Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿՈՆ ՈՒԹԵՐՈՐԴՆ Է

Մայիս 14,2007 00:00

\"\"«Եվրատեսիլում» այս տարի Հայաստանը պահպանեց անցյալ տարվա իր «ռեկորդը»

Մայիսի 12-ին Ֆինլանդիայում կայացավ «Եվրատեսիլ-2007» երգի մրցույթի եզրափակիչ փուլը: Արդեն 52-րդ անգամ անցկացվող գունեղ շոուն, ըստ որոշ հաշվարկների, այս տարի ֆինների վրա 13 մլն եվրո է «նստել»: Համերգին ողջ աշխարհից հետեւել է 120 մլն մարդ: Հելսինկիի փողոցներում տեղադրված հսկայական էկրաններից այն հնարավորություն ունեին դիտել նաեւ պատահական անցորդները: Մի այդպիսի էկրան էլ տեղադրված էր գլխավոր՝ Սենատի հրապարակում, ուր այդ օրը 20000 մարդ էր հավաքվել: Հիշեցնենք, որ եզրափակչում հանդես եկավ 24 երկիր, այդ թվում՝ Բոսնիա-Հերցեգովինա, Իսպանիա, Բելառուս, ՌԴ, Իռլանդիա, Ֆինլանդիա, Թուրքիա, Հայաստան եւ այլք: «Եվրատեսիլ-2007»-ում առաջին տեղը գրավեց սերբ երգչուհի Մարիա Շերիֆովիչը՝ «Աղոթք» երգով, 2-րդը՝ Ուկրաինան ներկայացնող Վերկա Սերդյուչկան՝ թատերականացված «Dancing Lasha Tumbai» համարով, երրորդը՝ ռուսաստանյան «Սերեբրո» կանանց տրիոն՝ «Song N1»-ով:

Մեր հայրենակից Հայկոն, իր «նախորդ» Անդրեի նման, 8-րդ հորիզոնականում է: Հայկոյի «Any time you need» երգին առավելագույն՝ 12 միավոր տվեցին Թուրքիան եւ Վրաստանը, 10-ական՝ Ֆրանսիան, Հոլանդիան, Բելգիան, Չեխիան, Լեհաստանը եւ Ռուսաստանը, 8-ական միավոր՝ Իսպանիան, Կիպրոսը, Բուլղարիան: Հայաստանին 5-ական միավոր են շնորհել Ավստրիան, Իսրայելը, Բելառուսը եւ Ուկրաինան, 2-ական միավոր՝ Գերմանիան եւ Մոլդովան: Անդրեի համեմատությամբ, ով առաջինը «բացեց» Հայաստանի մուտքը «Եվրատեսիլ», Հայկոն ավելի ինքնավստահ էր: Նրա կենդանի կատարումը մրցույթում ավելի հաջողված էր, քան նույն երգի ձայնագրությունը: Երգի «բեմականացումն» էլ՝ խոցված սրտից ծորացող արյունով (՞), կարծես վատ չընդունվեց: Մեր հարեւան Վրաստանը, որ ներկայացնում էր Մելաձե եղբայրների կողմից երաժշտական մկրտություն ստացած եւ ներկայումս էլ նրանց հովանավորությունը վայելող Սոֆոն՝ ազգային տարազով ու սրերով պարող տղամարդկանց հետ, գրավեց 12-րդ տեղը, իսկ Թուրքիան՝ 4-րդ: Վերջինս ներկայացնում էր Քենան Դոգուլլուն, որի աղջիկներով կատարումը եւ ընդհանրապես երգի կառուցվածքը հիշեցնում էր Անդրեի եվրատեսիլյան երգը:

Օրիգինալ էր Բելառուսը ներկայացնող Դմիտրի Կոլդունը՝ կախարդանքի մասին երգով, սպիտակ պատերին «կպչող» սեւազգեստ պարուհիներով, ներկայանալի էր նաեւ ռուսական «Սերեբրոն»:

Ընդհանրապես, այս տարի «Եվրատեսիլում» մի քանի միտում էր զգացվում՝ դեռ կիսաեզրափակիչից սկսած, գերակշռում էին մեղեդային երգերը, անսեռ կամ ավելի ճիշտ՝ կնատիպ տղամարդիկ, որոնցից շատերի բեմական հագուստները զարդարված էին փետուրներով: Ռումինիան եւ էլի մի քանի երկիր ներկայացել էին աշխույժ սափրագլուխներով: Ոմանց երգերում էլ զգացվում էր անցյալ տարվա ռոքային «շորշոփը»: 15-րդ հորիզոնականում հայտնված Սլովենիան միակն էր, որ մատուցեց դասական վոկալի էլեմենտներով կատարում:

Այս տարի էլ նախկին ԽՍՀՄ հանրապետությունները հիմնականում քվեարկեցին միմյանց օգտին. մասնավորապես՝ իրար ձայն տվեցին մերձբալթյան հանրապետությունները, նախկին Հարավսլավիայի երկրները՝ նույնպես: «Եվրատեսիլ-2007»-ը շոուի առումով կարծես գերազանցում էր «Եվրատեսիլ-2006»-ին: Թեպետ դա էլ վիճելի է: Օրինակ, 9-րդ հորիզոնականը զբաղեցնող հունգարուհին շոուի մասով առանձնապես ջանք չէր գործադրել, բեմական հագուստն էլ բաղկացած էր ընդամենը ջինսե տաբատից ու պարզ սպիտակ շապկից, բայց դա չխանգարեց, որ նա ավելի լավ ներկայանա, քան, ասենք, 23-րդ տեղում հայտնված անգլիացի «ուղեկցորդներն» ու «ուղեկցորդուհիները»՝ իրենց ինքնաթիռային շքեղ բեմադրությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել