Շատերը դժգոհում են մամուլից եւ հաճույքով կարդում «գունավոր» ամսագրեր՝ աստղերի ու հորոսկոպի մասին:
2006-ին ներկայացված Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցում նշված վիճակագրության համաձայն՝ երիտասարդներն ամենաքիչը տպագիր մամուլից են ինֆորմացիա ստանում: Պարզվում է՝ նրանց 89%-ը տեղեկատվություն ստանալու միջոց է համարում հեռուստատեսությունը, 49%-ը՝ ռադիոն, 35.5%-ը՝ գրքերը եւ միայն 25.5%-ը՝ տպագիր մամուլը: Սրա պատճառը «Առավոտը» փորձեց պարզել՝ երիտասարդների շրջանում փոքրիկ հարցում կատարելով: «Մեր երկրում երիտասարդական մամուլ չեմ տեսնում: Մեկ- երկու հերթապահ պարբերականների գոյությամբ մամուլ չի ձեւավորվում: Դրանք հիմնականում պատվերով են ստեղծվում եւ չեն անդրադառնում մեզ հուզող լուրջ խնդիրներին»,- դժգոհեց ԵՊՀ ուսանող Նաիրի Հոխիկյանը: Մայր բուհի ուսանողուհի Կարինե Հունանյանն էլ երիտասարդական հիմնախնդիրներով զբաղվողներին խորհուրդ է տալիս նախ ուսումնասիրել, թե նրանք ինչ հետաքրքրություններ ունեն, երիտասարդական թերթ հրատարակել: «Երիտասարդական մամուլը մեր երկրում սիրողական մակարդակի վրա է, բայց ես ավելի մեծ ակնկալիքներ ունեմ դրանից: Որոշ հետաքրքիր պարբերականներ կան, բայց մրցակցություն չեմ տեսնում»,- առանց անուններ տալու ասաց ԵՊՀ ուսանող Պապին Մուրադյանը:
Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանող Վաչե Հայրապետյանն էլ կասկածում է. «Արդյո՞ք երիտասարդական մամուլ գոյություն ունի Հայաստանում»: Մեր երկրում երիտասարդական մամուլը ձեւավորում են «Նոր հայացք» թերթը, «Մենք, դուք, նրանք» երկշաբաթաթերթը, «Ճիչը», «Անկախության սերունդ» հեռուստատեսային հաղորդաշարը, «Մաքս լիբերթի» եւ «Լյունսե» ռադիոհաղորդումները, ուսանողական միությունների, կուսակցությունների երիտասարդական թեւերի թերթերն ու զանազան գունավոր ամսագրերը: Նշված լրատվամիջոցների պատասխանատուները մասամբ են համամիտ երիտասարդների հնչեցրած դժգոհություններին: Նրանք հավատացնում են, թե հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անում են վերջիններիս հետաքրքրությունները բավարարելու համար: Օրինակ՝ «Նոր հայացքը» հատուկ ուշադրություն է դարձնում մարզային երիտասարդության հիմնախնդիրներին: «Շատերը երբ իմանում են, որ երիտասարդական թերթ ենք հրատարակում, թերահավատորեն ասում են, թե ի՞նչ պիտի լինի՝ հորոսկոպով-բանով… Սրա պատճառը գուցե մեզ՝ երիտասարդներիս, քիչ վստահե՞լն է»,- «Նոր հայացք» թերթի խմբագիր Նարինե Գալստյանը դժգոհում է, որ դաշտում լուրջ մրցակցություն չկա, ինչը երբեմն իր բացասական ազդեցությունն է թողնում: Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի» հրատարակած մեկամյա «Մենք, դուք, նրանք» թերթն էլ իր կարողացածի չափով է անդրադառնում երիտասարդությանը: «Հավասարապես անդրադառնում ենք ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանամետ, ե՛ւ անկուսակցական երիտասարդների խնդիրներին: Մյուս կողմից էլ՝ ինչքան հանրապետական մամուլը, այնքան էլ երիտասարդականն է կայացած»,- նկատեց «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի» մամուլի պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը: «Անկախության սերունդ» հաղորդաշարը եթեր է հեռարձակվում ե՛ւ ՀՀ-ում՝ «Երկիր Մեդիա» հեռուստատեսությամբ, ե՛ւ Արցախում, ե՛ւ Ջավախքում: Խմբագիր Թամար Մինասյանի հավաստմամբ՝ իրենց շփումը մեծ է երիտասարդների տարբեր խմբերի հետ, ուստի լավատեղյակ են նրանց խնդիրներին: «Լավ կլիներ, որ մյուս լրատվամիջոցներն էլ ուշադրություն դարձնեին երիտասարդական հիմնախնդիրներին: Մեծ է տարբերությունը, երբ մի բան անում ես մենակ, այլ՝ երբ գործն արվում է տասնհինգ հոգով»,- նկատեց նա:
Նկատենք, որ որքան էլ երիտասարդները դժգոհեն, թե իրենց խնդիրները քիչ են արծարծվում մամուլում, միեւնույն է՝ նրանց մեծամասնությունն ավելի հաճույքով «գունավոր» ամսագրերում կարդում է, թե աստղերից «ով ում հետ է» կամ ինչ մեքենա ունի, քան, ասենք, որեւէ մարզի աշխատատեղերի բացակայության մասին նյութեր: