Չի հերքում ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը
– Մայիսի 12-ի ընտրությամբ ՀՀԿ-ն ապահովեց այնքան ձայներ, որ կարծես չունեք որեւէ ուժի հետ դաշնակցելու անհրաժեշտություն: Այնուամենայնիվ, ի՞նչ են մտադիր անել հանրապետականները:
– Իհարկե, ՀՀԿ վաստակած ու նվաճած մանդատների թիվը թույլ է տալիս ավելի հստակ գործունեություն ծավալել ԱԺ-ում, հավակնել սեփական ուժերով կազմել կառավարությունը: Սակայն ըստ իս՝ համագործակցության այն մշակույթը, որը ձեւավորվեց 2003-ին, այսինքն՝ կոալիցիոն կառավարության ստեղծման հնարավորությունը չի բացառվում: Որպես հանրապետական՝ կարող եմ շեշտել, որ 2003-ի կոալիցիան շատ լավ քաղաքական փորձ էր. եղան շատ մեծ ձեռքբերումներ, սակայն եղան նաեւ սխալներ, որոնք հիմնականում անդրադարձան ՀՀԿ-ի վրա: Եվ կցանկանամ, որ նոր կոալիցիայի շրջանակներում ՀՀԿ-ն չկրկնի այն սխալները, որոնք եղան 2003-ին: Այն է՝ հարկ է կազմել համամասնական կառավարություն, որ գործադիր մարմնում այս կամ այն քաղաքական ուժի ներկայությունը լինի իր հավաքած քվեների, ԱԺ-ում իր ունեցած ազդեցությանը համապատասխան: Անցյալ անգամ կոալիցիան ասիմետրիկ էր: Այս կոալիցիան, կարծում եմ, պետք է լինի սիմետրիկ, եւ գործադիրում տեղերը պիտի համամասնորեն բաշխված լինեն՝ ըստ ԱԺ-ի մանդատների:
– Խոսենք ՀՀԿ-ի հավանական դաշնակիցների մասին: Քարոզարշավի վերջում ՀՅԴ-ին հանրապետականները կշտամբում էին, թե նրանք փախան պատասխանատվությունից՝ միայն դրականն իրենց վերագրելով, բացասականը թողնելով ՀՀԿ-ին: Այս փորձը հաշվի առնելով՝ այնուամենայնիվ, պատրաստ եք էլի՞ նրանց հետ կիսել պատասխանատվությունը:
– Սա քաղաքական որոշման խնդիր է: Ի դեպ, այստեղ էլ է պահպանվում նույն օրինաչափությունը՝ ենթադրվելիք կոալիցիոն կառավարությունը պետք է ձեւավորվի գործող նախագահի գործուն մասնակցությամբ:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի կամ որեւէ այլ քաղաքական ուժի հայտարարություններին ու հանրապետականների պատասխաններին. հարցադրման մեջ պատճառահետեւանքային կապերի տեղերը փոխեցիք՝ ՀՀԿ-ի նման արձագանքն ընդամենը դաշնակցականների որոշ քարոզչական հնարքների պատասխանն էր: Կարծում եմ, որ քարոզարշավը հիմնականում անցել է բարեկիրթ, ու հետեւաբար՝ մենք իրար աչքերի նայելու հնարավորությունը չենք կորցրել նաեւ ընտրություններից հետո:
– «Բարգավաճ Հայաստանի» մասին ՀՀԿ գործիչները պնդում էին, թե այն քաղաքական ուժ չէ, այլ առավել բարեգործական կազմակերպություն: Իսկ հիմա համագործակցելո՞ւ եք նման ապաքաղաքական միավորի հետ:
– Հասկանում եմ այս հարցերի ենթատեքստը: Այլ կարծիք ունեցող շատ մարդիկ են դժվար համակերպվում այն իրականության հետ, որը ստեղծվել է 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Սակայն ցանկացած նորաստեղծ կուսակցության համար ընտրությունները փորձություն են, որոնց միջոցով թրծվում են ու կոփվում: «Բարգավաճ Հայաստանը» կունենա մեծությամբ երկրորդ խմբակցությունը նոր ԱԺ-ում: Եվ ընտրություններից դուրս է եկել քաղաքական մկրտություն անցած ու առավել կազմակերպված:
– Պնդում եք, թե ընտրություններից հետո չեք կորցրել իրար աչքերի նայելու հնարավորությունը: Մինչդեռ քվեարկության օրը բազմաթիվ էին ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ բախումների մասին լուրերը: Եվ տպավորությունն այն էր, թե մրցությունն առավել նրա շուրջ էր, թե ով ավելի շատ մարդ երթուղայիններով կբերի տեղամաս կամ կբաժանի առավել շատ կաշառք:
– Չեմ ուզում մեկնաբանել կաշառքների հետ կապված խնդիրը, քանի որ կարծում եմ, թե կոռեկտ չի հարցը, եւ կոռեկտ չի լինի նաեւ պատասխանս:
Իսկ երթուղայիններով կամ այլ փոխադրամիջոցներով սեփական ընտրազանգվածը տեղամասեր տանելն օրենքով արգելված չէ: Կարծում եմ, դա էլ է կազմակերպչական ներուժի խնդիր՝ կուսակցությունը պիտի կարողանա իր ընտրազանգվածն ապահովել ընտրությունների ժամանակ՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով: Եվ կարծում եմ, եթե մեր որոշ գործիչներ բողոքում են այդ տեխնոլոգիայից՝ կարող էին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, երբ քննարկվում էր «Ընտրական օրենսգիրքը»: Բայց այն ժամանակ չի եղել որեւէ նման առաջարկ ո՛չ «Արդարության», ո՛չ «Ազգային միաբանության», ո՛չ էլ ՕԵԿ-ի կողմից: Իսկ հիմա ճիշտ չէ «հետին խելքով» ինչ-որ խնդիրներ արծարծելը:
– Պնդո՞ւմ եք «օրենքով չարգելված միջոցներ» արտահայտությունը: Կպնդեք, թե ՀՀԿ-ի կողմից չե՞ն եղել խախտումներ՝ այն դեպքում, երբ այս օրերին թերթերն ուղղակի լցված են բազմազան խախտումների մասին նյութերով:
– Որեւէ մեկը չի պնդում, թե չեն եղել խախտումներ, ընտրական գործընթացի խեղաթյուրումներ: Սակայն այստեղ հարկ է մեջբերել մեր ընդդիմության կողմից մինչ այս ընտրությունները շա՜տ սիրված միջազգային ատյաններին՝ եվրոպական դիտորդներին: Եվ ինձ համար, որպես քաղաքացի, մեծագույն ուրախություն է 2 փաստ՝ նախ, որ ժողովրդի մեջ ԱԺ լեգիտիմության առնչությամբ չկա որեւէ խնդիր, այսինքն՝ հայ ժողովուրդը տարել է մեծագույն հաղթանակ: Եվ երկրորդը՝ որ այդ հաղթանակն արձանագրվել է նաեւ միջազգային դիտորդական առաքելությունների կողմից: