Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարյանը պահանջել է վերահաշվարկել

Մայիս 15,2007 00:00

Երեկ թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում բավականին լարված մթնոլորտ էր

Այստեղ վաղ առավոտից մեծամասնականով եւ ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 7-րդ տեղում առաջադրված թեկնածու Հովհաննես Մարգարյանի բողոքի հիման վրա նիստ էր գումարվել՝ տեղամասերում վերահաշվարկ կատարելու նպատակով: «Ո՞նց կարող է մի ամբողջ ընտրատարածքում անճշտությունների թիվը 0 լինել, վերահաշվարկը սկսեք Գյումրիից, եթե մի երկու լավ տեղամասի քվեաթերթիկները բացեք՝ պատկերը պարզ կդառնա»,- նիստի ժամանակ առաջարկում էր պատգամավորության թեկնածուն: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում Հովհաննես Մարգարյանի մրցակիցները «Տավրոս» կոշիկի գործարանի տնօրեն Հայկազ Մովսիսյանն էր եւ հանրապետական Աշոտ Աղաբաբյանը, որն էլ տարել էր ձայների առյուծի բաժինը: Իսկ թե ինչպիսի ընտրություններ էին կատարվել՝ այս մասին իրենց դժգոհությունները հայտնեցին թե՛ Հովհաննես Մարգարյանը եւ թե՛ Հայկազ Մովսիսյանը: Ըստ Հ. Մարգարյանի՝ «այսքան փողերի պարկ Գյումրին չէր տեսել»:

«Բոլորդ էլ ականատես եք, թե ինչ ծավալի հասան ընտրակաշառքները, ինչ զանգվածային բնույթ կրեց նույնիսկ ընտրության օրը: Դրա հետ կապված կան փաստեր, որոնք ես առաջիկայում կհանձնեմ իրավապահ մարմիններին։ Հիմնականում եղել են ահազանգեր, սակայն ոչ մի արձագանք չի եղել պատկան մարմինների կողմից, որպեսզի կասեցնեին այդ արատավոր գործընթացը: Դուք տեսնու՞մ եք հենց այս պահին ինչ է կատարվում. նախակրթարանի թիվ 63/74 ընտրատեղամասի քվեաթերթիկները բացեցին այստեղ, ինչպես օրենքն է պահանջում, անվավեր ճանաչված ծրարները ոչ թե մկրատով կտրել էին, այլ պատառոտել-լցրել: Ես համամասնականով անցած եմ, բայց սա ես անում եմ հանուն արդարության»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հովհաննես Մարգարյանը:

Մյուս թեկնածուն էլ՝ Հայկազ Մովսիսյանը, թեեւ ուրախացել էր, որ Հովհաննես Մարգարյանը վերահաշվարկել է տալիս քվեաթերթիկները, սակայն մեզ փոխանցեց, որ ինքն անձամբ ոչ մի ընտրախախտում չի արձանագրել, որովհետեւ «իմաստ չկա»: Նա, ի դեպ, ընտրությունների կեսից հանել է իր վստահված անձանց: «Ժողովուրդը, ով գնացել է ընտրության, ինչ ասես տեսել է: Ո՞վ չի տեսել դրսում կանգնած մեքենաներին՝ փող բաժանելիս, ո՞վ կհերքի դա: Իսկ փաստերը էս անգամ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, ոչ թե ներսում են կատարվել, այլ դրսում: Միջազգային դիտորդներն էլ են հետաքրքիր, երբ տեղյակ ես պահում, թե դրսում ինչ է կատարվում, չգիտես ինչու անտեսում են էդ փաստը՝ ասելով, որ ամեն ինչ նորմալ է: Ես սպասում էի այսպիսի ընտրությունների, ես պարզապես գույքագրում էի կատարում, թե ինչքան ազնիվ ու ինչքան անազնիվ մարդ է ապրում 33 ընտրատարածքում»,- հայտարարեց քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված թեկնածուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել