Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅԴ 50 ՀԱԶԱՐՆ ԻՆՁ ՉԻ ԱՍԵԼ՝ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՐԱ»

Մայիս 14,2007 00:00

Երեկ պատասխանելով մեր հարցին՝ կմիանա՞ ընդդիմության շարժմանը, ասաց ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը

«Ազգային միաբանություն» կուսակցությունը, ի թիվս այլ ընդդիմադիր ուժերի, չի հաղթահարել 5 տոկոսի սահմանը, իսկ դա նշանակում է, որ նոր խորհրդարանում «Ազգային միաբանություն» խմբակցություն չի լինելու: Երեկ ամբողջ օրվա ընթացքում հնարավոր չէր խոսել ԱՄ անդամների հետ, ոչ ոք հեռախոսազանգերին չէր պատասխանում: Օրվա երկրորդ կեսին, մոտ ժամը 16-17-ի սահմաններում, այցելեցինք կուսակցության գրասենյակ` դուռը կողպած էր: Ավելի ուշ հեռախոսազրույց ունեցանք կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հետ, ով մեզ բացատրեց, որ մարդիկ խիստ հոգնած էին եւ գնացել էին մի քիչ հանգստանալու` անքուն գիշերից հետո: Պարոն Գեղամյանը պատասխանեց նաեւ մեր հարցերին:

«Ես «Հակաճգնաժամային» ծրագրով մտա պայքարի մեջ, այդ ծրագիրը բավարար քվե չստացավ, եւ եթե այդ ծրագիրը բավարար քվե չստացավ, կնշանակի՝ գերադասել են ուրիշ մոտեցումներ, եւ դրանից ողբերգություն սարքել պետք չի: Տա Աստված, որ այդ ուրիշ մոտեցումները երկրին բերեն բարի հանգրվանի»: Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ «Ազգային միաբանությունը» միանա ընդդիմադիր ուժերի հանրահավաքային շարժմանը. «Խնդիրը կայանում է նրանում, որ իմ ծրագիրը 50 հազար մարդու պաշտպանություն ստացավ, այդ 50 հազար մարդը, որ ինձ ձայն են տվել, ձայն են տվել, որ ես այդ ծրագիրը կյանքի կոչեմ: Նրանք չեն ասել՝ հեղափոխություն արա կամ որեւէ ուրիշ մոտեցում դրսեւորի: Ես 50 հազար մարդու առաջ պատասխանատու եմ իմ «Հակաճգնաժամային» ծրագրով»: ԱՄ հետագա գործողությունների մասին մեր հարցին ի պատասխան, Արտաշես Գեղամյանն ասաց. «Տարածքային կազմակերպություններից մենք լիարժեք ինֆորմացիա ստանալուց հետո կկողմնորոշվենք մեր առաջիկա անելիքներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել