Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է

Մայիս 14,2007 00:00

\"\"Կուսակցության վստահված անձանց կողմից 2007թ. մայիսի 12-ի ԱԺ ընտրությունների ընթացքում արձանագրվել են որոշ խախտումներ:

5/19 ընտրատեղամասում «Ժառանգության» վստահված անձ Մանյա Հովհաննիսյանն արձանագրել է, որ ժամը 10-ին ընտրական հանձնաժողովի անդամ Արտակ Հակոբյանը «աչք է փակել» ընտրացուցակում ընտրողի ազգանվան եւ նրա անձնագրային տվյալի անհամապատասխանության փաստի առջեւ: Բացի դրանից, խախտվել են իր՝ որպես վստահված անձի, իրավունքները. թույլ չեն տվել ծանոթանալ գրանցամատյանին եւ ընտրական մյուս փաստաթղթերին: Ի հավելումն այս ամենի, Հովհաննիսյանը նշել է, որ հանձնաժողովի նախագահը հրաժարվել է գրանցել իր եւ մյուս դիտորդների բողոքները:

Ընտրախախտողների հետ գործարքի մեջ էր մտնում նաեւ հանձնաժողովի անդամ Արտակ Հակոբյանը: Գրեթե բոլոր ընտրատեղամասերից քվեարկության նախօրեին «Ժառանգության» վստահված անձինք ահազանգել էին կուսակցության կենտրոնական շտաբ եւ հայտնել, որ քվեատուփերը սահմանված նմուշի չեն, քանի որ դրանց հատակային մասում առկա է 4 սմ տրամաչափի 4-ական անցք, ինչը «ԸՕ»-ի խախտում է, քանի որ քվեատուփերը պետք է լինեն հերմետիկ: 3/31 եւ 3/32 ընտրատեղամասում «Ժառանգության» վստահված անձը կուսակցության պատասխանատու Ստեփան Սաֆարյանին հայտնել է, որ որոշ ընտրողներ՝ մտնելով ընտրատեղամաս, քվեարկում են դրսից իրենց հետ բերած քվեաթերթիկներով: Երբ վստահված անձը փորձել է կանխել այս խախտումը, նրան վիրավորել են, որից հետո վերջինս ահաբեկված լքել է ընտրատեղամասը: 1/28 ընտրատեղամասում վստահված անձ Հերմինե Սանթրոսյանը ժամը 15.50-ին հայտնել է Ստեփան Սաֆարյանին, որ ինքը պարբերաբար արձանագրում է դեպքեր, երբ քվեարկության եկած անձը ստորագրում եւ քվեաթերթիկ է ստանում ընտանիքի անդամի փոխարեն, իսկ հանձնաժողովի նախագահը չի կանխում: 1/12 ընտրատեղամասում «Ժառանգության» վստահված անձ Անահիտ Առուստամյանը ժամը 14.00-ին արձանագրել է, որ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցում տեղակայված ընտրատեղամասում առանձին ընտրացուցակներ են հայտնվել, որոնցում ստորագրում եւ քվեաթերթիկներ են ստանում ընտրողները: Տեղամասում տիրում է խառնաշփոթ իրավիճակ:

4/12 ընտրատեղամասից «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հաղորդել է, որ ժամը 13.35-ին մի ընտրողի անվամբ քվեարկել է ուրիշը, իսկ երբ առաջինը եկել էր քվեարկության, չէր կարողացել քվեարկել, քանի որ իր անվան դիմաց ընտրացուցակում արդեն ստորագրված է եղել: 1/28 ընտրատեղամասում Հերմինե Սանթրոսյանը արձանագրել է, որ հանձնաժողովի անդամ Ռիտա Բրուտյանի կողմից մի ընտրողի տրամադրվել է լրացուցիչ ծրար, որն ընտրողը քվեարկությունից հետո վերադարձրել է Բրուտյանին («կարուսել» տեսակի ընտրախախտում է):

7/23 ընտրատեղամասում վստահված անձ Հովսեփ Խուրշուդյանը ժամը 7.20-ին արձանագրել է, որ տեղամասում առկա ընտրացուցակները, ըստ սահմանված կարգի, թելակարված չեն: Հանձնաժողովի նախագահին ուղղված նրա պահանջը՝ թելակարել եւ թելակարի վրա կնքել ընտրացուցակները, չի բավարարվել: 4/30 ընտրատեղամասից Արմեն Հայրապետյանը հաղորդել է, որ քաղաքացի Հռիփսիմե Համբարձումյանը (Սոսեի փող. 2/2, բն. 16) եկել է քվեարկելու, սակայն պարզվել է, որ իր փոխարեն ինչ-որ մեկն արդեն քվեարկել է, եւ քաղաքացին հեռացել է «ձեռնունայն», այսինքն՝ ընտրելու իր իրավունքը չիրացրած: Մայիսի 13-ին ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը դիմում-բողոք է ներկայացրել թիվ 9 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Եղիշ Տերտերյանին՝ հայտնելով, որ քվեարկությունն ամփոփելուց եւ քվեարկած թերթիկները հաշվելուց հետո հանձնաժողովի նախագահը հրաժարվել է «Ժառանգություն» կուսակցության վստահված անձին տրամադրել ամփոփիչ արձանագրության քաղվածքը՝ կոպիտ եւ վիրավորական մեկնաբանություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել