Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենը ընտրություններից գոհ է

Մայիս 14,2007 00:00

\"\"Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «Առավոտի» հարցին, թե գո՞հ է մայիսի 12-ի ընտրություններից, դրական պատասխան տվեց: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ստեղծված արագ արձագանքման խմբին էլ դիմել էր 28 քաղաքացի:

Մասնավորապես, Նար-Դոսի 75 շենքի բնակիչը հայտնել է, որ նույն շենքի բնակիչների մեծ մասը ընդգրկված չէ Երեւան քաղաքի Նալբանդյանի անվան դպրոցում տեղակայված ընտրական տեղամասի ընտրացուցակում: Պաշտպանի ներկայացուցիչը պարզել է, որ նշված շենքի բնակիչները պետք է քվեարկեն Մայակովսկու անվան դպրոցում:

Քաղաքացին հայտնել է, որ Շիրվանզադեի անվան դպրոցի շրջակայքում հավաքվել են մի խումբ անհայտ անձինք եւ պարտադրում են քաղաքացիներին քվեարկել հօգուտ համամասնական ցուցակում ընդգրկված թիվ 15 եւ մեծամասնականի թիվ 4 համարների տակ գտնվող կուսակցության թեկնածուի օգտին: Պաշտպանի ներկայացուցիչն ահազանգել է ՀՀ ոստիկանության քաղաքային վարչություն եւ հաղորդել վերը նշված տեղեկությունները: 10 րոպե անց Պաշտպանի գրասենյակ է զանգահարել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ Վարդանյանը եւ հայտնել, որ չնայած տվյալ տեղամասում հերթապահում է ոստիկանության 4 աշխատակից, այնուամենայնիվ, լրացուցիչ խումբ է ուղարկվել փաստի կապակցությամբ ստուգումներ անցկացնելու նպատակով: Հետագայում պետի տեղակալը լրացուցիչ տեղեկացրել է, որ ուսումնասիրությամբ՝ նշված փաստերը չեն հիմնավորվել:

Բուզանդի փողոցի 95 եւ 93 հասցեներում հաշվառված 4 բնակիչ այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի նստավայր եւ հայտնել, որ ընդգրկված չեն համապատասխան ընտրացուցակներում: Նրանց բացատրվել է լիազոր մարմին դիմելու օրենքով սահմանված կարգը: Լիազոր մարմնի կողմից հարցը չլուծվելու դեպքում Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել հետամուտ լինել խնդրի լուծմանը: Հետագայում քաղաքացիները զանգահարել են Պաշտպանի աշխատակազմ եւ հայտնել, որ ստացել են համապատասխան տեղեկանք ու կատարել քվեարկություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքող խմբերին 6 քաղաքացի է դիմել՝ խնդրելով ճշտել իրենց ընտրական տեղամասի գտնվելու վայրը: Համապատասխան տվյալները ճշտվել եւ հայտնվել են քաղաքացիներին:

Քաղաքացին հայտնել է, որ վաճառել է բնակարանը երեք շաբաթ առաջ եւ տեղյակ չէ, թե նախկին բնակության վայրում իր անունը ցուցակում կա՞, թե՞ ոչ, եւ խնդրել է հայտնել, թե ինչպես կարող է դա ճշտել: Տրամադրվել է խորհրդատվություն:

Քաղաքացին հայտնել է, որ քվեաթերթիկի վանդակում օրենքով սահմանված նշագրման փոխարեն մեկ այլ նշագրում է կատարել, խնդրել է պարզաբանել քվեաթերթիկի վավեր լինելու հարցը: Պաշտպանի ներկայացուցիչը քաղաքացուն բացատրել է թույլ տրված սխալի իրավական հետեւանքները:

15/39, 15/40, 15/41 տեղամասերում ընտրացուցակներում բնակիչների հասցեները լիարժեք գրված չլինելու պատճառով նույն բնակիչները ընտրացուցակում նշված են մեկից ավելի անգամ: Ըստ դիմումատուների՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել թույլատրել նման բնակիչների քվեարկությունը: Հետագայում Պաշտպանի ներկայացուցչի կողմից պարզաբանում է պահանջվել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահից: Վերջինս հայտնել է, որ առաջադրված հարցերի վերաբերյալ պարզաբանում կարող է տալ ամսի 13-ի առավոտյան: Մայիսի 13-ին Պաշտպանի ներկայացուցիչների կողմից ԸԸՀ նախագահի հետ կապ հաստատելու փորձերը եղել են ապարդյուն:

Քաղաքացին հայտնել է, որ իր որդին 5 տարի է, ինչ բնակվում է արտասահմանում, սակայն հաշվառումից դուրս չի եկել եւ կա ընտրացուցակում: Նրան բացատրվել է, որ արտերկրում բնակվելը դեռեւս բավարար հիմք չէ նրան հաշվառումից հանելու եւ հետեւաբար ընտրացուցակներոմ չընդգրկելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել