Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՏԻՐ 5 ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Մայիս 14,2007 00:00

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ համանման եզրակացություններ հրապարակեցին մեր ընտրություններին հետեւող ԱՊՀ եւ եվրոպացի դիտորդները:

ԱՊՀ դիտորդների գնահատականը

«ԱՊՀ միջազգային դիտորդները համարում են, որ 2007-ի մայիսի 12-ին ԱԺ ընտրությունները անց են կացվել հանրապետությունում ընտրական օրենսդրության նորմերի համաձայն»,- ասված է ԱՊՀ դիտորդների հայտարարության մեջ, որը երեկ ասուլիսում հրապարակեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Ռուշայլոն: Ըստ այս հայտարարության՝ անցած ընտրությունները եղել են ազատ, թափանցիկ եւ բաց: Ռուշայլոն նաեւ նշեց, որ Հայաստանի նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ ներկայիս ընտրությունները մի շարք տեսանկյուններից ընթացել են առավել բարձր կազմակերպչական մակարդակով: «ԱՊՀ դիտորդները գրանցում են, որ ընտրությունները կայուն զարգացման եւ պետության կյանքի հետագա ժողովրդավարացման կարեւոր գործոն հանդիսացան: Երկրի պետական մարմինները կոնկրետ գործնական միջոցներ են ձեռնարկել՝ ուղղված քվեարկության օրը ընտրողների ազատ ընտրություն կատարելու իրավունքի ապահովմանը»,- նշված է հայտարարության մեջ:

Ըստ ԱՊՀ դիտորդների՝ առանձին խախտումներն ու բացթողումներն ընտրարշավի եւ ընտրությունների գործընթացում կրում էին հիմնականում տեխնիկական, բայց ոչ զանգվածային բնույթ եւ էական ազդեցություն չգործեցին ընտրողների ազատ կամարտահայտության եւ քվեարկության արդյունքների վրա: Նրանց արձանագրած խախտումներից է՝ մինչ 24-րդ ընտրատարածքի թիվ 21 տեղամասի բացվելը, որպես քվեաթերթիկի լրացման օրինակ կախված է եղել «Իմպիչմենտ» դաշինքի անվան դեմ նշումով քվեաթերթիկ: Ընտրությունների օրն արձանագրել են, որ 33-րդ ընտրատարածքի 69 տեղամասի մոտ կանգնած է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաստառով ավտոբուս: Իսկ ձայները հաշվելու ընթացքում ԱՊՀ դիտորդները չեն նկատել եւ ոչ մի խախտում:

Ըստ նրանց՝ ՀՀ «Ընտրական օրենսգիրքը» ներկայիս խմբագրությամբ ամուր հիմք է ստեղծում ազատ եւ ժողովրդավար ընտրությունների անցկացման համար: Սակայն օրենսգրքի հետագա կատարելագործումը եւ որոշ դրույթների հստակեցումը ցանկալի են: Մասնավորապես, նպատակահարմար է հնարավորություն տալ քվեարկել ժամանակավորապես արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին: ԱՊՀ դիտորդների դիտարկմամբ, ԸՕ-ով նախատեսված առանձին գործողությունները՝ քվեաթերթիկը ծրարի մեջ դնեը, կնքման ներկայացնելը, չափից դուրս երկարացնում են քվեարկության ընթացքը:

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը նշեց, որ դիտարկման ընթացքում կարծիքներ են փոխանակել ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարության հետ: ԱՊՀ դիտորդները մյուս միջազգային դիտորդներին առաջարկեցին միանալ իրենց հայտարարությանը:

Եվրոպացի դիտորդների գնահատականը

Մի քանի ժամ անց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ եւ Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունները հրապարակեցին ընտրությունների վերաբերյալ իրենց համատեղ հայտարարությունը, որից պարզ դարձավ, որ նրանք, ըստ էության, արձագանքել են ԱՊՀ դիտորդների «մի-ա-ցում» կոչին:

Նրանք եւս գովեցին Հայաստանի իշխանություններին՝ լուրջ թերությունները շտկելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի եւ «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխությունների համար:

Ըստ եվրոպական դիտորդների գնահատականների՝ այս ընտրություններում առաջընթաց, բարելավում կա, եւ Հայաստանի քաղաքացիները կատարեցին մեկ քայլ առաջ՝ դեպի եվրոպական ժողովրդավարական արժեքներ. «Ընտրությունները մեծ մասամբ անցկացվեցին ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների եւ այլ միջազգային չափանիշների համաձայն»: ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Լեո Պլատվոետն ասաց. «Շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու կամք ցուցաբերելու համար»։ Իսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Բորիս Ֆռլեցը հավելեց. «Հուսով ենք, որ այս ընտրությունները կնպաստեն ընտրական գործընթացների նկատմամբ ընտրողների վստահության վերականգնմանը»։

Եվրոպացի դիտորդները նշեցին, թե դեռեւս մնում են որոշ խնդիրներ. ասենք՝ քաղաքական ու գործարար շահերի միահյուսված լինելը, քվեների հաշվարկի հետ կապված խնդիրները: Ըստ նրանց, տեղամասային կենտրոնների 20 տոկոսում ձայների հաշվարկը դանդաղ է կատարվել, ինչը պայմանավորված է եղել կազմակերպչական հարցերով: Նրանք նաեւ գրանցել են «միտումնավոր կեղծումների առանձին դեպքեր», սակայն վերապահում արեցին, թե դրանք այն ծավալի չէին, որ էական ազդեցություն ունենային ընտրության արդյունքների վրա: Հարց տրվեց, թե չե՞ն նկատել ընտրակաշառքի դեպքեր, եւ պարզվեց՝ լսել են, բայց դիտորդներից ոչ մեկը անձամբ չի տեսել:

Այս ամենից հետո արտերկրի թղթակիցներից մեկը հետաքրքրվեց, թե կարո՞ղ են ասել, որ ընտրություններն անցել են ազատ, արդար եւ թափանցիկ: Սակայն ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահն ի պատասխան հայտնեց, թե միջազգային դիտորդները Հայաստանում անցկացված ընտրությունները դիտարկել են բացառապես Հայաստանի՝ ԵԱՀԿ եւ Եվրոպայի Խորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունների համատեքստում, եւ խնդիր չեն ունեցել օգտագործելու «վերը նշված տերմինաբանությունը»:

Հ. Գ. Երկրորդ ասուլիսին ներկա տեղական այն կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք հետեւել էին ընտրությունների ընթացքին՝ ուղղակի ցնցված էին, որ խոսելով խախտումների մասին՝ միջազգային դիտորդները հայտարարեցին, թե դրանք ոչ մի ազդեցություն չեն ունեցել ընտրությունների վրա: Իսկ Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ըմբռնումով մոտեցավ. «Ես նրանց հասկանում եմ, որովհետեւ իրենք այս անգամ ընտրատեղամասերում չեն տեսել այն բռնությունները, որոնք տեսել են նախորդ ընտրությունների ժամանակ», եւ նկատեց, թե նրանց գնահատականն «այլ կլիներ, եթե ընտրությունների ժամանակ, իսկապես, պայքար նկատվեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել