Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր խախտումներ

Մայիս 14,2007 00:00

Երեկ ահազանգ ստացանք «Ժառանգություն» կուսակցության գրասենյակից: Այն վերաբերում էր Արաբկիրի թաղապետարանում տեղակայված թիվ 04 ընտրատարածքային ընտրական տեղամասում տեղի ունեցող անկարգություններին: «Այստեղ կուտակվում են համայնքի մյուս 30 ընտրատարածքներից բերված մատյաններ, փաստաթղթեր, ծրարներով լի պարկեր, որոնք քվեարկության վերաբերյալ տվյալներ են պարունակում: Պարկերից 2-ը բերվել է բաց վիճակում: Մատյաններում որոշ կուսակցությունների անվանումները ներառված չեն, գրանցված չէ, թե քանի ձայն են հավաքել: Համայնքի այլ տեղամասերից ստացած ներդիրների մեջ տվյալ պահին հանձնաժողովը գրառումներ է կատարում, թվեր փոփոխում»,- պատմեց «Ժառանգություն» կուսակցության ցուցակում 7-րդ տեղը զբաղեցնող փաստաբան Զարուհի Փոստանջյանը: Վերջինիս կարծիքով՝ անճշտություններն ու թերությունները 04 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամները պիտի փաստաթղթերը հանձնողների հետ անձամբ ճշտեին: «Մինչդեռ ԿԸՀ-ից մի տիկնոջ են հրավիրել, որի հետ ինչ-որ բաներ էին դասավորում, ինձ էլ չեն թողնում մասնակցեմ: Երբ սկզբում նկատեցինք այս անկարգությունները, պահանջեցինք, որ հանձնաժողովի նախագահը արձանագրի եւ գրանցի մատյանի մեջ, սակայն մեր պահանջը չբավարարվեց: Մեր կազմած արձանագրությունները չեն վերցնում, թույլ չեն տալիս ծանոթանալ հանձնաժողովին ներկայացված քաղվածքների, մատյանների հետ: Երեկվանից կռիվ եմ անում, որ ինձ որպես վստահված անձ գրանցեն, բայց՝ ապարդյուն»,- բորբոքված հավելեց նա: «Եթե մեր տեղամասերում խախտումներ կատարվեին, «Ժառանգությունը» առաջին կամ երկրորդ տեղ չէր գրավի համայնքում»,- իրենց հերթին ասացին հանձնաժողովի քարտուղար Արմեն Երիցյանն ու նախագահ Ալբերտ Ֆրանգուլյանը: «Պարկերը պոլիէթիլենային են եւ մեքենայից իջեցնելիս դրանցից որոշների ծայրից մի փոքր բացվել է: Ելակետային տվյալների հետ որեւէ փոփոխություն կատարելու իրավունք չունենք, օրինակ՝ փոխենք մասնակիցների թիվը: Ուղղակի կատարված թվաբանական գործողություններն ենք ստուգում, օրինակ՝ եթե 2-ին գումարած 3-ի դեպքում գրել են 8, դարձնում ենք 5, սխալ գումարման նշանը փոխարինում ենք հանման նշանով»,- Զ. Փոստանջյանի դիտարկումներին պատասխանեց վերջինս: «Քվեների հաշվարկման ժամանակ գիտեինք, թե ինչքան ձայներ ունենք, այսօր դրանք չեն ուզում օֆիցիալ հրապարակել: Բողոքելու ենք ԿԸՀ, հայտարարություններով ենք հանդես գալու»,- վստահեցրեց Զ. Փոստանջյանը: «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն էլ «Արմինֆոյին» հայտնել է. «Մեր տեղեկատվական կենտրոնի ստացած տվյալների համաձայն, ողջ հանրապետությունում մենք հավաքում ենք ձայների շուրջ 20 տոկոսը, մայրաքաղաքի ընտրատեղամասերում մեզ պաշտպանել է ընտրազանգվածի 30-40 տոկոսը»: Միաժամանակ նա հաղորդել է, որ Գյումրիում «Ժառանգության» օգտին քվեարկել է ընտրողների 8-10%-ը: «Իսկ ինչ վերաբերում է ԿԸՀ տվյալ պահին հրապարակած թվերին, ապա միանգամայն ակնհայտ է, որ դրանք ընտրովի բնույթի են եւ ընդգրկում են սակավ բնակչություն ունեցող գյուղական վայրերի ընտրատեղամասերը: Դա արվում է հոգեբանական ճնշում գործադրելու համար»,- ասել է Հ. Խուրշուդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել