Լրահոս
Օրվա լրահոսը

Լոս Անջելեսից հայտնում են

Մայիս 13,2007 00:00

Քվեարկություն չի կազմակերպվել

2007թ. մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների օրը, մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, եկել ենք Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսարան՝ Հայաստանի Սահմանադրության 30-րդ հոդվածով ամրագրված՝ մեր ընտրելու իրավունքը իրականացնելու համար:

Արձանագրում ենք, որ Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսարանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն ապահովող քվեարկությունները չի կազմակերպել, որով ընտրական գործընթացներից դուրս է թողել Լոս Անջելեսում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Այսօրինակ մոտեցումով ընտրական գործընթացներից դուրս են թողնված նաեւ Ռուսաստանում, եվրոպական երկրներում, Ամերիկայում եւ այլ վայրերում ապրող հարյուր հազարավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրելու իրավունքի այս աննախադեպ արգելքով հայաստանյան պաշտոնյաները Հայաստանի Հանրապետությանը հանել են Հայաստանի միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակներից դուրս: Համոզված ենք՝ նրանց հայտնի է, որ քաղաքացու ընտրելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն ներքոհիշյալ օրենսդրական հիմնավորումներով, երբ ընտրելու իրավունքից զրկվելը անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար:

Նշված հիմնավորումներով որեւէ օրենք հայաստանյան պաշտոնյաների կողմից չի բերված, գոյություն չունի եւ չէր էլ կարող ունենալ: Ուստի մեզ՝ Հայաստանից դուրս ապրող Հայաստանի քաղաքացիներիս, ընտրելու իրավունքից զրկելու այս անօրինական, հակասահմանադրական, հակաիրավական ակցիան որեւէ ընդհանրություն չունի մարդու իրավունքների հարգման եւ մարդասիրության հետ:

Մենք վճռականություն ենք հայտնում, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանության սկսված պայքարը շարունակելու ենք ժողովրդավարական հասարակության կողմից ընդունելի բոլոր ձեւերով ու եղանակներով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել