Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջընթաց՝ ընտրակաշառքների հարցում

Մայիս 15,2007 00:00

Երեկ արձանագրեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը

Երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Ըստ ՀԺԿ նախագահի, ընտրությունների՝ պաշտոնապես ներկայացված թվերը իրական պատկերը չեն: «Գնահատականը հստակ է՝ ընտրությունները ազատ, արդար համարվել չեն կարող: Այս խորհրդարանը չի ձեւավորվել ժողովրդի ազատ կամքի արտահայտման միջոցով»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը: Նաեւ շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր իրենց վստահության քվեն տվել են ՀԺԿ-ին եւ նկատեց. «Իրականում այդ քվեն շատ ավելին է եղել, քան իշխանության նկարածը»: Սակայն ինքնաքննադատաբար էլ նշեց, որ իրենք եւս բացթողումներ ունեին եւ կարվեն համապատասխան հետեւություններ:

Ստեփան Դեմիրճյանը հիշեցրեց, որ վերջին չորս տարիների ընթացքում ՀԺԿ-ն եղել է «տոտալ վարկաբեկման թիրախ». «Երեւի որեւէ կուսակցության նկատմամբ այսքան, ինչպես ասում են, սեւ PR չի իրականացվել եւ անձամբ՝ իմ նկատմամբ: Եվ անձամբ շատ շատերի կոկորդում է ՀԺԿ-ն»,- ասաց կուսակցության նախագահը: Թեպետ հայտարարեց, որ պայքարելու են հանուն ընտրության իրական պատկերի արտացոլման, սակայն չմանրամասնեց, թե ինչպես են պայքարելու, միայն ասաց, որ կքննարկեն կոնկրետ գործողությունները: Հանրահավաքները, ըստ ՀԺԿ նախագահի, ինքնանպատակ չեն եւ կախված են հասարակական տրամադրություններից:

Իսկ այն, որ բոլոր տեսակի դիտորդները միաձայն հայտարարեցին, թե ընտրությունները Հայաստանում անցել են «ազատ, արդար եւ թափանցիկ», ՀԺԿ նախագահի համար նորություն չէր. նա հիշեցրեց, որ առաջին անգամը չէ, երբ ընտրություններին հետեւող դիտորդներն ավելի շատ աշխարհաքաղաքական շահն են հետապնդում, քան ժողովրդավարության չափանիշների պահպանման. «Բայց նաեւ ուզում եմ ասել, որ ես հասկանում եմ դիտորդներին: Արտաքուստ թվում է, թե ամեն ինչ նորմալ է: Բազմիցս եմ ասել, որ այդ ճնշումները առերեւույթ չեն երեւում: Բայց շատ դեպքերում էլ ամեն ինչ շատ բացահայտ է արվում»: Ինչ վերաբերում է դիտորդների «քայլ առաջ, առաջընթաց» ձեւակերպումներին, ապա Ստեփան Դեմիրճյանն ասում է, որ, իսկապես, եղել է քայլ առաջ, առաջընթաց, պարզապես ընտրակաշառքների բաժանման ասպարեզում: Դրանք, ըստ ՀԺԿ նախագահի, այս անգամ տվել են բաժանված փողին համարժեք արդյունք, որովհետեւ բնակչությունն ահաբեկված էր: Նկատելի էր, որ շատ դեպքերում ընտրողներն իրենք էին կաշառք պահանջում: Այս իրողությունը Ստեփան Դեմիրճյանը համարում է իշխանության մեղքը, որի վարած քաղաքականության արդյունքում երկիրն ու ժողովուրդը հասցվել է սոցիալապես վատ վիճակի: ՀԺԿ դիտարկումները ցույց են տալիս, որ այս անգամ ամեն ինչ տեղի է ունեցել ընտրատեղամասից դուրս: Ընդ որում, ՀԺԿ նախագահը բարձր է գնահատել կեղծիքների կազմակերպվածության տեխնոլոգիան, ասելով, որ այդ առումով իշխանությունը ամեն ինչ կազմակերպել էր շատ լավ եւ գործում էր հստակ մշակված ցանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել