Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայիչ եւ համարձակ

Մայիս 14,2007 00:00

\"\"Հարցազրույց դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի հետ

– 8 տարի առաջ հայտնվեցիք Հանրային հեռուստատեսությունում՝ իբրեւ «Կռունկ» փառատոնի հաղորդավարուհի, որպեսզի կարողանաք այդպիսով հանրահայտ դառնալ ու նկատվե՞լ ռեժիսորների կողմից:

– Չեմ կարծում, որ գալիս են TV՝ գերխնդիր ունենալով հանրահայտ դառնալ: Ինձ սկզբում հետաքրքրել է միայն գումարը, իսկ այժմ առաջնայինը աշխատանքս է…

– Համենայնդեպս, հեռուստատեսությունում աշխատելուց հետո բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը նկատեց ձեզ եւ հրավիրեց Արա Երնջակյանի «Սոնատ թավջութակի համար» պիեսում խաղալու:

– Դա այդքան էլ այդպես չէ: Դեռ 2003-04թթ. Մայր թատրոնում եմ բեմ բարձրացել՝ մարմնավորելով Սոֆիա Պավլովնային՝ Գրիբոյեդովի «Խելքից պատուհասում», որը բեմադրել էր Արմեն Մազմանյանը (վերջինս եղել է Նազենիի կուրսի ղեկավարը- Ս. Դ.): Այնուհետեւ մեկ տարի անց հրավեր ստացա նաեւ Հակոբ Ղազանչյանից: Չգիտես ինչու, բեմադրիչները հեռուստատեսության մարդկանց այնքան էլ չեն վստահում, բայց պարոն Ղազանչյանն ինձ վստահեց, իսկ բեմադրությունը, որտեղ հանդես եկա Հովհաննես Բաբախանյանի հետ, արվեց մեկ շնչով: Այս ներկայացումը հաճախակի չի կայանում մեկ պատճառով. ի սկզբանե որպես բեմ ու հանդիսասրահ ընտրված էր Փարաջանովի տուն-թանգարանը:

Պրն Ղազանչյանը պատրաստվում է բեմադրել նաեւ Կարինե Խոդիկյանի նոր պիեսը, որն առայժմ վերնագիր չունի: Այն նույն տղամարդուն սիրող երեք կանանց մասին է…

– Հավանաբար՝ ռեժիսորը ձեզ ընտրել է հաջողակ կնոջ կերպարի համար:

– Գուշակեցիք: Իմ կինը հասնում է այդ տղամարդուն ու մի բան էլ անցնում…

– Շատերի համար ամենացանկալի կանանցից եք, ձեզ համարում են ոչ միայն հմայիչ, այլեւ ինքնավստահ: Ի դեպ, մինչ օրս չեն դադարել խոսակցությունները՝ ձեր «համարձակ» զգեստի մասին, որով «Կրեմլի» պալատում վարում էիք «Տաշիր-2007»-ը:

– Հայրս մանկուց իմ մեջ սերմանել է ինքնավստահություն, կայունություն եւ, ամենակարեւորը՝ ազատություն: Հաճելի է ցանկալի լինելու մասին լսելը, բայց չեմ ոգեւորվում դրանից: Ինչ վերաբերում է զգեստիս, այն իմ ընտրած կտորով ու դիզայնով է կարվել: Հարգելով ու գնահատելով հայաստանցի դիզայներներին, որոշել եմ այսուհետեւ հագնվել սեփական ճաշակով:

– «Երկու աստղ» նախագծում անակնկալ էր հյուրի կարգավիճակով ձեր հայտնվելը իբրեւ երգչուհի: Ընդ որում, հայ երգչուհիներից շատերը կերազեին ունենալ ձեր վոկալ տվյալները: Հնարավո՞ր է մոտ ապագայում ձեզ տեսնենք նաեւ իբրեւ երգչուհի:

– Մասնագիտությամբ կինոյի-թատրոնի դերասանուհի եմ՝ երաժշտական ուղղվածությամբ: Ինստիտուտում ուսումնառությանս տարիներին սովորել եմ վոկալի եւ պարի դասարաններում նույնպես: Ինչ վերաբերում է երգչուհու կարիերային, թեպետ ասվում է՝ երբեք մի ասա երբեք: Բայց հիմա բոլորը երգում են, պե՞տք է լինի մեկը, որ խոսի:

– Մեր ընթերցողներին, անշուշտ, կհետաքրքրի ձեր անձնականին վերաբերող թեկուզ ժլատ տեղեկությունը:

– Իմ կողքին կա նա, ով ինձ համար թանկ է: Ավելին չեմ ասի:

– Օրերս ավարտված քարոզարշավներում, էստրադայի հայ աստղերի կողքին, հանդիպում էինք նաեւ ձեզ: Երգիչների «գները» գաղտնիք չեն, հետաքրքիր է՝ մեկ համերգից ձեր վաստակն ինչքան է կազմում:

– Առանց մեկնաբանությունների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել