Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԲԱՐՈՅԱԼՔՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ ԷՍ ՊԱՀԻՆ»

Մայիս 14,2007 00:00

Ընտրություններից հետո հասարակության մի ստված հատված այսպիսի ինքնաքննադատական կարծիքի է

Եթե գումարենք ընդդիմադիր այն ուժերի ստացած ձայները, որոնք հնարավոր է միանային նախքան ընտրությունները, ապա կստացվի բավականին պատկառելի թիվ: Մի պահ 1+1+1-ի փոխարեն գումարեք ԱՄ-ի ստացած 49.863 ձայնը ՆԺԿ-ի 47.018 ձայներին, ՀԺԿ-ի՝ 23.629-ին, «Հանրապետության»՝ 22.609-ին, «Իմպիչմենտ» դաշինքի՝ 17.808-ին, ՀԿԿ-ի՝ 8.835-ին, ԱԺԿ-ի՝ 8.591, ԺՈՒԿ-ի՝ 8.468-ին, ՀԴԿ-ի՝ 3.780 ձայնին, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության՝ 1.033 ձայնին: Գումարեցի՞ք: Ստացվե՞ց պատկառելի թիվ, իմ թվաբանական հաշվարկներով՝ 191.634 ձայն, իսկ դա նշանակում է, որ եթե թեկուզ միայն այս ուժերը միասին մեկ դաշինքով մասնակցեին ընտրություններին, կկազմվեր ամբողջական ընդդիմադիր քաղաքական միավոր, որի դեմ պայքարելն այնքան հեշտ չէր լինի, ինչպես եղավ առանձին-առանձին ուժերի դեմ պայքարելը: Սակայն հիմա ունենք այն, ինչ ունենք: Հասարակության մի ստվար մասը հիասթափված է եւ հուսալքված: Եվ, թերեւս, չի սխալվում ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, որ ժողովուրդը չունի այն ներքին զգացումը, որ ինքը ձայնը տվել է մեկ կոնկրետ ուժի, բայց ձայները կեղծվել են. «Այդ ներքին զգացումը ժողովուրդը չունի, այդ հոգեբանական բազան չկա»: Ըստ Շ. Քոչարյանի, չկա նաեւ իրավական բազա ընտրությունները չեղյալ հայտարարելու համար: Ըստ ամենայնի, այդ իրավական բազան ՕԵԿ-ը տեսնում է, քանի որ արդեն հայտարարել է, որ դիմելու է Սահմանադրական դատարան:

Իսկ ժողովրդի ընդվզման չափը երեկ երեւաց Ազատության հրապարակում, որտեղ դեռ կեսօրից ինքնաբուխ հավաքվել էին մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր իրենց վիրավորանքը եւ դժգոհությունը ընտրությունների արդյունքներից արտահայտում էին իրար հետ զրուցելով, լրագրողի հետ քաղաքական մտքեր կիսելով: Արդեն ժ. 17-ին հրապարակում շատ ավելի մեծ թվով մարդիկ էին հավաքվել եւ «Առավոտին» իրենց կարծիքը ներկայացրին ընտրությունների մասին: «Ես ընտրել եմ իմ ուզած կուսակցությանը, բայց երբ նայում եմ հրապարակվող տվյալներին, ինձ թվում է, որ էս ընտրությունները նորից կեղծեցին: Հիմա եկել եմ տեսնեմ՝ ճիշտը կբացահայտվի՞, թե՞ չէ»: «Բացահայտման» արդյունքում մարդիկ ակնկալում են հետեւյալը. «Ես ուզում եմ, որ ճշտություն լինի, որ էս խեղճ ժողովուրդը կարողանա էս տառապանքից դուրս գալ: Էս Հանրապետականը, որ բոլորից առաջ է գնացել, հենց ինքը ամենաանխիղճ մարդկանցով է լցվել, նրանք են մեր ամբողջ ժողովրդին էս օրը քցել: Ես էսքան տարեկան եմ, էսքան ճնշված եմ, բայց հասկանում եմ, որ Հանրապետականը էդքան ձայն իրավունք չուներ հավաքելու, բոլորը լցոնված թվեր են»,- մեզ հետ զրույցում ասաց հանրահավաքների ակտիվ մասնակից պրն Վոլոդյան:

«Արդարության համար ենք պայքարում, որ արդարություն լինի, կեղծիքները վերացվեն, մեզ հաշվի չեն առնում, բայց ուրիշ միջոց չունենք, ի՞նչ կարող ենք անել, պետք է պայքարենք, ընդվզենք»,- ասաց Գառնիկ հայրիկը: Իսկ ընդդիմության հանրահավաքները «հոգու մխիթարանք» որակեց ՀՀ քաղաքացի Նորիկը: Նրա կարծիքով. «Խաբված ենք եւ կխաբվենք, ուրիշ բան չունեմ ասելու, իսկ էս վիճակից ելքը էն կլինի, որ մենք՝ ծերերս, կմահանանք, երեխեքն էլ, տեսնենք, Ամերիկայի նման կամ Սադամի նման մեկը կգա, կազատի»: Մենք հիշեցրինք, որ նույն Հանրապետականը բավականին ակտիվ քարոզարշավ էր իրականացնում եւ պատմում էր իր արած գործերի մասին, ինչո՞ւ այն ժամանակ չէին ընդվզում: Նկատեց. «Էս կուսակցությունը 8 տարի առաջ անցավ իշխանության եւ միշտ քանդեց երկիրը, դրանք ըտենց են, գալիս են թալանելու համար: Եվ ոչ մի ընտրություն էլ ճիշտ չի անցել, չի էլ անցնելու, էլ բան չունեմ ասելու»,- եղավ հարցիս պատասխանը:

Թոշակառու, մասնագիտությամբ օդաչու Գագիկը նկատեց, որ մեր միակ փրկությունն այն է, որ մեր ժողովուրդը գոնե մի քիչ խելքի գա. «Դա է, ուրիշ փրկություն չկա, այսինքն՝ նկատի, որ սա մեզ տանում է դեպի կործանում, այսինքն՝ մենք բարոյալքված ժողովուրդ ենք այս պահին, ինքներդ տեսնում եք, որ մի սոված մասսա կա, որը էդ մի քանի հազար դրամով դարձյալ արեց իր փոքր հուդայությունը, եւ վաճառեցին ամեն ինչ: Մեր էսօրվա ղեկավարները դաշտը շատ լավ տեսնում են, շատ լավ վերլուծել են, իրենք էն մարդիկ են, որոնք բռնեցին էս ժողովրդի թույլ տեղը եւ դարձան իշխանություն, եւ եթե ոմանք խելքի չգան, այլեւս գնա՜ց, ղարաբաղցիների դինաստիան է ղեկավարելու»: Ելքը մարդիկ տեսնում են դարձյալ «խարիզմատիկ լիդերի» մեջ. «Էս մի քանի օրվա մեջ եթե կտրուկ փոփոխություն չեղավ, բոլորս գնում ենք ստրկության: Ես օդաչու եմ, թոշակառու, շատ լավ ճանաչում եմ բոլորին եւ գիտեմ, թե իրենք ոնց կարող են ժողովրդին ծնկի բերել, բայց, փառք Աստծո, կա ժողովրդի մի մաս, որը ծնկի գալ չի ուզում»: Մեր զրուցակիցների մի խումբ էլ այս կարծիքին էր. «Մեզ պետք է մի հարյուր զոհ տալ, որ կարողանանք հաղթել, ուրիշ ճար չկա, գողացված իշխանությունը միայն էդ ձեւով են ետ վերցնում, մեկ ա՝ կռիվը լինելու ա, էդ հյուրանոցները ի՞նչ փողով են կառուցում, մեր փողերը չի՞, իրենց պապերը եւ մամաները փող ունեի՞ն, որ էսքան կառուցում են ու կառուցում»,- նկատեց Հովհաննես Կարապետյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել