Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է

Մայիս 15,2007 00:00

\"\"Արտերկրյա ցանկացած հեռուստանախագիծ հայավարի է «տեղայնացվում»

«Շանթ» հեռուստաընկերությունն այս տարի երկրորդ անգամ իրականացրեց «Հայ սուպերսթար» նախագիծը, որի իրավունքը ստացել էր համաշխարհային հեռուստաշուկայում հայտնի բրիտանական IDOLS ընկերությունից: Ընդհանրապես մեզանում մոդայիկ է արտերկրյա ճանաչված հաղորդումների հայավարի ներմուծումը տեղական հեռուստաշուկա:

Չցանկանալով ստվեր գցել «Հայ սուպերսթարն» իրականացնողների վրա, այնուամենայնիվ, չենք կարող չնկատել, որ այն իր որակով եւ հեռանկարներով շատ է զիջում ռուսաստանյան «Նարոդնի արտիստին», «Ֆաբրիկա զվյոզդին»: Եթե ռուսաստանյան առաջին նախագծի հաղթող Ալեքսեյ Գոմինը մուտք է գործել ռուսաստանյան շոու-բիզնես, իսկ երկրորդի առաջատար մասնակից Դմիտրի Կոլդունը օրերս հաջողությամբ Բելառուսը ներկայացրել է «Եվրատեսիլ 2007»-ում, ապա մեր առաջին եւ երկրորդ հայ սուպերսթարներ Սուսաննա Պետրոսյանն ու Լուսինե Աղաբեկյանը մինչ օրս բավարարվում են «Շանթ» հեռուստաընկերության կազմակերպած համերգներով ու թողարկած CD-ներով: Ցանկացած արտերկրյա նախագիծ որեւէ երկրի «սեփականությունը» դառնալու դեպքում, ուզած թե չուզած, հարմարեցվում է տվյալ երկրի «չափանիշներին»:

Օրինակ, անցյալ տարի Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցներին իբրեւ «ընտրակաշառք» անվճար լիցքավորման քարտեր բաժանվեցին՝ «Հայ սուպերսթարի» մասնակից Միհրան Ծառուկյանի օգտին քվեարկելու համար, իսկ վերջնագիծ հասած մեկ այլ մասնակից՝ Աննա Ավետյանը, իբր բավարար SMS-ներ չստանալու պատճառով լքեց մրցույթը, ապա մեծաթիվ երկրպագուների բողոքի ակցիայից հետո վերադարձավ նախագիծ: Կամ անորակ կապի պատճառով հայաստանցիներից շատերը չկարողացան քվեարկել իրենց նախընտրած կատարողի օգտին, ուստի քվեարկության ժամանակը երկարացվեց: Նման բաներ հազիվ թե կատարվեին Մեծ Բրիտանիայում կամ մյուս երկրներում: Բրիտանական նախագծում արգելվում է երաժշտական կրթություն ունեցողների, էլ չասենք՝ վոկալ դպրոց անցածների մասնակցությունը: Մինչդեռ առաջին սուպերսթար Սուսաննա Պետրոսյանը ավարտել է Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցը, որը կադրեր է պատրաստում կոնսերվատորիայի համար, իսկ երկրորդ «Սուպերսթարի» եզրափակիչ հասած Նարե Գեւորգյանը եւ Հեղինե Շահումյանը սովորել են «Դո-ռե-մի» վոկալ ստուդիայում, ավելին՝ Նարեն այժմ ուսումը շարունակում է Երգի պետական թատրոնում:

Իհարկե, չենք ժխտում, որ հայկական «Սուպերսթարի» շնորհիվ բացահայտվեցին երգչական ձիրք ունեցող երիտասարդներ, որոնցից ոմանք արդեն սիրելի են դարձել: ԱԺ քարոզարշավի ամենաթունդ շրջանում՝ մայիսի 1-ին եւ 2-ին, «Ա. Խաչատրյան» համերգասրահում սուպերսթարների ընտրանու համերգներին հանդիսասրահում տեղադրված լրացուցիչ աթոռներն էլ չհերիքեցին հանդիսատեսին:

«Հայ սուպերսթար-1»-ի ամենավառ ու շնորհալի մասնակից Աննա Ավետյանի հետ հարցազրույցը, կարծում ենք, հետաքրքրել է մեր ընթերցողներին: 2-րդ «Հայ սուպերսթար» Լուսինե Աղաբեկյանի հետ՝ նախագծի պատասխանատու, «Շանթ» TV-ի ղեկավար Ա. Եզեկյանը արգելեց հանդիպել հետեւյալ պատճառաբանությամբ. «Ինչ իմանամ՝ ի՞նչ հարցեր կտաք 16-ամյա աղջնակին»(՞):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել