Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա էլ փոքր եղբայրը

Մայիս 13,2007 00:00

\"\"Թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 50,802 կգ) IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն, վանաձորցի Վախթանգ (Վիկ) Դարչինյանն իր գոտու հերթական, թվով յոթերորդ, պաշտպանությունն իրականացնելու է հուլիսի 7-ին: Այդ օրը նրա մրցակիցը լինելու է ֆիլիպինցի բռնցքամարտիկ Նոնիտո Դոները: Այս մասին, վկայակոչելով «Boxsingtalk. com»-ը, տեղեկացնում է «All boxsing»-ը: Մարզասերներին հիշեցնենք, որ Վախթանգն անցած տարվա հոկտեմբերին նոկաուտով պարտության էր մատնել Նոնիտոյի ավագ եղբորը՝ Գլեն Դոներին:

Մերոնք՝ դրսում

Դագոմիս առողջարանային քաղաքում ավարտվեց շախմատի Ռուսաստանի ակումբային 14-րդ առաջնությունը: Ռուսաստանյան ակումբների մարզական պատիվը պաշտպանում էին նաեւ Հայաստանի առաջատար գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Սմբատ Լպուտյանը եւ Կարեն Ասրյանը: Պրեմիեր լիգայում (այստեղ ընդգրկված են ուժեղագույն ակումբները) հանդես էին գալիս 10 ակումբներ: Վլադիմիր Հակոբյանը խաղում էր Եկատերինբուրգի «Ուրալում», իսկ Սմբատն ու Կարենը՝ Չելյաբինսկի «Յուժնի Ուրալում»:

\"\"Առաջ անցնելով՝ ասենք, որ այս անգամ հայաստանցի գրոսմայստերները իրենց մարզական արդյունքներով առանձնապես աչքի չընկան: «Ուրալում» խաղացող Վլադիմիր Հակոբյանը, ճիշտ է, արժանացավ թիմային արծաթե մեդալի, սակայն 10 տուրերում խաղատախտակի առջեւ նստեց ընդամենը երեք անգամ ու բոլոր պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքի արդյունքով, մի ցուցանիշ, որը, համենայնդեպս մեզ համար` անսովոր է:

Ավելի անհաջող խաղացին Սմբատն ու Կարենը, ում հետ հաստատ լուրջ հույսեր կային կապված: Հայաստանցի այս երկու գրոսմայստերները մարզասերներին ներկայացան խաղի միջին մակարդակով: Ու պատահական չի կարելի համարել, որ «Յուժնի Ուրալը» մրցաշարային ամփոփիչ աղյուսակում գրավեց ընդամենը 9-րդ տեղը՝ թիմային 5 եւ անհատական 22 միավորով: Իսկ Ռուսաստանի չեմպիոն երրորդ անգամ ճանաչվեց «Տոմսկ 400»-ը, որը թիմային պայքարում ցույց տվեց 100 տոկոսանոց արդյունք:

Ամենաթանկ ֆուտբոլիստները

\"\"Աշխարհում ընդունված կարգ է, որ այս կամ այն բարձրակարգ մարզիկի հետ համագործակցության պայմանագիր կնքելուց հետո կողմերը նշում են պայմանագրի բոլոր մանրամասները, այդ թվում` նաեւ ֆինանսական: Չգիտես ինչու, այդ պրակտիկան Հայաստանում ոչ մի կերպ չի արմատավորվում: Երեկ արտասահմանի զանգվածային լրատվամիջոցները հրապարակել են աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը՝ նշելով նաեւ նրանց տարեկան վաստակի չափը: Ահա նրանք.

Միխայել Բալլակ. «Չելսիի» եւ Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան, 30 տարեկան՝ 10 մլն եվրո:

Անդրեյ Շեւչենկո. «Չելսիի» եւ Ուկրաինայի ազգային հավաքականի հարձակվող, 30 տարեկան՝ 10 մլն եվրո:

Ռոնալդինյու. «Բարսելոնի» եւ Բրազիլիայի ազգային հավաքականի հանճար, 27 տարեկան՝ 9 մլն եվրո:

Ֆրենկ Լեմպարդ. «Չելսիի» եւ Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան, 28 տարեկան՝ 7,8 մլն եվրո:

Դեւիդ Բեքհեմ. «Ռեալի» կիսապաշտպան, 31 տարեկան՝ 6,4 մլն եվրո:

Ուեյն Ռունի. «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող, 21 տարեկան՝ 5,2 մլն եվրո:

Ջանլուիջի Բուֆֆոն. «Յուվենթուսի» եւ Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ, 29 տարեկան՝ 4 մլն եվրո:

Պետր Չեխ. «Չելսիի» եւ Չեխիայի ազգային հավաքականի դարպասապահ, 24 տարեկան՝ 3 մլն եվրո:

Եվրոպայում լավագույն ֆուտբոլիստների աշխատավարձը նրանց ընդհանուր եկամտի ընդամենը մի մասն է կազմում: Մնացածը նրանք վաստակում են գովազդով: Նույն Ռոնալդինյուն անցած մրցաշրջանում ֆուտբոլային իր աշխատավարձին ավելացրել է եւս 14 միլիոն եվրո գովազդային գումար, Բեքհեմը՝ 11,5, Ռունին՝ 10,8 միլիոն: Հենց այս ֆուտբոլիստներն են գլխավորում ընդհանուր առմամբ աշխարհում ամենից շատ վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել