Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակի մարզում ընտրություններն իդեալական էին»

Մայիս 14,2007 00:00

Սա՝ հանձնաժողովների նախագահների պնդմամբ

Պաշտոնական տեղեկությունների համաձայն, Շիրակի մարզում ընտրությունների արդյունքները չեն գոհացրել պատգամավորության երկու թեկնածուների: Նրանցից մեկը թիվ 33 ընտրատարածքում մեծամասնականով եւ ՕԵԿ-համամասնական ցուցակի 7-րդ տեղում առաջադրված Հովհաննես Մարգարյանն է, ով երեկ բողոքարկել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ տեղամասերում նորից վերահաշվարկ կատարելու պահանջով: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում նրա ամենամեծ մրցակիցը հանրապետական Աշոտ Աղաբաբյանն էր, ով էլ հինգ տարին մեկ, սակայն «ճիշտ ժամանակին» ընտրազանգվածին մի «լավ» վերաբերմունք ցույց տալով՝ կարողացավ Գյումրիի ամենաակտիվ նախկին պատգամավորին զրկել խորհրդարան մտնելու հնարավորությունից:

Ընտրությունների արդյունքները զայրացրել են նաեւ 36 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված թեկնածու Մուշեղ Սաղաթելյանին: Նա, մեր տեղեկություններով, դեռեւս ընտրություններից առաջ 63 էջ անճշտություններ է հայտնաբերել ընտրացուցակում, դիմել է ոստիկանության անձնագրային բաժին, սակայն ոչ մի արձագանք չի ստացել: Նա եւս բողոքարկել է ընտրությունների արդյունքները, բայց դիմումը մեժել են՝ մեկ րոպե, այսինքն՝ ժամը 14.01 ներկայացնելու պատճառաբանությամբ: Նա, մեր տեղեկություններով, պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան:

Գյումրիի ընտրական հանձնաժողովների նախագահների վստահեցմամբ, բացի վերոնշյալ 2 թեկնածուների բողոքներից, վստահված անձանցից ու դիտորդներից ոչ մի գրավոր արձանագրություններ-բողոքներ չեն ստացվել: Նշենք, որ Գյումրիում վստահված անձանցից շատերն այդպես էլ չէին հասկացել իրենց դերը, նրանցից մեկը նույնիսկ հրաժարվեց տիրող մթնոլորտին գնահատական տալ՝ ասելով, որ դա իր գործը չէ: Այդուհանդերձ, երեկ Գյումրիի հանձնաժողովները ահազանգեր ստացել են: Թիվ 34 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Սայաթ Մինասյանի խոսքերով՝ «Եղել են դեպքեր, երբ տեղամասային կենտրոններում մարդիկ չեն պահպանել 50 մետր հեռավորությունը եւ հավաքվել են հենց ընտրատեղամասի մոտ: Իսկ ինչ վերաբերում է երթուղային տաքսիներով ընտրողներին տեղափոխելուն, Ընտրական օրենսգրքով որեւէ արգելք չկա այդ մասով եւ դա որպես ընտրակաշառք դիտելը անհեթեթ է»: Թիվ 35 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Մաքսիմ Շահբազյանը նույնպես ասաց, որ ահազանգեր ստացել են՝ կապված դրսում բաժանվող ընտրակաշառքների հետ: Թիվ 33 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Մկրտչյանի խոսքերով՝ ահազանգ էլ չի ստացել. «Այստեղ ամեն ինչ իդեալական էր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել