Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազարյանը չկեղծել չի կարող, դա նրա էության մեջ է»

Մայիս 14,2007 00:00

Ասում է ՀՀ քաղաքացի Մեսրոպ Հարությունյանը

«Առավոտը» տեղեկացրել էր, որ Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը դիմել էր ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանին. «Համաձայն ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ խնդրում եմ ինձ տրամադրել բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնց հիման վրա ԱԺ 2007-ի ընտրություններում իբրեւ դիտորդական առաքելություն իրականացնող տեղական կազմակերպություններ են հավատարմագրվել «Հայկական Ազգային Կանոէի ֆեդերացիա», «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա», «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա» հ/կ-ները»: Տեղեկացրել էինք, նաեւ, որ 5-օրյա ժամկետում նա պատասխան չէր ստացել եւ պատրաստվում էր դիմել դատարան:

Երեկ Մեսրոպ Հարությունյանը «Առավոտին» ուղարկեց հետեւյալ պարզաբանումը.

«Մայիսի 11-ին ստացել եմ իմ պահանջած փաստաթղթերի պատճենները: Սակայն ԿԸՀ պատասխանից ինձ համար պարզ դարձավ, որ Գարեգին Ազարյանը՝ այդ … (այստեղ բազմակետ եմ դնում, որովհետեւ հետագա մակդիրները տպագրության համար չեն, իսկ հեռուստատեսությամբ նման բառերը խլացվում են հատուկ ազդանշանով)… մի խոսքով, այդ՝ ներողություն արտահայտությանս համար՝ անձնավորությունը կեղծում է միշտ ու ամեն դեպքում, նա պարզապես չկեղծել չի կարող, դա նրա էության մեջ է: Ասածս հաստատեմ փաստով. ինձ ուղարկված պատասխան նամակի (բլանկով-բանով նամակ է) վրա գրված է N01-449 եւ թվագրված՝ 7.05.2007: Սակայն փոստային կնիքը հաստատում է, որ այն 0009 փոստային բաժանմունք է հանձնվել մայիսի 10-ին: Հասկացա՞ք: Եթե պատասխանը պատրաստ է եղել մայիսի 7-ին, ինչո՞ւ հենց այդ օրը չեն ուղարկել: Վստահաբար հայտարարում եմ՝ ԿԸՀ-ն օրենքով սահմանված ժամկետից 1 օր ուշացումով՝ մայիսի 10-ին պատրաստել է պատասխանը, գրել է հետին ամսաթիվ՝ 7.05. 2007թ., չմտածելով, որ ախր կա փոստային կնիք, որով երեւում է Գարեգին Ազարյանի՝ այդ … -ի (բազմակետերը՝ վերոհիշյալ պատճառով) խաբեությունը: Եվ եթե նա ԿԵՂԾԻՔ է կատարում այսպիսի մի չնչին հարցով անգամ, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ աճպարարություններ կանի քվեարկության թվերի հետ…

Թող չխաբեր, թող գրեր պատասխանը պատրաստելու ճիշտ օրը՝ մայիսի 10-ը, կներեի, իր գլխին տված էդ մի օրը, ինձ համար կարեւորը պահանջածս տեղեկությունը ստանալն էր:

Իսկ որ այդ տեղեկությունը շատ հետաքրքիր էր լինելու, չէի կասկածում: Ձեզ էլ ասեմ: Ուրեմն այսպես. ըստ ինձ տրամադրած փաստաթղթերի, այս տարվա ապրիլին վերոհիշյալ 3 մարզական ֆեդերացիաները քնել-վեր են կացել եւ որոշել են զբաղվել նաեւ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով ու դիմել են Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի կենտրոնական մարմին՝ իրենց կանոնադրությունների մեջ կատարված փոփոխությունները գրանցելու խնդրանքով: Ու գրանցվել են՝ երկու կազմակերպություններինը՝ 2007-ի ապրիլի 19-ին, մեկինը՝ ապրիլի 23-ին: Եվ գիտեք ո՞րն է ամենից հետաքրքիրը. երեք կազմակերպությունների կանոնադրությունների փոփոխությունները բառ առ բառ կրկնում են իրար. մեջբերեմ այդ 2 ավելացված կետերը. «Կազմակերպությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի իրականացնել դիտորդական առաքելություն», «Կազմակերպությունը իրականացնում է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանություն»:

Իսկ թե ինչու հանկարծ մարզաշխարհի ներկայացուցիչները որոշեցին այս տարվա ապրիլից նաեւ մարդու իրավունքներով ու դիտորդությամբ զբաղվել եւ ում օգտին էին «դիտորդություն անում»՝ հարցերի պատասխանը թողնում եմ ընթերցողին…

Եվ մի հարց էլ այդ … (էլի բազմակետ) Գարեգին Ազարյանին. դուք «Գյումրու ուսանողական խորհուրդ» ՀԿ-ին զրկեցիք դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից՝ պատճառաբանությամբ, թե անդամներից մեկը մասնակցել է թեկնածուի քարոզարշավին: Իսկ այն, որ ծանրամարտիկներ ու ծանրամարտի հավաքականի մարզիչը Գագիկ Ծառուկյանի հանրահավաքների ու հանդիպումների մշտական մասնակիցներն էին ու նրա կողքին կանգնած՝ բավարար հիմք չէ՞ր Ծանրամարտի ֆեդերացիային եւս զրկելու դիտորդ լինելուց: Հարցը տվեցի ու մտածում եմ՝ «Ո՞ւմ եմ ուղղում հարցս, չէ՞ որ Ազարյանը նման է հայտնի նկարին, ուր աչքերը, ականջներն ու բերանները փակած երեք կապիկներն են՝ «Չեմ լսում», «Չեմ տեսնում», «Չեմ ասի»: Բայց պիտի եւս մի ճշտում անեմ. կարծում եմ, որ այդ նկարի հեղինակը ծանոթ չի եղել Գարեգին Ազարյանին, այլապես կպատկերեր նաեւ չորրորդ կապիկին, որը կարտահայտեր հետեւյալ գաղափարը՝ «տեսնում եմ միայն այն, ինչ ցույց են տալիս տերերս, լսում եմ միայն այն, ինչ ասում են տերերս, ասում եմ միայն այն, ինչ պահանջում են տերերս»:

Ստրուկի մտածելակերպ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել