Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մայիս 13,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք չորրորդ

Գլուխ քսաներորդ

ՇԻՐԱԿԻ ՄԵՂԵԴԻՆԵՐԸ

Ես բաժակս խփեցի իրենց բաժակներին եւ Սեյրանին ասացի՝ «շատ ճիշտ արիր, որ էս ազիզ օրով խմեցիր», եւ Սեյրանն ասաց՝ «ինքնաբերաբար ստացվեց», եւ Հրաչն ասաց՝ «ինքնիրա՛ն ստացվեց», եւ Սեյրանն ասաց՝ «էսպիսի առիթն իրավունք չունեինք չնշել», եւ Հրաչն ասաց՝ «իրավունք չունեինք», եւ ես ծիծաղելով Սեյրանին ասացի՝ «սրանից հետո կարող ա շատ առիթներ ըլնեն. տես՝ նորից հարբեցող չդառնաս», եւ Սեյրանը շատ խիստ նայեց ինձ ու գոռաց՝ «ես երբեք ալ հարբեցող չեմ եղել», եւ Հրաչն ինձ թարս նայեց ու ասաց՝ «էդ ի՞նչ ես ասում, ա՛յ Արմեն», եւ ես միտքս պարզաբանեցի ու ասացի՝ «ուզում եմ ասեմ՝ սրանից հետո կարող ա խմելու առիթներ շատ ըլնեն», եւ Սեյրանը ձայնը մեղմացնելով՝ ներողամտորեն ինձ նայեց, ժպտաց ու ասաց՝ «մեկ շիշ շամպայն ալ հողահավաքի առթիվ կխմենք ու վերջ», եւ Հրաչն ասաց՝ «հա. հողահավաքին անպայման պիտի խմենք», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ հողահավաք», եւ Սեյրանն ապշահար նայեց Հրաչին ու ասաց՝ «ասում է՝ ի՞նչ հողահավաք», եւ Հրաչը խոժոռ հայացքով նայեց ինձ ու ասաց՝ «ո՞նց թե՝ ինչ հողահավաք», եւ Սեյրանը Հրաչին ասաց՝ «մե՛նք ենք մեղավոր, որ Արմենը հողահավաքի մասին պատկերացում չունի», եւ Հրաչը հաստատեց՝ «հա. մենք ենք մեղավոր», եւ, այնուամենայնիվ, Սեյրանն ինձ հանդիմանեց ու ասաց՝ «որ նկարչություն չես հասկանում, դա մի կերպ կարելի է ներել, բայց ազգային հարցերում պարտավոր ես տարրական բաներն իմանալ», եւ Հրաչն ասաց՝ «պարտավոր ես», եւ Սեյրանն ասաց՝ «էլ ի՞նչ բանաստեղծ, որ հողահավաքն ա՛լ չգիտես», եւ Հրաչն ասաց՝ «էլ ի՞նչ բանաստեղծ, որ հողահավաքը չգիտես», եւ ես ասացի՝ «դե ասեք՝ իմանամ», եւ Սեյրանն ասաց՝ «բանաստեղծ մարդ ես. էդ բաները դո՛ւ պիտի մեզ բացատրեիր», եւ Հրաչն ասաց՝ «դո՛ւ պիտի մեզ բացատրեիր», եւ Սեյրանն ինձ ասաց՝ «Պատկանյանն ու Նալբանդյանն իրենք են այդ բաներն ուրիշներին բացատրել», եւ Հրաչն ասաց՝ «իրա՛նք են բացատրել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ բաներ», եւ Սեյրանն ասաց՝ «հողահավաքն ու ազգային բոլոր հարցերը», եւ Հրաչն ասաց՝ «ազգային բոլոր հարցերը», եւ Սեյրանն ասաց՝ «հողահավաքի հարցն առաջինը Պատկանյանն է բարձրացրել», եւ Հրաչը վախվորած նայեց Սեյրանին ու հարցրեց՝ «թե՞ Նալբանդյանը», եւ Սեյրանը գոռաց՝ «Պատկանյա՛նը» եւ մի քիչ մտածելով ու ձայնը մեղմացնելով ասաց՝ «Նալբանդյանը հիմնականում ազատության ու դեմոկրատիայի հարցերով էր զբաղված», եւ Հրաչը վախվորած հարցրեց՝ «բայց էդ հարցերն էլ են, չէ՞, կարեւոր», եւ Սեյրանն ասաց՝ «հայ ազգի համար, փաստորեն, հողահավաքի ու ազատության հարցերը հավասար նշանակություն ունեն. Պատկանյանը դրանք իրարից չի տարանջատել», եւ Հրաչը զարմացած նայեց Սեյրանին ու հարցրեց՝ «բա պահանջատիրությո՞ւնը, ա՛յ Սեյրան», եւ Սեյրանն ուսուցչապետի իր բարձունքից ներողամտորեն ու մեծահոգաբար նայեց Հրաչին ու ասաց՝ «հողահավաքն ու պահանջատիրությունն, ըստ էության, նույն բանն են, ավելի ճիշտ՝ հողահավաքը պահանջատիրության կարգախոսներից է», եւ Հրաչը հարցրեց՝ «բա «Դեպի երկի՞րը», ա՛յ Սեյրան», եւ Սեյրանն ասաց՝ «Դեպի երկիրն» ա՛լ կարգախոս է», եւ ես զարմացած հարցրի՝ «էդքան բան որտեղի՞ց գիտեք», եւ Սեյրանն ասաց՝ «Պատկանյանի գրքում այդ ամենն ամենայն մանրամասնությամբ կա», եւ Հրաչն ասաց՝ «Նալբանդյանի մոտ է՛լ կա», եւ Սեյրանն ասաց՝ «պահանջատիրության ու հողահավաքի հարցերը Պատկանյանն է առաջին անգամ բարձրացրել», եւ Հրաչն ասաց՝ «հա. առաջինն ի՛նքն ա բարձրացրել», եւ Սեյրանն ասաց՝ «իմ արվեստանոցում Պատկանյանի այդ ամենագլխավոր հոդվածներն Արմենի համար բարձրաձայն կարդացել եմ. պարզապես՝ մի ականջով մտել, մյուսով դուրս են եկել», եւ Հրաչը Սեյրանին ասաց՝ «սաղիս համար էլ բարձրաձայն կարդացել ես», եւ ես մեղավոր ասացի՝ «մոռացել եմ», եւ Սեյրանը գոռաց՝ «ի՞նչն ես մոռացել. մոռացե՞լ ես, որ էդ բաները հատուկ քեզ համար բարձրաձայն կարդացել եմ», եւ Հրաչը կրկնեց՝ «սաղիս համար էլ բարձրաձայն կարդացել ես», եւ ես մեղքս խոստովանելով ասացի՝ «ո՛չ թե քո բարձրաձայն կարդալն եմ մոռացել, այլ՝ Պատկանյանի էդ մտքերը», եւ Սեյրանը վերստին գոռաց ու ասաց՝ «ավելի լավ կլիներ, եթե իմ բարձրաձայն կարդալը մոռանայիր եւ Պատկանյանի մտքերը հիշեիր», եւ Հրաչն ինձ ասաց՝ «Պատկանյանի մտքերն իրավունք չունեիր մոռանալ, Արմեն ջան», եւ Սեյրանն ինձ ասաց՝ «պատավոր էիր հիշել», եւ ես ասացի՝ «մյուս անգամ չեմ մոռանա», եւ Սեյրանն ինձ հարցրեց՝ «մյուս անգամ՝ ե՞րբ», եւ ես ասացի՝ «մյուս անգամ Պատկանյանի էդ հոդվածները որ կարդաս, միտս կպահեմ», եւ Սեյրանը հանկարծակի մռնչաց՝ «կարող ա՞ ձեր համար քյասիբի ռադիո եմ», եւ Հրաչը նեղսրտած տրտնջաց՝ «կարող ա՞ քյասիբի ռադիո ա», եւ Սեյրանը վերստին գոռաց՝ «թե՞ ձեզ թվում է՝ ես ուրիշ բանուգործ չունեմ», եւ Հրաչն ասաց՝ «էս մարդն ուրիշ բանուգործ չունի՞», եւ ես սխալս ուղղելով ասացի՝ «տանն էդ գրքերն ունեմ. ինքնուրույն կկարդամ», եւ Սեյրանը հանգստացած շունչ քաշեց եւ հարցրեց՝ «Նալբանդյան ունե՞ս», եւ ես ասացի՝ «հա», եւ Սեյրանը հարցրեց՝ «ո՞րը», եւ ես ասացի՝ «էն կանաչ հատորը՝ որ քո արվեստանոցում կա», եւ Սեյրանն ասաց՝ «լավ է», եւ Հրաչն ավելացրեց՝ «շատ լավ ա», եւ Սեյրանն ինձ հարցրեց՝ «Գամառ Քաթիպան ա՞լ ունես», եւ ես հարցրի՝ «ի՞նչ Գամառ Քաթիպա», եւ Սեյրանը գոռաց՝ «բանաստեղծ մարդ ես. չգիտե՞ս, որ Գամառ Քաթիպան Պատկանյանի գրական կեղծանունն է», եւ Հրաչը զարմացած ինձ նայեց ու ասաց՝ «իրա գրական կեղծանունն ա. չգիտե՞ս», եւ ես ասացի՝ «գիտեմ», եւ Սեյրանը գոռաց՝ «որ գիտես, ինչո՞ւ ես ավելորդ հարցեր տալիս. մեզ ե՞ս փորձում», եւ Հրաչը խորամանկ ժպտաց ու ասաց՝ «մեզ ա փորձում», եւ ես ասացի՝ «էրկուսի գրքերն էլ ունեմ. կկարդամ», եւ Սեյրանն ինձ ժպտաց ու ասաց՝ «թռնելով չկարդաս. մանրամասն կուսումնասիրես, շունի՛ն մեկը», եւ Հրաչն ինձ ժպտաց ու ասաց՝ «թռնելով չկարդաս, հա՜», եւ ես ժպտացի ու Սեյրանին հարցրի՝ «մի բան որ ասեմ՝ կարող ա՞ էլի վրես գոռաս», եւ Սեյրանը գոռաց՝ «ինչո՞ւ պիտի գոռամ. հո չոբան չե՞մ», եւ Հրաչը զարմացած ինձ նայեց ու ասաց՝ «հո չոբան չի՞», եւ Սեյրանը չափազանց խիստ հայացքով Հրաչին ոտից գլուխ չափեց, այնուհետեւ հայացքն ուղղեց ինձ ու ասաց՝ «ասա՝ տեսնեմ ի՞նչ ես ասում», եւ Հրաչն ինձ ասաց՝ «ասա՝ տենանք ի՞նչ ես ասում», եւ ես սրտապնդվելով՝ Սեյրանին հարցրի՝ «անկեղծ ասե՞մ», եւ Սեյրանն ասաց՝ «իհա՛րկե», եւ Հրաչն ասաց՝ «իհա՛րկե», եւ ես Սեյրանին վախվորած ասացի՝ «Պատկանյանի ու Նալբանդյանի էդ հոդվածները որ ինքնուրույն կարդում եմ՝ բան չեմ հասկանում, բայց որ դու ես բարձրաձայն կարդում՝ լրիվ հասկանում եմ», եւ Սեյրանն անսպասելի ժպտաց ու ասաց՝ «որովհետեւ ես ամեն նախադասությունը մի քանի անգամ եմ կարդում՝ մինչեւ որ հասկանաք. մինչեւ չեք հասկանում՝ հաջորդ նախադասությանը չեմ անցնում», եւ Հրաչն ասաց՝ «մինչեւ չենք հասկանում՝ հաջորդ նախադասությանը չի անցնում», եւ ես Սեյրանին ասացի՝ «մի անգամ էլ բարձրաձայն կարդա ու վերջ», եւ Սեյրանը քմծիծաղ տվեց ու ասաց՝ «ե՞րբ կհրամայեք կարդալ, պարո՛ն Արմեն», եւ Հրաչը կրկնեց՝ «ե՞րբ կհրամայեք կարդալ», եւ ես ասացի՝ «թեկուզ հենց հիմա», եւ Սեյրանը զարմացած հարցրեց՝ «ինչպե՞ս թե՝ հենց հիմա», եւ Հրաչը զարմացած ինձ նայեց՝ «հենց հիմա՞», եւ ես ասացի՝ «ի՞նչ կա որ», եւ Սեյրանն ասաց՝ «բայց հիմա շամպայն ենք խմում», եւ Հրաչն ասաց՝ «շամպայն ենք խմում», եւ ես ասացի՝ «էս վերջին բաժակն էլ խմենք ու գնանք», եւ Սեյրանն ինձ ժպտաց ու հարցրեց՝ «ո՞ւր գնանք», եւ Հրաչը կրկնեց՝ «ո՞ւր գնանք», եւ ես Սեյրանին ասացի՝ «քո արվեստանոց», եւ Սեյրանը, փաստորեն համաձայնվելով, ինձ հարցրեց՝ «այս վերջին բաժակով ի՞նչ կենաց ենք խմում», եւ ես ասացի՝ «հողահավաքի՛ կենացը», եւ Սեյրանը նախ ինձ նայեց, հետո նայեց Հրաչին ու ասաց՝ «ձեռ է առնում», եւ Հրաչն ինձ հարցական նայեց ու հարցրեց՝ «ձեռ ե՞ս առնում», եւ ես ասացի՝ «էդ ձեռ առնելու բան ա՞, որ ձեռ առնեմ», եւ Սեյրանն ասաց՝ «իհա՛րկե ձեռ առնելու բան չի», եւ Հրաչն ինձ նայեց ու հարցրեց՝ «այսինքն, ձեռ չես առնո՞ւմ», եւ Սեյրանը Հրաչին ասաց՝ «Հրաչի՛կ, դու մոռանում ես, որ Արմենը ժամանակին «Վարուժանի» խմբագիրն էր» եւ մի քիչ մտածելուց հետո ավելացրեց՝ «մի կարճ ժամանակ», եւ ես բաժակս իրենց բաժակներին խփելով ասացի՝ «հողահավաքի ու պահանջատիրության կենացը», եւ Սեյրանն ասաց՝ «այսօր, փաստորեն, պատմական օր է», եւ Հրաչն ասաց՝ «փաստորեն, ըտենց ա ստացվում», եւ ես հարցրի՝ «Լենինի արձանի իմաստով ե՞ք ասում», եւ Սեյրանն ասաց՝ «Լենինը մանրուք է. այսօր, փաստորեն, վերջնականապես ինքնորոշվեցինք», եւ Հրաչն ասաց՝ «փաստորեն ինքնորոշվեցինք», եւ Սեյրանն իր բաժակը մեր բաժակներին խփեց ու ասաց՝ «այսօր ինքնորոշման փուլն ավարտեցինք եւ թեւակոխեցինք պահանջատիրության փուլը», եւ Հրաչն ասաց՝ «հա», եւ ես ասացի՝ «էսօրվա՛ կենացը», եւ Սեյրանն ասաց՝ «այսօրվա՛ կենացը», եւ Հրաչն ասաց՝ «էսօրվա՛ կենացը», եւ Սեյրանը ոտքի կանգնեց ու ասաց՝ «հոտնկայս ենք խմում», եւ Հրաչն ասաց՝ «հա. հոտնկայս», եւ երեքս հոտնկայս էդ օրվա կենացը խմելով՝ այնուհետեւ շարժվեցինք դեպի Սեյրանի արվեստանոց, որ երկու քայլի վրա էր ու ամենասիրածս տեսարժան վայրն էր, որովհետեւ ո՛չ միայն իր նկարներն էի շատ սիրում, այլեւ՝ իր արվեստանոցի պարզ, ջերմ ու անմիջական մթնոլորտը, եւ ամեն անգամ իր արվեստանոց ոտք դնելով՝ արտաքին աշխարհից ու ամեն ինչից կտրվում ու վերանում էի, եւ իր պարզ ու անհասկանալի նկարները մշտապես խանգարում էին, որ իր բարձրաձայն կարդացած Պատկանյանից ու Նալբանդյանից որեւէ բան ընկալեմ ու հասկանամ, ու էդ օրն էլ էին խանգարում, ու էդ օրն էլ ինքը գոռգոռալով՝ ահագին Պատկանյան ու Նալբանդյան կարդաց, բայց, իր ասածի պես, էդ օրն էլ իր էդ ամբողջ կարդացածը մի ականջովս մտավ ու մյուս ականջովս դուրս եկավ, եւ ամբողջ պատճառն այն էր, որ ես, Սեյրանի ասածի հակառակ, նկարչություն շատ լավ եմ հասկանում ու զգում, ու էդ օրն էլ աչքս պոկ չէր գալիս իր նկարներից, որոնք ո՛չ միայն Պատկանյանի ու Նալբանդյանի, այլեւ իր՝ Սեյրանի՛ հետ որեւէ կապ չունեին եւ նույնիսկ էդ պատմական օրով առավել զարմանալի էին, քան՝ Հրապարակում բերանքսիվայր տապալված Լենինն ու Սեյրանի՝ շամպայն առնելու եւ խմելու պատմական իրադարձությունը:

Երեւի արդեն դուք էլ եք զգում ու հասկանում, որ ինձնից կախված ամեն ինչ անում եմ, որպեսզի հավելյալ ժամանակ ու տարածություն շահելով՝ հնարավորինս ձգձգեմ Աշնակ վերադարձս, որովհետեւ գնալով ավելի ու ավելի է պարզ դառնում, որ Աշնակ վերադառնալով՝ էլի դժվարանալու եմ գրել ու պատմել այն, ինչը որոշել էի ձեզ համար գրել ու պատմել եւ ինչն իբրեւ գրական պատվեր ընդունել էի Շառոյան Դանիկից Աշնակում՝ մեր վերջին հանդիպման ժամանակ, եւ եթե կոնսերվատորիայի աղջկերքի էդ պատմությունը միանգամայն խոստումնալից սկսեցի ու ահագին առաջ տարա, վերջաբանը դժվարանում եմ ամբողջացնել, չնայած Դանիկի ուշունցով համեմված ու ավարտված էդ վերջաբանի խաթեր էի էդ ամբողջ պատմությունը սկսել, եւ ահա, պարզվում է, միշտ չէ, որ կարող ես պատմել ու գրել այն, ինչը պարտավոր ես եւ շատ ես ուզում պատմել, եւ հիմա արդեն կարծում եմ, որ վերջնականապես բաց եմ թողել ամենահարմար պահը, եւ եթե տիկին Սեդայի կովկիթի տեսարանը նկարագրելով՝ ընդհուպ մոտեցել էի Դանիկի էդ հանրահայտ հիշոցին, հիմա արդեն էնքան եմ հեռացել Աշնակի էդ տեսարանից ու իրավիճակից, որ ինձանից արդեն գրողական իսկական հերոսություն կպահանջվի Դանիկի ասածը վերաշարադրելու համար, որովհետեւ չափազանց դժվար է Պատկանյանից, Նալբանդյանից, Լենինից, Սեյրանից ու Սեյրանի պատմական շամպայնից կտրուկ անցում կատարելով՝ վերադառնալ Աշնակ ու անդրադառնալ միանգամայն առտնին ու միանգամայն խորը խորհրդային իրավիճակներին, եւ եթե Դանիկի էդ ասածը շարունակեմ էսպես խնամքով թաքցնել ձեզանից, շուտով Դանիկի էդ ասածն էլ պատմական նշանակություն կստանա, մանավանդ որ՝ արդեն վերջնականապես եմ համոզված, որ երբեւէ Դանիկի էդ ասածը չեք իմանալու եւ եթե իմանաք էլ՝ ուրիշներից եք իմանալու, որովհետեւ, ինչպես մի անգամ արդեն ասել եմ, հայ մտավորականին ընդհանրապես եւ հայ գրողին հատկապես հայ հասարակությունն ահագին իրավունքներից զրկում ու ահագին բան չի հանդուրժում եւ հայ հասարակությունը ո՛չ միայն կուշտ գրող չի հանդուրժում, այլեւ չի հանդուրժում գրողի կշտացածությունն իր իսկ խոսքից, եւ սա էն դեպքերից է, երբ հասարակության անհանդուրժողականությունից հավասարապես տուժում են ընթերցողն ու գրողը, ավելի ճիշտ՝ չգրողը, այսինքն, եթե Դանիկի էդ ասածը չգրեմ, ձեր հոգեկան խաղաղությունն էլ է խաթարվելու, որովհետեւ շարունակաբար ենթադրելու եք, թե՝ շատ կարեւոր բան չգրեցի, ու դուք չիմացաք էդ շատ կարեւոր բանը, որն առանց իմ գրելու էլ Երեւանում ու Աշնակում ահագին մարդ գիտի, եւ արդեն շուրջ քսանհինգ տարի է՝ իմացողները շարունակում են չիմացողներին իրազեկել, եւ եթե ես էսպես շարունակեմ Դանիկի էդ ասածը չասել ու չգրել, էդ իրազեկողները միանգամայն նոր եռանդով են շարունակելու իրազեկել պատահած առաջին իսկ չիրազեկվածին եւ, շատ հնարավոր է, նաեւ՝ ձեզ, որովհետեւ էս չգրելուս շնորհիվ դուք էլ, փաստորեն, համալրեցիք չիրազեկվածների բանակը, բայց, համոզված եմ, ձեր չիրազեկվածությունն առանձնապես երկար չի տեւի, որովհետեւ փոքր երկիր ու մի բուռ ազգ ենք, եւ շատ հաճախ անկախ մեզանից ենք իմանում ո՛չ միայն այն՝ ինչը շատ ենք ուզում իմանալ, այլեւ անկախ մեր կամքից լսում ու իմանում ենք էնպիսի բաներ, որոնք ո՛չ միայն չենք ուզում իմանալ, այլեւ գրողներին էլ թույլ չենք տալիս ասել ու գրել, այսինքն, ստացվում է, որ մենք անկախ մեր կամքից որոշ ու որոշակի բաներ իմանալով՝ ամեն կերպ խանգարում ենք, որ էդ բաները մյուս մերնմաններն էլ իմանան, եւ քանի որ մեր իրականության մեջ խոսք տարածողի համարում հենց գրողնե՛րս ունենք, հենց գրողներիս են արգելում ասել ու գրել էն ամենը, ինչն իրենք արդեն գիտեն եւ նույնիսկ տարածում էլ են, եւ որ ասում եմ՝ մերոնք մտավորականներին ու հատկապես գրողներին ճնշած են պահում, խոսքս բացառապես հայաստանցի մտավորականներին ու հայաստանցի գրողներին է վերաբերում, ու հենց էս պահին, երբ էս ամենն ասում ու գրում եմ, մեր թերթերը ողողված են թուքումուրով, եւ թուքումուրն, ինչպես միշտ, վերստին հասցեագրված է մեր խեղճուկրակ մտավորականներին, ինչ է թե՝ էս խեղճերը հանդգնել են խմբակային մի խեղճուկրակ հայտարարություն անել մեր որոշ ընդդիմադիրների դեմ ու մեր որոշ ընդդիմադիրներից պաշտպանել մեր իշխանություններին ու մեր երկրի կայունությունը, ու հիմա էդ խմբակային հայտարարության համար մեր թերթերն ու լրագրողներն էս խեղճերին ո՛չ միայն իշխանամետ են անվանում, այլեւ՝ պատեհապաշտ ու պնակալեզ, ինչ է թե՝ էդ խեղճուկրակները հանդգնել են պաշտպանել իրենց իսկ խեղճուկրակ իշխանություններին, մինչդեռ հենց էս պահին մեր Հանրապետության հրապարակում համերգ է տալիս Շառլը, եւ աղջկերքս հեռուստացույցի ձենը զլել են, եւ էդ համերգի պատճառով ո՛չ միայն հիմա հիմնական թեմայիցս եմ շեղվում, այլեւ էդ համերգի պատճառով մի կերպ տուն հասա, որովհետեւ համերգի առթիվ փողոցները փակ էին, քանի որ Քոչարյանն է՛լ էր էդ համերգին մասնակից, իսկ ահա Շառլն արդեն քանի օր է՝ հեռուստացույցով Ժակ Շիրակին ու Քոչարյանին է շարունակ գովերգում, եւ եթե հիշենք, որ ինքը նաեւ Տեր-Պետրոսյանին էր մի քանի տարի առաջ միանգամայն մաքուր սրտով գովում, պիտի համաձայնվենք, որ Շառլը մերոնցից պակաս իշխանամետ չի, բայց, չգիտես ինչու, մեր թերթերն ու մեր լրագրողները Շառլին երբեւէ իշխանամետ չեն անվանել, մինչդեռ մերոնց ինչ ասես ասում են, եւ հիմա մեր հայրենակից Շառլի մասին էս բաները գրելիս՝ վերջնականապես համոզվում եմ, որ մերոնք ո՛չ թե հայ մտավորականների հանդեպ են չափից ավելի խստապահանջ, այլ միայն՝ հայաստանցի՛ մտավորականների, ու էս առթիվ հիմա նաեւ հիշեցի, որ երբ մի քանի տարի առաջ «Պապլավոկում» Պողոս Պողոսյանին սպանեցին, մեր լրագրողներն էլի էդ դեպքին ներկա տեղացի մտավորականներից էին փորձում վկայություն ու ցուցմունք կորզել, եւ մինչ էդ դեպքին ներկա մեր խեղճերը կփորձեին խուսանավել լրագրողների խաչաձեւ հարցերից, էդ դեպքի ամենահանրահայտ վկան՝ Ազնավուրը հավաքեց վեշերն ու՝ հայդե՜ Փարիզ, եւ էլի իրեն ոչ ոք չմեղադրեց, ու վերստին իր անմեղության կանխավարկածը նույնն էր՝ Շառլը տեղացի չի, ու հիմա նաեւ ենթադրում եմ, որ եթե Շառլը հայաստանցի ու երեւանցի լիներ, երեւի Երեւանի կոնսերվատորիա էլ չէր ընդունվի, այսինքն, ո՛չ թե երեւի, այլ՝ հաստատ չէին ընդունի՝ հիմնավորելով ձայնի բացակայության հանգամանքով, եւ եթե Շառլը Հայաստան կամ Երեւան ծնված ու մեծացած լիներ, շատ հնարավոր է՝ Ռոմանոս Մելիքյան է՛լ չհաջողացներ ընդունվել, եւ էս ասածս ո՛չ թե նշանակում է, թե մեր երաժշտագետներն ու երաժշտաբանները ձայն չունեցողների հանդեպ անհարգալից են, այլ նշանակում է, որ մերոնք միայն ձայն չունեցող հայաստանցիների՛ս հանդեպ են անհարգալից, ներառյալ նաեւ՝ իրենք իրենց հանդեպ, եւ ամեն ինչ հենց էստեղից՝ ինքզինքը չհարգելուց է սկսվում, եւ չնայած հենց էս պահին աչքիս առաջ ունեմ Շառլին ինձանից պաշտպանող ձեր ջղաձիգ աչքունքը, այդուհանդերձ, մտադիր եմ մի քիչ էլ խորանալ էս ասածներիս մեջ, ու էս թեմայի մեջ մի քիչ էլ խորանալով՝ նախ պիտի ասեմ, որ մեջներիցս ամենաբախտավոր Շառլն ամենեւին էլ ձեր պաշտպանության կարիքը չունի, եւ չնայած մի գլուխ Շիրակին ու Քոչարյանին գովեց՝ էս վերջիններից է՛լ առանձնապես պաշտպանություն չի ակնկալում, ընդհակառակը, լավ էլ զգում ու հասկանում է, որ էդ վերջիններն են իրենից պաշտպանություն ու լավություն ակնկալում, ու հենց էս պատճառով էլ էդ վերջիններին հասցեագրած իր գովեստներն անխնա ու մեծահոգաբար շռայլում է, որովհետեւ ոչ հայաստանցու համար որեւէ մեկին գովելն ու մեծարելը ոչ թե սկզբունքի՛ հարց է, այլ ընդամենը՝ բարեկրթության ու քաղաքավարության հարց, եւ եթե Շառլն իմանար, որ իր պաշտպանության կարիքը ո՛չ միայն Շիրակն ու Քոչարյանն ունեն, այլեւ՝ բոլորս, բոլորիս էլ հատ առ հատ կգովեր՝ ինչպես ժամանակին Սարոյանն էր միանգամայն մաքուր սրտով անում, եւ եթե Սարոյանն իր վերջին այցելության ժամանակ Հրանտին մյուս գրողներից մի քիչ ավելի գովեց, եւ եթե մյուս գրողներն էդ գովեստի դոզան զգալով՝ հոգեպես մի քիչ խոժոռվեցին, էդ խոժոռվելու ու կնճռոտվելու հիմնական պատճառն այն էր, որ մեր մյուս գրողներն իրենց հոգիների ամենախորքում Հրանտին իրենցից լուրջ ու էական էին համարում, եւ Շառլին վերադառնալով՝ ասեմ, որ ինքը, ի տարբերություն Սարոյանի, ժամանակակից հայաստանցիներիս շատ ավելի խորքանց ուսումնասիրած ունի, դրա համար էլ իր գովեստները բաշխում է ո՛չ թե երգիչներին ու երաժիշտներին, այլ հիմնականում՝ նախագահներին ու երբեմն էլ հայաստանցի գեղեցկուհիների գծով է լոբբինգ անում եւ վերջերս էլ նպաստեց, որ մեր ամենագեղեցկուհին Եվրոպայի մասշտաբով վիցցե միս դառնա, ու վերջինս էլ, ինչպեսեւ Շիրակն ու Քոչարյանը, լավության տակ չի մնում ու հենց էս պահին վարում է Շառլի հրապարակային համերգը, ընդ որում՝ ո՛չ թե պարզապես վարում է, այլ, ինչպես ասում են, վարում ու ցանում է՝ Շառլին ո՛չ միայն հնարավորինս պանծացնելով, այլեւ՝ հնարավորինս հայացնելով, ավելի ստույգ՝ ոչ թե հայացնելով, այլ՝ հայեցիացնելով, եւ Շառլին հնարավորինս հայեցիացնելով՝ ահա արդեն երրորդ անգամ Շառլին ո՛չ թե պարզապես Ազնավուր է անվանում, այլ միայն՝ Անձնավուր, ու էս հանգամանքը մի հավելյալ ապացույց է, որ հայաստանցիներս շատ հաճախ միանգամայն անտեղի ենք մեծարում ոչ հայաստանցիներին, եւ չնայած մեր վիցցե միսն իր կոչման բերումով արդեն ավելի եվրոպացի է, քան՝ շատ ու շատ եվրոպացիներ, այդուհանդերձ, Շառլին, Քոչարյանին ու Շիրակին ավելի շատ է ժպտում, քան՝ Հրապարակում կուտակված բազմահազար հայաստանցիներին, եւ հատուկենտ ընթերցողներիս արդեն գագաթնակետին հասած ջղաձգությունն զգալով՝ պիտի ասեմ, որ երգչական ձայնի իմաստով է՛լ չարժե Շառլին ինձանից պաշտպանել, որովհետեւ Շառլը էն եզակի երգիչներից է, ովքեր լավ գիտեն, որ երգչի համար խելքն ավելի անհրաժեշտ նախապայման է, քան՝ նույնիսկ ձայնը, այսինքն, ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ ես էս ընթացքում ո՛չ թե Շառլին էի փնովում, այլ՝ հենց մեզ, ներառյալ ու առաջին հերթին մեջներիս ամենաջղագրգիռներին, որոնք էլ հենց Շառլին քննությունից կկտրեին, եթե Կոնսերվատորիայում կամ Ռոմանոսում ընդունելության քննություն ընդունելու բախտն ունենային եւ եթե Շառլն էլ հայաստանցի աբիտուրիենտ լինելու դժբախտությունը երբեւէ ունենար, եւ, իհարկե, այսքանից հետո արդեն վստահ եմ, որ ընթերցողներիցս շատերն էս ասածներս միանգամայն ըմբռնումով կընդունեն. այսինքն, կհասկանան, որ ես ոչ թե Շառլին եմ բամբասում ու չարախոսում, այլ՝ ճակատագրով ու հավիտյանս հայաստանցիներին եւ հակապես ու առանձնապես՝ ինձ, որովհետեւ, ինչպես տեսնում եք, ես էլ մեր լրագրողների ու բոլորիդ պես՝ միայն մերոնց եմ ի վիճակի քննադատել ու պախարակել, այսինքն՝ եւս մի անգամ հենց կարկուտի ծեծած տեղն եմ ծեծում, իսկ ինչ վերաբերում է Շառլի ձայնին, ընդամենն ուզում էի ասել, որ երգչի ու մանավանդ էստրադային երգչի համար խելքն ու տաղանդն ավելի անհրաժեշտ են, քան՝ ձայնը, ճիշտ այնպես՝ ինչպես գեղանկարչի ու գրողի դեպքում են խելքն ու տաղանդն ավելի անհրաժեշտ, քան, ուրեմն, ներկերն ու վրձինները կամ, ասենք, թուղթն ու գրիչը, իսկ ինչ վերաբերում է մեր վիցցե միսին եւ Շառլի ձեռնարկած լոբբինգին, սա նույնպես քննադատություն չի, որովհետեւ լոբբինգն ամբողջ աշխարհում ու բոլոր բնագավառներում է ընդունված, եւ եթե «Եվրատեսիլի» ու Անդրեի առումով պոլսեցիների քվեներն օրինական ու օրինավոր համարեցինք, մեր գեղեցկուհու առումով Շառլի լոբբինգն առավել օրինական ու օրինավոր պիտի համարենք, մանավանդ որ՝ մեր գեղեցկուհու առումով իր լոբբինգը Շառլն ամենեւին չէր թաքցնում, ավելին՝ հեռուստացույցով որոշակիորեն տեսցնում էր եւ, ըստ ամենայնի, հատկապես հայաստանցիներիս էր տեսցնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել