Լրահոս
Օրվա լրահոսը

\”Կակ ետո բիլո\”

Մայիս 14,2007 00:00

\"\"Ինչպե՞ս «աննկատ» կեղծվեցին ԱԺ ընտրությունները

Երեկ, օրվա երկրորդ կեսին, Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց մայիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցած քաղաքական ուժերի ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ սահմանված 5 տոկոսանոց արգելքը հաղթահարել է 5 կուսակցություն: ԿԸՀ ամփոփիչ արձանագրության տակ չստորագրեցին երեք կուսակցությունների ներկայացուցիչ անդամները. «Արդարությունից»՝ Ֆելիքս Խաչատրյանը, ՕԵԿ-ից՝ Սոնա Սարգսյանը եւ «Ազգային միաբանությունից»՝ Զավեն Պլուզյանը:

Համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ուժերից երեքը, որոնք համարվում են «արմատականներ» եւ պահանջում էին երկրի իշխանությունների իմպիչմենտը, ստացել են համապատասխանաբար. «Իմպիչմենտ» դաշինք՝ 17 808 քվե, «Նոր ժամանակներ»՝ 47 018, «Հանրապետություն»՝ 22 609: Հենց այս կուսակցություններն էլ երեկ Ազատության հրապարակում իրենց վաղօրոք նախաձեռնած հանրահավաքում, որին, ի դեպ, միացել էին նաեւ ԱԺ ընտրություններում 23 629 քվե ստացած ՀԺԿ-ն եւ 1033 քվե ստացած ՍԴՀԿ-ն, հայտարարեցին, թե չեն ճանաչում ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական տվյալները, եւ որ իշխանությունները հերթական անգամ կեղծեցին ընտրությունները: Հանրահավաքի բանախոսների ասելով, իշխանությունն ամեն ինչ արեց, որ այս անգամ այդ կեղծիքներն աննկատ մնան: Ընդդիմադիր այս երեք ուժերի ներկայացուցիչներն էլ պնդում են, որ ընտրությունները կեղծվել են զանգվածաբար, ու այդ նպատակով գործի են դրվել ոչ միայն հասարակությանն արդեն քաջ հայտնի ընտրակաշառքի, ճնշման ու սպառնալիքի, վարչական ռեսուրսի կիրառման փորձված մեթոդները, այլեւ ընտրակեղծիքի բոլորովին նոր տեխնոլոգիա, որն առաջին հայացքից կարող էր աննկատ մնալ: Թե ինչ նոր տեխնոլոգիայի մասին է խոսքը՝ ներկայացրեց «Իմպիչմենտ» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը, որը նախ՝ արձանագրեց, որ «ընտրությունները կեղծվել են այլանդակ ձեւով, բայց այսօր բոլորիս հետաքրքրում է մեկ հարց՝ ինչպե՞ս է սա տեղի ունեցել: Ընտրություններին մասնակցած բոլոր անձինք, դիտորդները տեսել են, որ ահավոր մեծ թիվ են կազմում այն քաղաքացիները, ովքեր ընտրություններին ներկայանում են բացարձակապես նոր անձնագրերով: Մեր կարծիքով, կեղծիքների մեխանիզմը թաքնված է հենց այստեղ, որովհետեւ հիմքեր կան ենթադրելու, որ գործել է կեղծիքի հետեւյալ մեխանիզմը. ասենք՝ իշխանությունը վերջին ամիսների ընթացքում թողարկել է մոտավորապես 400 հազար նոր անձնագիր, որոնք եղել են այն մարդկանց անուններով, ովքեր բացակայում են հանրապետությունից կամ մահացած են: Այդ անձնագրերում եղել են իրական անուն-ազգանուններ, հասցեներ, բայց ուրիշ մարդկանց լուսանկարներ: Դուք հիշում եք, որ «հանրապետականացման» եւ «բարգավաճացման» ընթացքում մարդկանցից ուզում էին լուսանկարներ: Հիմա հիմքեր կան պնդելու, որ այդ մարդկանց հավաքագրել են, ունեցել են շրջիկ քվեարկող խմբեր եւ այդ խմբի անդամներից յուրաքանչյուրը ունեցել է իր լուսանկարով, բայց բոլորովին այլ անուն-ազգանունով մոտավորապես 10 անձնագիր: Այդ մարդիկ այդ անձնագրերում գրված անուն-ազգանուններով գրանցված են եղել տարբեր տեղամասերում, քվեարկել են, հետո գնացել են ՀՀԿ-ի շտաբ, հանձնել իրենց անձնագրերը եւ ստացել բոլորովին նորը՝ իրենց լուսանկարով եւ բոլորովին ուրիշ անուն-ազգանունով եւ հասցեով ու քվեարկել են բոլորովին այլ տեղամասում: Ես անձամբ ՀՀԿ-ի շտաբում տեսել եմ, որ կախված են ինչ-որ ընտրացուցակներ, բայց դրանք եղել են ոչ ամբողջական՝ մահացածների եւ երկրից բացակայողների անուններով»: Ն. Փաշինյանի ասելով, «այդ նոր տեխնոլոգիայի կիրառման դեպքում գրեթե անհնարին է ընտրակեղծիքն արձանագրել, որովհետեւ երբ նույն «կասկածելի» մարդուն տեսնում ես մի քանի տեղամասերում քվեարկելիս, պահանջում ես նրա անձնագիրը՝ պարզվում է, որ անձնագրում եղած լուսանկարը համապատասխանում է անձնագիրը ներկայացնողին, բայց նրա իսկական անուն-ազգանունը չգիտես, որ կարողանաս կեղծիքն ի հայտ բերել, գրանցումը համապատասխանում է ընտրացուցակում եղած հասցեին, բայց նա իրականում բոլորովին ուրիշ մարդ է»: Ըստ այդմ, Ն. Փաշինյանը եզրակացրեց, որ այդ մեխանիզմով մոտավորապես 400 հազար ձայն կեղծվել է:

Մայիսի 12-ի քվեարկության ընթացքում արձանագրված խախտումներից մի քանիսին ծանոթանալուց հետո, նման մեխանիզմի կիրառումը միանգամայն հավանական է դառնում: Հիշեցնենք, որ մայիսի 13-ին մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ «3/28 ընտրատեղամասում՝ Զվարթնոցի մոտի մանկապարտեզում, երթուղային տաքսիներով բերում են քվեարկության մարդկանց, որոնք այդ թաղում չեն բնակվում: Նրանք նոր ստացած անձնագրերով են: Ըստ ՀԺԿ շտաբ դիմած քաղաքացու, նրանց տրվել են անձնագրեր քաղաքից բացակայող բնակիչների անուններով», «բավականին մեծ թվով ընտրողներ եկել էին 5/14 ընտրատեղամաս, եւ հասկանալի է, որ նույնն էլ կատարվել է մյուս ընտրատեղամասում: Բացի դրանից, մեկ ընտրող ներկայացել է որպես թիվ 36 շենքի բնակիչ, եւ երբ հանձնաժողովի ՕԵԿ-ական անդամը ճանաչել է, որ տվյալ անձը այդ շենքի բնակիչ չէ եւ պահանջել է նրա անձնագիրը, այդ մարդը դիմել է փախուստի»:

Սրան հավելենք նաեւ «Առավոտի»՝ ընտրություններից դեռ երկու օր առաջ ունեցած, բայց այդպես էլ չհրապարակված այն տեղեկությունը, որը ՀԺԿ-ի միջոցով մեր խմբագրությանն էր փոխանցել Երեւանի Կենտրոն համայնքի բնակիչներից մեկը՝ Այգեստանում ապրող Սոֆիկ Նիկոլայի Մարտիրոսյանը: Նրա պատմելով՝ ս.թ. փետրվար ամսին իր տուն էր եկել Կենտրոն թաղապետարանի աշխատակից Ֆլորա անունով ոմն մեկն ու ասել, թե թաղապետարանը նաեւ տիկին Սոֆիկին կարող է ֆինանսապես օգնել, բայց դրա համար անհրաժեշտ է, որ նա համապատասխան դիմում գրի թաղապետարանին: Տիկին Սոֆիկը դիմումը գրել էր, նույն պահին նրան նաեւ լուսանկարել էին եւ միաժամանակ վերցրել էին նրա անձնագրի տվյալները եւ հեռացել: Անցել էր մի քանի ամիս, բայց Ս. Մարտիրոսյանն այդպես էլ իրեն խոստացված օգնությունը չստանալով՝ դիմել էր թաղապետարանի աշխատակից Ֆլորային եւ պահանջել, որ կամ օգնությունը տային, կամ իր դիմումն ու լուսանկարը վերադարձնեին: Ֆլորան բացատրել էր, որ դրանք գտնվում են Ալավերդյան փողոցի վրա գտնվող ՀՀԿ շտաբում՝ Թադեւոսյան ազգանունով ինչ-որ մեկի մոտ: Ս. Մարտիրոսյանի բազմաթիվ զանգերից հետո նրան սպառնացել էին այլեւս չզանգել եւ բերանը չբացել, թե չէ նրա համար «վատ կլինի»:

Նկատի առնելով նույնիսկ ընդդիմության կողմից «գաղտնազերծված» նոր տեխնոլոգիայի կիրառման փաստը՝ հարկ է նաեւ արձանագրել տխուր մեկ այլ փաստ. մեր երկրում ամենաքիչը 400 հազար քաղաքացի պատրաստ է եղել համագործակցել օրվա իշխանությունների հետ՝ ընտրություններում մեքենայություններ եւ կեղծիքներ կատարելու հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել