Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԱՆՀԱՎԱՍԱՐ ԷԻՆ, ԿԵՂԾԻՔՆԵՐԸ՝ ՇԱՏ

Մայիս 15,2007 00:00

Երեկ «Ժառանգության» գրասենյակից տեղեկացրին, որ իրենք ՀՀ բազմաթիվ քաղաքացիներից շնորհավորանքներ են ստանում՝ ԱԺ մաս կազմելու կապակցությամբ: «Մարդկանց բարի զգացումների ու մաղթանքների համար մեր խորին երախտագիտությունը հայտնելով հանդերձ՝ միանշանակ փաստենք, որ ԱԺ ընտրությունների ընթացքով եւ արդյունքներով կուսակցությունը բավարարված չէ:

Ու թեպետ մայիսի 12-ի քվեարկությունը նախորդների համեմատ մեկ քայլ առաջ էր, սակայն այսօրինակ ընտրությունների չէ, որ արժանի է հայ ժողովուրդը: Երբ մեզանում, ի վերջո, իշխանության գան ժողովրդավարական ուժերը, այսպիսի ամոթալի ընտրություններն այլեւս պատմություն կդառնան: Թե՛ նախընտրական շրջանը եւ թե՛ ընտրությունների օրը հագեցած էին անհավասար պայմանների ու բազում այլ խախտումների մասին վկայող օրինակներով: Այս կամ այն կուսակցության օգտին շատ ընտրատեղամասերում (հատկապես՝ գյուղական վայրերում) արձանագրված 90-99%-անոց արդյունքները լուրջ մտորումների տեղիք են տալիս: Մեկ անգամ չէ, որ «Ժառանգության» ներկայացուցիչներն արձանագրել են շատ բնակավայրերում տիրող վախի մթնոլորտը, եւ ահա այդ ամենի տխուր հետեւանքները: Պետք է նկատել նաեւ, որ ընդդիմությանը, ցավոք, չհաջողվեց հասնել գործընթացի մեջ իր կողմնակից քաղաքացիների ավելի լայն ընդգրկմանը: Իշխանություններն իրենց հերթին չկարողացան նախընտրական շրջանը զերծ պահել անհավասար պայմանների թելադրանքից: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) անցկացրած մոնիթորինգը վկայում է, որ հեռուստաընկերությունների կողմից իշխանամետ եւ ընդդիմադիր ուժերին հատկացված եթերաժամանակները տարբերվում էին մեկ ամբողջ կարգով: Խտրականությունը հատկապես նկատելի է «Ժառանգության» պարագայում: Խոսուն է այն փաստը, որ մայիսի 4-ից սկսած՝ հավանաբար տեսնելով կուսակցության հարաճուն վարկանիշը, շատ հեռուստաընկերություններ կտրուկ նվազեցրին «Ժառանգությանը» մինչ այդ տրվող առանց այն էլ սակավ հեռուստարոպեները: Իսկ «Հ1»-ն ընդհանրապես դադարեցրեց նրա քարոզարշավի լուսաբանումը: Եվ այս ամենը մեկուկես տարի տեւած տեղեկատվական շրջափակումից հետո»,- ասվում է «Ժառանգության» ուղարկած հաղորդագրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել