Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԵՐ ՉԿԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ

Մայիս 15,2007 00:00

\"\"Ասում է «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը, որը նախորդ՝ 2003-ի ընտրությունների արդյունքների վիճարկման մի շարք գործեր է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Տիգրան Տեր-Եսայանը պատմեց, որ մայիսի 12-ի ընտրություններից հետո ե՛ւ առանձին կուսակցություններ, ե՛ւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված շատ թեկնածուներ են իրեն դիմել՝ պարզելու Սահմանադրական դատարանի ու հետո նաեւ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ընտրությունների արդյունքները վիճարկելու հնարավորությունը: Ըստ նրա, դա հնարավոր կլիներ, «եթե ընտրությունների ժամանակահատվածում աշխատանքներ տարվեին այն ուղղությամբ, ինչի մասին այժմ խոսվում է»: Ավելի որոշակի՝ փաստեր են պետք դատարանում ապացուցելու ընտրական տեղամասերում եւ դրանց առջեւ ապօրինի կուտակումները, ընտրողներին մեքենաներով տեղամասեր բերելը: Մեր հիշեցմանը, թե մեքենաներով տեղամաս բերելը խախտում չէ, եւ ԿԸՀ անդամներից մեկն անգամ նկատեց, թե օրենքով սահմանված չէ՝ ընտրողները ոտքո՞վ են գալու տեղամաս, թե՞ հեծանիվով՝ Տիգրան Տեր-Եսայանը արձագանքեց. «Այստեղ նրբերանգներ կան՝ այդ մեքենաների տերերին ո՞վ է փող տվել ու դրդել, որ բնակիչներին բերեն տեղամասեր: Ի վերջո, դա թեկնածուների կողմից անվճար ծառայություն է, որն արգելված է օրենսգրքով»: Սակայն նկատեց, թե փողի դիմաց ընտրատեղամասեր խմբով եկողների մասին այժմ վկայող ուժերը նախ պիտի փորձեին կանխել այդ գործողությունները, «որ հետո փաստեր լինեին»:

Մեկ այլ փաստ, որի մասին խոսում էին ընդդիմադիրները, «որ շատ հասցեներում այլ մարդիկ են գրանցված եղել, որոնց գոյության մասին տեղյակ չեն էլ եղել տանտերերը: Այդ փաստերը նույնպես պետք էր ժամանակին արձանագրել, որ հնարավոր լիներ ներկայացնել դատարանում: Եվ դա կարող էր արվել անգամ մինչեւ ընտրությունները: Պետք էր հաշվառել, թե ո՞ր բնակարաններում են սեփականատիրոջ կամքին հակառակ՝ արհեստական գրանցում ստացել նման մարդիկ: Իսկ հետո պետք էր ճշտել, թե արդյոք նրանք «գնացե՞լ» են ընտրության: Այդ դեպքում միայն կարելի էր արծարծել ընտրություններն անվավեր ճանաչելու հարցը»: Ըստ Տիգրան Տեր-Եսայանի՝ ասվածը վերաբերում է նաեւ նոր անձնագրերով քվեարկած շրջիկ խմբերի մասին պնդմանը:

«Հիմա, եթե այս երեւույթները բոլորը տեսել են կամ ընտրարշավի ընթացքում այս ամենի մասին եղել են խոսակցություններ, բայց ոչ մի գործողություն չի արվել, նյութեր չեն հավաքվել՝ մայիսի 12-ից հետո միայն ցանկությունը բավարար չէ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար: Փաստեր չկա՛ն, թեեւ երեւույթները կան, եւ բոլորս գիտենք այդ մասին,- ասաց «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավարը:- Միջազգային դիտորդներն էլ են ասում, թե լսել են ընտրակաշառքի մասին, բայց ապացույցներ չկան: Բայց մի՞թե անհնար էր արձանագրել այդ փաստերը, որ ասենք՝ տվյալ գյուղապետն իր առանձնասենյակում կամ որեւէ կուսակցության գրասենյակում փող են բաժանում, եւ այդտեղից դուրս եկածները նստում են ինչ-որ փոխադրամիջոց եւ խմբերով գալիս քվեարկության»:

Փաստեր կարող էին լինել նաեւ այնժամ, եթե ընտրական հանձնաժողովներում ընդդիմությունը ներկայացնող անձինք արձանագրությունները ստորագրեին հատուկ կարծիքներով, վերապահումներով կամ չստորագրեին ընդհանրապես: Մեր հարցին, թե իրեն դիմող կուսակցություններն ունե՞ն նման արձանագրություններ՝ պրն Տեր-Եսայանը պատասխանեց. «Տեղամասերում «նկարչության» վերաբերյալ կասկած ունենալու դեպքում պետք էր հսկողություն սահմանել վստահված անձանց կամ հանձնաժողովի անդամների միջոցով, եւ իրոք այդ ամենի մասին կազմել արձանագրություն: Եթե դրանք լինեին՝ էլի ինչ-որ չափով հնարավոր կլիներ պայքարել, վիճարկել: Բայց անցած օրերին ես ոչ մեկի ձեռքում չտեսա նման փաստաթղթեր»:

Ըստ նրա՝ թվարկված 4-5 ուղղություններով հիմնավորումների առկայության դեպքում հնարավոր կլիներ դատարանում պահանջել անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները. «Բայց այդ բոլոր փաստերի արձանագրման հնարավորությունը բաց է թողնված: Եվ միայն մայիսի 13-14-ին մտածելը, թե երեւույթի մասին տեսական դատողություններով կարելի է դատարանում վիճարկել… փաստարկներո՛վ է պետք խոսել: Իսկ դրանք ապահովելու հնարավորությունն ունեցել են բոլորը, ու մինչեւ քվեարկությունը եւ ընտրության օրը շատ ավելի հեշտ էր այս ամենն արձանագրելը: Բայց հիմա ստացվում է, որ չկա իրականում տեղի ունեցածի փաստացի հիմնավորում»:

Մեր հարցին՝ ո՞րն է պատճառը, որ չստեղծվեցին նման հիմքեր՝ ընդդիմադիրների իրավական անբավարար պատրաստվածությո՞ւնը, թե՞ այն, որ նրանք գործում էին տարանջատված, միմյանց հետ չհամաձայնեցնելով գործողությունները՝ Տիգրան Տեր-Եսայանը պատասխանեց. «Կարծում եմ, որ միգուցե նման հարված չէին սպասում: Բայց առաջին հերթին՝ պատճառն այն է, որ տարանջատված էին: Եվ երկրորդը՝ երեւի չէին պատկերացնում, որ նման դասական ձեւով կարվի ամեն ինչ, եւ չեն թողնի հետքեր, որոնք հնարավորություն կտան դատարանում վիճարկելու կատարվածը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել