Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱԲԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ ԷՐ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ

Մայիս 14,2007 00:00

Անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել Լիլիթ Մանասերյանի նկատմամբ: Նրա նկատմամբ ընտրվել էր կալանքը, մեր տեղեկություններով՝ գործը երեկ ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան:

Մանասերյանը մեղադրվում է Շուշանիկ Խաչատրյանի վստահությունը չարաշահելով՝ խարդախությամբ նրանից 13.646.500 դրամ հափշտակելու մեջ:

Լիլիթ Մանասերյանն ուսանողական տարիներից ճանաչել է Սյուզաննա Խաչատրյանին: Հետագայում մտերմացել ու ընկերացել են: Վերջինս «Նորֆորկլենդ» ՍՊ ընկերության տնօրենն էր: Շփումների ընթացքում Լիլիթ Մանասերյանը ծանոթացել է նաեւ Սյուզաննա Խաչատրյանի քրոջ՝ Շուշանիկ Խաչատրյանի հետ, որը Երեւանի Մաշտոցի պողոտայում գործող բացօթյա սրճարանի տնօրենն էր: Այն ընդլայնելու նպատակով Շուշանիկ Խաչատրյանը որոշել է վարձակալել հարեւանությամբ գտնվող հողատարածքը, սակայն չի կարողացել:

Տեղեկանալով, որ պաշտոնատար անձանց շրջանակում Մանասերյանն ունի մտերիմներ, խնդրանքով դիմել է նրան՝ օգնել իրեն: Վերջինս համաձայնել է: Սրճարանի հողատարածքն ընդլայնելու թույլտվություն ստանալու պատրվակով Մանասերյանը Շուշանիկ Խաչատրյանից ստացել, ապա հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 25.000 ԱՄՆ դոլար:

Մեկ այլ տուժողի՝ Արտավազդ Այվազյանի Երեւանի Ասրիեւի փողոցում գտնվող հողատարածքի վրա շենք կառուցելու թույլտվություն ձեռք բերելու պատրվակով Մանասերյանը վերջինից նույնպես ստացել է խոշոր գումար՝ 50.000 ԱՄՆ դոլար: Արտավազդ Այվազյանը հետագայում զգացել է, որ խաբվել է եւ պահանջել է վերադարձնել գումարը: Ըստ նախաքննության մարմնին տված Ա. Այվազյանի ցուցմունքի. «Մանասերյանն իրեն ներկայացրել է որպես ԱԺ պատգամավորի օգնական: Հաշվի առնելով նրա հասարակական դիրքը, ԱԺ-ում աշխատելու հանգամանքը, իրավաբան լինելը, գիտական աստիճանը՝ վստահեցի նրան»:

Չկարողանալով ստանալ գումարը, Այվազյանը դիմել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Մանասերյանը դիմել է հնարքի. Շուշանիկ Խաչատրյանին պատկանող Երեւանի Երզնկյան փողոցի 4-րդ շենքի 8-րդ բնակարանը ձեւակերպել է Վարդան Այվազյանի անունով՝ այդկերպ փոխհատուցելով Արտավազդ Այվազյանից վերցրած 50.000 ԱՄՆ դոլարը, իսկ փոխարենը՝ Շ. Խաչատրյանին վնասել:

Կեղծ «օգնականի» գործունեության եւս երկու դրվագ: Ըստ քննչական վարչության, «Գումար հափշտակելը որպես արհեստ օգտագործելով», Մանասերյանը «Կենտրոն Կանաչապատում» ՓԲ ընկերության հայցն ընդդեմ «Նորֆորկլենդ» ՍՊ ընկերության անհետեւանք թողնելու պատրվակով՝ ստացել է եւս 600 ԱՄՆ դոլար:

Լ. Մանասերյանը «Հարություն Նալբանդյան» ՍՊ ընկերության անվամբ նաեւ պատրաստել է իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր՝ հայտ, դիմում, լիազորագրեր, դրանք օգտագործելով՝ Արարատի ու Արտաշատի քաղաքապետարաններում ձեւականորեն ապահովել է երկրորդ մասնակցի ներկայությունը եւ հաղթող ճանաչվել հողի աճուրդային վաճառքի մրցույթներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել