Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՅԼԵԼԸ՝ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈ՞ՒՆ

Մայիս 13,2007 00:00

\"\"Զրուցելով Վիկտոր Դալլաքյանի հետ՝ երեկ տեղեկացանք, որ նախորդ օրը երեկոյան ինքը քայլելիս է եղել Վանաձորով եւ գնացել է մթերային շուկա՝ գնումներ կատարելու իր երկու թիմակիցների հետ:

Վերջացնելուց հետո, տուն գնալիս, իր առջեւ է դուրս եկել ձեռքերը գրպանը դրած մի երիտասարդ, որը ներկայացել է որպես ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ եւ պատգամավորին նկատողություն արել, թե ինչո՞ւ է ման գալիս փողոցներում, իրավունք չունի, քարոզչություն է դա եւ այլն: Երբ Դալլաքյանը պահանջել է ներկայանալ, չի ներկայացել, «գոնե ձեռքերդ գրպանիցդ հանիր, հետո խոսիր»,- ասել է Վ. Դալլաքյանը, երիտասարդը պատասխանել է. «դու չպետք է ասես՝ ես ինչ անեմ»: Այդ պահին միջամտել է Դալլաքյանի ընկերներից մեկը, որին երիտասարդը ասել է՝ «գանգդ կցխեմ», այնուհետեւ նստել է ԳԱԶ 3110 սպիտակ գույնի 36 ԼՏ 257 մակնիշի ավտոմեքենան եւ գնացել: Պրն Դալլաքյանը պարզել է, որ այդ մեքենան պատկանում է Վահան Հարությունյանին, որը Վահրամ Բաղդասարյանի ընկերներից մեկի՝ Գենադիի որդին է, որի հետ միասին «Մորթու մուշտակի ֆաբրիկայի» սեփականատերերից է, եւ այդ երիտասարդը զբաղեցնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ԱՄ տեղը եւ այդ տեղը տրվել է Վահրամ Բաղդասարյանին: Վ. Դալլաքյանը համոզված է, որ Գեղամյանը այս առքուվաճառքի մասին տեղյակ չէ, քանի որ այստեղ ԱՄ գրասենյակի ղեկավար Արամ Ռեւազյանը բիզնեսով է զբաղված եւ իր տեղերը վաճառել է այս կամ այն թեկնածուին: Վ. Դալլաքյանն ասաց, որ այդ մասին տեղեկացրել է ոստիկանությանը:

«Ես չեմ ցանկանա, որ մեր ազգում լինեն քաղաքական բոմժեր կամ քաղաքական մարմնավաճառներ»

Վիկտոր Դալլաքյանի տարածած՝ իբր իր դեմ կատարված սադրիչ գործողությունների առումով ասաց թիվ 30 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանը: Մրցակցի կատարած հայտարարությունների առումով պարզաբանումներ խնդրեցինք Վահրամ Բաղդասարյանից, թեեւ նա 2 օր առաջ իր վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ մրցակիցը գնալու է սադրիչ գործողությունների եւ ամեն ինչ անելու է արհեստական աղմուկ բարձրացնելու համար, ուստի կոչ էր արել վստահված անձանց՝ լինել համբերատար եւ չգնալ սադրանքների: Պարոն Բաղդասարյանը մեր հարցին պատասխանեց, որ «մինչեւ մայիսի 2-ը իր մրցակիցը հանդես էր գալիս որպես ուժեղ, իր մեջքին ունի վիզ պոկող հզոր ուժեր եւ շատ փող: Սակայն մայիսի 2-ից հետո հանկարծ նրա ռազմավարությունը փոխվեց, եւ նա սկսեց գնալ սադրանքների: Նրա ասած երիտասարդը՝ Վահան Հարությունյանը, որը իբր իրեն ահաբեկել է, «Ազգային միաբանության» ներկայացուցիչ է, եւ ես նրան չեմ ճանաչում: Սակայն հագուստի շուկայում ընտրության նախորդ օրը Վ. Դալլաքյանը մինի հանրահավաք էր կազմակերպել եւ հայհոյել թե՛ մրցակիցներին, թե՛ իշխանություններին: Դրան ականատես է եղել հանձնաժողովի 3 անդամ՝ տարբեր կուսակցություններից, եւ երբ փորձել են կանխել նրա հանրահավաքը, նա նստել է մեքենան ու փախչել: Որպեսզի իր այդ արարքը արդարացնի, սկսել է կեղծ լուրեր տարածել, թե իբր իրեն ահաբեկել են: Այդ մարդը ծեծել է ե՛ւ իշխանությունների, ե՛ւ ընդդիմության դռները ու բոլորից մերժում ստանալով՝ հայտնվել քաղաքական բոմժի կարգավիճակում: Եվ անելանելի դրությունից ելնելով՝ նման անբարոյական արարքներ է թույլ տալիս եւ կեղծ լուրեր տարածում»:

Հ. Գ. Թիվ 30 ընտրատարածքի տարբեր տեղամասերում շրջելով եւ հարցեր ուղղելով թեկնածուներին եւ վստահված անձանց, մարդիկ պատասխանում էին, որ ամեն ինչ նորմալ է ու հանգիստ, ոչ մի լարվածություն չկա: Զարմանալիորեն լարվածությունը արձանագրում է միայն Վ. Դալլաքյանը, ով տանը նստած հետեւում է այդ անցուդարձին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել