Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՎՃԻՌ

Մայիս 16,2007 00:00

\"\"Այս է ակնկալում փաստաբան Զարուհի Փոստանջյանն իր պաշտպանյալ ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի համար

Դեռ 2006-ի օգոստոսին «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 182 հոդվածի (շորթում) 1-ին մասով, 178 հոդվածի (խարդախություն) 2-րդ մասով եւ 136-րդ հոդվածի (վիրավորանք) 1-ին մասով՝ ընդհանուր առմամբ 5 դրվագներով: Արդեն մի քանի ամիս անընդհատ հետաձգվող դատաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքների երկու դրվագներով քրգործը կարճվել է՝ Գ. Շամշյանի նկատմամբ համաներում է կիրառվել: Դատաքննությունը, որպես այդպիսին, ավարտվել է, եւ երեկ ֆոտոթղթակցին առաջադրված մնացած մեղադրանքները պաշտպանող դատախազ Ուսոյանը միջնորդել է Գ. Շամշյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման: Իհարկե, խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, Շամշյանի նկատմամբ չի փոխվել մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Ֆոտոթղթակցի պաշտպան Զարուհի Փոստանջյանը շեշտեց, որ այն մեղադրանքները, որոնք առաջադրվել են իր պաշտպանյալին, «սարքվել» են որպես հակակշիռ ավելի վաղ հարուցված այն քրգործի, որտեղ Գ. Շամշյանը հանդես էր գալիս իբրեւ տուժող: Թղթակցին առաջադրված մեղադրանքներն, ըստ նրա, անհիմն են, եւ ո՛չ մարդու արժանապատվության վիրավորանք, ո՛չ խարդախություն եւ ո՛չ էլ շորթում իրականում տեղի չեն ունեցել: «Մեղադրանքներից մեկը վերաբերում է 2004թ.-ին քաղաքացի Զոհրաբ Ղազարյանից, իբր, 40 հազար դրամ խարդախությամբ շորթելուն, ապա՝ շորթման համար մարդը հատուկ նպատակային պետք է գնար եւ գումար շորթեր: Բայց փաստն այն է, որ ժամանակին տուժողն ինքն է դիմել Գ. Շամշյանին՝ օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Նա պետք է օգներ տուժողի բարեկամի դեմ հարուցված քրեական մեղադրանքի առնչությամբ հրապարակում պատրաստելու եւ փաստաբան գտնելու հարցում: Գ. Շամշյանը դա արել է, եւ նույնիսկ տուժողները Գ. Շամշյանին այնքան մտերիմ են համարել, որ տուժողի համար քրգործի բարեհաջող ավարտից հետո էլ «շորթումից տուժածը»՝ Զոհրաբը, էլի մի քանի անգամ դիմել էր Գ. Շամշյանի օգնությանը: Տուժողն ինքը դատարանում հայտարարեց, որ այո՝ դիմել է Շամշյանին այլ խնդրանքներով եւ խորհուրդներ է ստացել: Հարց է առաջանում՝ եթե տուժողն իրեն 3 տարի առաջ խաբված եւ շորթված էր զգում, ապա հետագայում ինչո՞ւ է օգնության խնդրանքով կրկին դիմել իրեն շորթողին: Հասկանալի է, որ այս մեղադրանքը, ինչպես մյուսները՝ ուղղորդված են մեկ կենտրոնից:

Հաջորդ մեղադրանքը վերաբերում է 2004թ.-ին Նուբարաշենում տաքսի ծառայության աշխատակիցներ Արսեն Մարգարյանի եւ Արայիկ Հակոբյանի պատիվն ու արժանապատվությունը «անպարկեշտ ձեւով ստորացնելուն»: Իրականությունն այն է, որ Գ. Շամշյանին իր ծանոթ վարորդները հրավիրել էին ծննդյան օրվա արարողությանը՝ իրենց լուսանկարելու համար: Լուսանկարները՝ մոտ 200 հատ, Գ. Շամշյանը երեւակել էր սեփական հաշվին ու բաժանել էր հիշյալ անձանց: Լուսանկարներից վեցը, այդ թվում նաեւ իրենը, ֆոտոթղթակիցը նույն այդ վարորդների խնդրանքով համակարգչի միջոցով մոնտաժել էր՝ նրանց գլուխները տեղադրելով կիսամերկ կանանց վրա, ու բաժանել էր հենց լուսանկարում պատկերված անձանց: Միասին ծիծաղել էին, ու այդ պատմությունը տեւել էր ընդամենը 3 օր: Միայն 2 տարի հետո էին վարորդներից երկուսը հիշել իրենց վիրավորանքի մասին: Ըստ ժամանակագրության, նրանց բողոքը եւս հետեւել է Գ. Շամշյանի կողմից թաղապետի հարազատների դեմ տված հայտարարությանն ու քրգործի հարուցմանը: Բացի այս, տուժողները խոսում են նկարների, իբր, տարածման մասին, ինչն իրականում տեղի չի ունեցել, եւ դա ապացուցող որեւէ վկայություն դատարանում չեղավ: Դա ասում են միայն տուժողները, բայց ասելը քիչ է: Ավելին, տուժողներն իրենք դատարանում նշեցին, որ այդ նկարների մասին նույնիսկ իրենց ընտանիքների անդամները տեղյակ չեն եղել: Գ. Շամշյանի կողմից չի եղել նաեւ 40 հազար դրամ խաբեությամբ յուրացնելու փաստ, որն, ըստ մեղադրանքի, տեղի է ունեցել 2005թ.-ին քաղաքացի Յուրի Առաքելովի համար վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու պատրվակով: Դատաքննության ընթացքում ի հայտ եկած փաստերից ակնհայտ է, որ Գ. Շամշյանը գումարը ետ է վերադարձրել: Տուժողներն իրենք են հայտարարել, որ դիմել են Գ. Շամշյանին, բացի այդ, գումարը ոչ թե 40 հազար, այլ ավելի փոքր է եղել»,- ասաց Զ. Փոստանջյանը:

Խոսելով ակնկալիքների մասին՝ նա ասաց, որ մինչ օրս դատարանն արդարացի քննություն է իրականացրել. «Կարծում եմ, իսկապես արդարադատություն կիրականացվի: Իմ համոզմամբ, արդարադատությունը հաղթանակած կլինի, եթե իմ պաշտպանյալն արդարացվի իրեն առաջադրված մեղադրանքներում: Մենք, համենայնդեպս, պահանջելու ենք արդարացման դատավճիռ բոլոր երեք դրվագներով ու Շամշյանին մենակ չենք թողնելու: Պայքարելու ենք մինչեւ վերջ, իսկ այն քրգործի կարճումը, որի շրջանակներում Գ. Շամշյանը հանդես էր գալիս որպես տուժող, շարունակելու ենք բողոքարկել Վճռաբեկ դատարանում, նաեւ դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:

Դատական նիստը երեկ հետաձգվել է մինչեւ մայիսի 21-ը: Այդ օրը հանդես կգա պաշտպանական կողմը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել