Իսկ ընդդիմությանը չհաջողվեց կանխել այդ գործընթացը
Մայիսի 12-ին կայացած ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ընդդիմադիր ուժերից շատերն էին հիասթափված ոչ միայն իշխանություններից՝ ընտրությունները հերթական անգամ կեղծելու համար, այլեւ հասարակությունից՝ ընտրակեղծիքներին ակտիվ մասնակցելու եւ կաշառվելու փաստից: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը եւս անդրադարձավ այս փաստերին:
– Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
– Ավտորիտար ռեժիմներ ունեցող երկրներում օրինական ընտրություններ անցկացնել ուղղակի հնարավոր չէ, ուստի այդ ընտրության արդյունքները չեն գնահատում. կա՛մ համակերպվում են դրանց հետ, կա՛մ չեն համակերպվում: Ես այն մարդկանցից եմ, ովքեր չեն համակերպվում: Բայց մայիսի 12-ի ընտրությունները մի կարեւոր հետեւության տեղիք էլ են տալիս: Անկախ իշխանության կողմից կատարված կեղծիքներից՝ ակնհայտորեն նկատելի է, որ մեր հասարակությունը համակերպվել կամ ընդունել է խաղի այն կանոնները, որոնք ապօրինի ռեժիմը թելադրում է: Այսինքն՝ մենք պետք է փաստենք, որ մեր հասարակությունն առնվազն լոյալ վերաբերմունք ունի այն կրիմինալ համակարգի նկատմամբ, որը երկրում ստեղծված է: Ցավոք, պետք է արձանագրել նաեւ, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը պարտություն է կրել ու իրական քաղաքականությունն իր տեղը զիջել է քսակին, բիրտ ուժին, նացիոնալիզմին եւ պոպուլիզմին:
– Այս գնահատականում ի՞նչ դերակատարություն ունի ընդդիմությունը:
– Ընդդիմությունն ունի մի գլոբալ թերություն, որն ակներեւ է: Անցած տարիների ընթացքում իշխանությունը փորձում էր դեգրադացնել հասարակությանը, որովհետեւ դա ամենակարճ ճանապարհն է իր վերարտադրման համար: Ընդդիմության խնդիրը պետք է լիներ հասարակության դեգրադացիան կանխելը: Պետք է խոստովանել՝ ընդդիմությունն այս խնդիրը չլուծեց, որովհետեւ չկարողացավ տարիների ընթացքում ձեւավորել գաղափարական, քաղաքական այն այլընտրանքը, որը հասարակությանը կմիավորեր ոչ միայն արդարության, այլեւ քաղաքացիական գիտակցության շուրջ: Ընդդիմությանը թվում էր, թե մեխանիկական միավորումները կբերեն նրան, որ իշխանությունը կընկրկի: Իրականում իշխանությանը կարող է հաղթել միայն քաղաքացին՝ իր գիտակցված կողմնորոշմամբ ու արժեքային համակարգով:
– Դա որքանո՞վ է պայմանավորված մարդկանց սոցիալական վատ վիճակով:
– Սոցիալ-տնտեսական շատ ծանր իրավիճակում հայ ժողովուրդը պատերազմ է հաղթել եւ արժանապատիվ կեցվածք է ունեցել: Մարդիկ մոմի լույսի տակ աղոթում էին իրենց որդիների, ամուսինների, եղբայրների եւ հաղթանակի համար: Մարդկանց այդ կեցվածքն էր նաեւ, որ ապահովեց մեր հաղթանակը պատերազմում:
– Այդ դեպքում ի՞նչը փոխվեց:
– Կարծում եմ, 1998թ.-ից այս կողմ, նախ՝ մեզ ղեկավարեցին մարդիկ, ովքեր ուրույն մենթալիտետ ունեն, եւ նրանց հաջողվեց այդ մենթալիտետը պարտադրել նաեւ հասարակությանը: Երկրորդ, անցած տարիներին չձեւավորվեց այդ մենթալիտետին հակադրվող հստակ քաղաքական ուժ. չստեղծվեց համապատասխան ինստիտուցիոնալ բազա, իսկ քաղաքական գաղափարներն առանց դրա շատ վիրտուալ եւ ամորֆ են: Ընդդիմությունը պետք է փորձեր այս ընտրություններից առաջ հասարակության այն հատվածին, որն ազատական արժեքներ է դավանում, ցույց տալ այն ծանրության կենտրոնը, որի նշանաբանը կլիներ՝ «հաղթանակ», որպեսզի քաղաքացին իմանար, որ ինքն ավտորիտար ռեժիմին մերժում է՝ ունենալով քաղաքական կոնկրետ մոդել: Ցավոք, այդ բանը մինչեւ մայիսի 2-ը տեղի չունեցավ, իսկ մայիսի 2-ից հետո քաղաքական երեք ուժերի միավորումը մեխանիկական էր՝ առանց հասարակական համաձայնության հստակ բանաձեւման: Նրանք միասին անցկացնում են հանրահավաքներ, միասին եւ օբյեկտիվորեն բողոքում են իշխանություններից, բայց զարգացման հեռանկար ժողովրդին չեն առաջարկում:
– Մինչեւ մայիսի 12-ը ընդդիմադիր բոլոր ուժերն ասում էին, թե հասարակության 90 տոկոսն ընդդիմադիր է եւ մերժում է օրվա իշխանություններին: Ի՞նչ եղավ այդ 90 տոկոսի հետ մայիսի 12-ին:
– Հասարակության 90 տոկոսն իսկապես ընդդիմադիր կեցվածք ունի, իսկ մայիսի 12-ին այդ կեցվածքը մասամբ կեղծիքների, մասամբ օբյեկտիվ պատճառներով չարտահայտվեց: Փոփոխության հեռանկարը, հավատի ռեսուրսը ընտրողի մոտ, հավանաբար, բացակայում են: Երկրորդ, երեւի մեր հասարակությունը փոփոխություն ուզում է, բայց դա շատ առարկայական է պատկերացնում: Եթե առարկայական մոդել չես առաջարկում` փորձը ցույց է տալիս, որ ընտրողի համար առարկայական է դառնում իրեն առաջարկված ընտրակաշառքը:
– Առջեւում նոր ընտրություններ են: Ընդդիմությունն ի՞նչ կարող է առաջարկել նույն այդ հասարակությանը:
– Գործող ընդդիմությունը կամ պետք է շատ իրատեսական գնահատի այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 12-ին եւ ըստ այդմ կառուցի նոր քաղաքականություն, կամ՝ իսկապես հայտնվելու է լուսանցքում: Քանի դեռ մենք չենք հասկացել, որ պետք է ստեղծել ռեալ այլընտրանք պարունակող ծանրության կենտրոն՝ հասարակությունը միշտ կատարելու է ոչ արժեքային ընտրություն, նա գնահատելու է ուժը, փողը: Այդ առումով իշխանության հետ մենք մրցակցել չենք կարող: Մեր միակ ճանապարհը քաղաքացուն քաղաքականության գլխավոր սուբյեկտ դարձնելն է՝ աջ-ազատական ուժերի միավորումը: Նրանք պետք է ձերբազատվեն կուսակցական անձնասիրությունից եւ կարողանան ինքնալուծարվել՝ դառնալով որակապես նոր պլատֆորմի վրա ձեւավորվող ազատական մեկ միասնական կուսակցություն: Հավատացեք, այդ դեպքում 2008թ.-ին որեւէ ուրույն մենթալիտետ եւ որեւէ կեղծարարություն իշխանությանը չեն կարող օգնել:
– Երեկ Ազատության հրապարակում ընդդիմությունը հավաքվածներին կոչ արեց հավաքվել հաջորդ ուրբաթ, թեեւ մինչեւ ընտրությունները պերմանենտ հանրահավաքներ էր խոստանում՝ հայտարարելով, որ հրապարակից տուն չեն գնալու մինչեւ իրենց վերջին կանգառը, որն իմպիչմենտն է: Ինչո՞ւ:
– Մայիսի 13-ի հանրահավաքը իներցիոն բնույթ էր կրում, որտեղ մենք արձանագրում էինք այն, ինչ հասարակությունը վաղուց արդեն գիտի: Հանրահավաք անցկացնելն ինքնանպատակ չէ: Մենք պետք է հասարակությանը մատուցենք ռեալ այլընտրանք եւ քաղաքական այն նախագիծը, որով հնարավոր է այս վիճակը հաղթահարել: Եթե անհրաժեշտ է, որ հանրահավաքները 15 օրով ընդհատվեն` մինչեւ որակապես նոր լուծումներ առաջարկվեն, ապա պետք է ընդհատվեն: Այլապես մենք կարող ենք յուրօրինակ դիսիդենտական շարժման տեսք տալ մեր ցանկություններին: Տեղի են ունեցել ընտրություններ, որոնք ընտրություն են զուտ պայմանական բնորոշմամբ: Ավարտվել է գործընթացը եւ պետք է այն վերլուծել: Հասարակությանը պետք է ներկայանալ ոչ թե ինքնահաստատման նպատակով, այլ կոնկրետ լուծումներով: Ես ուզում եմ, որ հասարակությունը ռեալ պատկերացնի, որ ստեղծված իրավիճակում այլեւս մեկ քայլով ղարաբաղյան կլանին իշխանությունից հեռացման հասնել մենք չենք կարող: Դա տեւական պրոցեսի հետեւանք կարող է լինել, իսկ դրան պատրաստվում են նպատակային ծրագրով: Ուզում եմ հիշեցնել հայ իրականության ամենափորձառու գործիչներից մեկի՝ Վազգեն Մանուկյանի մի արտահայտությունը, որ ֆիդայական ջոկատներով կազմակերպված բանակին չեն հաղթում: