Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԱՆԱԿԵՑ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 16,2007 00:00

\"\"Այս գնահատականն է տալիս ԱԺ ընտրություններին Իրավունքի եւ ազատության կենտրոնի ղեկավար Վարդան Հարությունյանը

Մայիսի 12-ի ընտրություններից հետո թերեւս գլխավոր հարցը հետեւյալն է՝ ինչպե՞ս ստացվեց, որ իրենց ձայնը վաճառողների քանակը հասավ այդքան չարչրկված «կրիտիկական զանգվածի» եւ դարձավ վճռորոշ հաղթողներին որոշելու համար: Մեր այս հարցադրմանն իրավապաշտպան Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Այս ընտրություններում ես չեմ տեսնում հաղթող կողմ: Բոլորն էլ պարտվել են՝ ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունները:

Ընդդիմադիրները, սկսած 2000-2003 թվականներից, համակարգված կերպով ամեն ինչ արեցին իրենց այսօրվա պարտության համար: Նրանք զբաղված էին ինքնաոչնչացմամբ: Դա լավագույնս արտահայտվեց այս ընտրություններին նախորդող շրջանում, երբ ոչ մի կերպ չկարողացան միավորվել: Յուրաքանչյուրն իրեն էր զգում առաջնորդի դերում, եւ յուրաքանչյուրն ինքն էր ցանկանում գործընկերոջ հաշվին մտնել խորհրդարան: Արդյունքում բոլորն էլ ստացան այն, ինչ կարելի էր ստանալ նման կերպ վարվելով:

Իշխանությունները նույնպես, իմ խորին համոզմամբ, պարտվել են: Նրանք տարված ամբողջն ունենալու մոլուցքով՝ առաջ են շարժվում միջոցների մեջ խտրականություն չդնելով: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ դեռ ընտրություններից շատ առաջ էր հայտնի խորհրդարան մտնող կուսակցությունների ցանկը, բացի գուցե «Ժառանգությունից»: Այդ մասին ե՛ւ գրվել է, ե՛ւ ասվել: Եվ առավել եւս գաղտնի չէ, որ ձայներն՝ ամեն ինչից բացի, նաեւ գնվել են: Իրավիճակը շատ է հիշեցնում 1995թ. խորհրդարանական ընտրություններից հետո եղած վիճակը, երբ գործող իշխանությունը գրանցեց մոտավորապես այս կազմով ճիշտ այսպիսի բացարձակ հաղթանակ, որին հաջորդեց 1998 թվականի իշխանափոխությունը: Այսպիսի հաղթանակները, որպես կանոն, հանգեցնում են անսպասելի պարտությունների:

Պարտվել է նաեւ իր ձայնը վաճառելու պատրաստ ու վաճառող ժողովուրդը: Այստեղ ընտրությանը մասնակից կողմերից ամենաշատը ժողովուրդն է մեղավոր: Մեր քաղաքացիները ցույց տվեցին, որ իրենք մի քանի հազար դրամ վաստակելու համար շատ բան կարող են հանել շուկա: Երեւի մեր՝ իրար հաջորդող պարտությունների պատճառներից մեկն էլ պետք է փնտրել հենց մեր այս բնավորության մեջ: Ժվանեցկին դիպուկ է ասում՝ «Մեզ վաճառում են այն, ինչ մենք գնում ենք»: Մեր ընտրվողներին, որպես վաճառքի առարկա, մեր ժողովուրդը շուկա է հանել իր ձայնը, նրանք էլ այն գնել են: Դաստիարակության հարց է: Այս հարցում ե՛ւ ընտրողը, ե՛ւ ընտրվողն իրարից չեն տարբերվում ու իրար արժեն:

Մի հաղթող կա այս պատմության մեջ: Հաղթանակել է Անտարբերությունը: Մեր երեխաների, մեր երկրի ապագայի նկատմամբ ունեցած մեր Անտարբերությունը: Թե մեր երեխաներն ի՞նչ գին են վճարելու մեր այս համատարած պարտության ու անտարբերության հաղթանակի համար՝ հայտնի չէ, բայց, որ այն չափազանց բարձր է լինելու՝ կասկած չկա»:

Հետընտրական այս թոհուբոհի մեջ մոռացության մատնվեց կալանավորված ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, որին մեղադրում են, թե ապօրինի ճանապարհով ստացված փող է «լվացել» եւ 180 հազար դոլարով պատրաստվում էր Հայաստանում իրականացնել հեղափոխություն: Շատերը ենթադրում էին, թե Ալեքսանդր Արզումանյանն ազատ կարձակվի ընտրությունից հետո, մինչդեռ ակնհայտ է, որ նա կալանավորված կմնա առնվազն 2 ամիս: Մեր այս հիշեցմանն ի պատասխան՝ Վարդան Հարությունյանն ասաց. «Դեռ նոր են ավարտվել ընտրությունները, եւ հնարավոր չէ ասել, թե ինչ կկատարվի հետո: Եվ ինչքան նրան երկար պահեն մեկուսարանում, այնքան արհեստական կլինի դա: Ալեքսանդր Արզումանյանին ներկայացված մեղադրանքն ակնհայտ շինծու է: Հստակ երեւում է նրա նկատմամբ իրականացվող հետապնդման քաղաքական ենթատեքստը: Հետաքրքիր է, որ այդ հոդվածով հանրապետությունում որեւէ մեկի նկատմամբ մինչ օրս չի իրականացվել հետապնդում: Ինչպե՞ս պետք է քննչական մարմիններն ապացուցեն, թե նա զբաղված էր փողերի լվացմամբ՝ հայտնի չէ: Բայց դա նրանց խնդիրն է: Իրենք սկսել են՝ իրենք էլ ստիպված են լինելու որեւէ կերպ փակել այս գործը: Արզումանյանն այդ գումարը կարող էր ստանալ ե՛ւ որպես աշխատավարձ, ե՛ւ որպես նվեր, ե՛ւ որպես օգնություն: Վերջին հաշվով, Հայաստանի բնակչության մի հսկայական մաս ապրում է դրսից ստացվող օգնությունների հաշվին եւ ոչ ոք չի էլ փորձում պարզել, թե օգնություն ուղարկողներն ի՞նչ ճանապարհներով են գումարներ վաստակել: Սա արդեն այն երկրի գործն է, որտեղ օգնություն ուղարկողը ծավալում է իր տնտեսական գործունեությունը»: Մինչ Ալեքսանդր Արզումանյանի կալանավորումը՝ դեռ այն ժամանակ, երբ ձեւավորվեց նրա ղեկավարած «Քաղաքացիական անհնազանդություն» շարժումը՝ ընդդիմադիր համարվող շատ թերթերում էին հրապարակվել լուրեր, թե այդ շարժման քողարկված «արմատները» Մոսկվայում են: «Սրա բացատրությունը չունեմ, թե որտեղից էր այդ տեղեկությունը,- ասաց Վարդան Հարությունյանը:- Բայց գիտեմ, որ կա մարդ, որը հստակ ասում է, թե ինքն է ֆինանսական օգնություն տրամադրել, եւ նրանք ընկերներ են: Սա բավական է, որ փակված համարենք այս հարցը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031