազդները հանել»: Կարելի էր կարծել, թե բացի Լենինգրադյան փողոցից, այս համայնքում բոլոր քարոզչական պաստառները մաքրել են:

Արաբկիրի թաղապետարանից հայտնեցին, որ «գովազդաթափման» գործընթացը սկսել են երեկվանից. «Մենք կուսակցությունների հետեւից պիտի ամիսներով ընկնենք, ստիպված ինքներս ենք մեր միջոցներով մաքրում»: Այս համայնքում իր գովազդները հանել է մեծամասնականով առաջադրված ՀՀԿ-ական Զոհրաբ Զոհրաբյանը, որը հաղթող թեկնածուն է, իսկ պարտված ԲՀԿ անդամ Հայրապետ Հայրապետյանը չի հանել, նրա գործն անում է թաղապետարանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031