Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵՑ ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ

Մայիս 13,2007 00:00

Քանի որ ժողովուրդը հոգնել էր իշխանությունից

Շոտլանդիայի ընդդիմադիր Ազգային կուսակցությունը, մայիսի 3-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններում, վերջին 50 տարվա ընթացքում առաջին անգամ, պարտության մատնեց լեյբորիստներին:

Պատճառներից մեկը թերեւս այն էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերի ղեկավարած Լեյբորիստական կուսակցությունը պարզապես հիասթափեցրել էր ժողովրդին, եւ շարքային շոտլանդացիները ուղղակի նոր քաղաքական ուժի կարիք էին զգում:

Ոչ ոք ընտրությունները կեղծելու ցանկություն չունի

Ի տարբերություն հայերիս, Շոտլանդիայում ընտրակեղծիքների հարցը ոչ մեկին չի հուզում, ո՛չ ընդդիմությանը, ո՛չ իշխանությանը եւ ո՛չ էլ ժողովրդին, քանի որ ընտրությունները կեղծելու ցանկություն այս երկրում կարծես թե ոչ ոք չունի: Մինչդեռ, եթե Շոտլանդիայի ընտրական համակարգը դիտարկեք հայերիս մտահոգող խնդիրների տեսանկյունից, ապա կտեսնեք, որ այն ընտրակեղծիքների լայն հնարավորություններ է տալիս:

Այսպես, Շոտլանդիայում Ազգային ժողովի ընտրությունների համար պայքարող պատգամավորության թեկնածուները կարող են քարոզարշավ իրականացնել նաեւ ընտրությունների օրը, մինչեւ ընտրատեղամասերը փակվելը: Եվ պատկերացրեք, որ այս հանգամանքը ոչ մի կերպ չի խոչընդոտում արդար ընտրությունների անցկացմանը: Բացի այդ, պատգամավորության թեկնածուներն ու կուսակցությունները վստահված անձինք չունեն:

– Դրա կարիքը չկա, ընտրատեղամասերում աշխատողները շարքային ուսուցիչներ են կամ բուժքույրեր, եւ նրանք որեւէ ցանկություն չունեն այս կամ այն կուսակցության օգտին խախտումներ անել: Ոչ ոք չի ցանկանում դատարանում հայտնվել ու ազատազրկվել,- ասում է Ազգային կուսակցության անդամ, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով առաջադրված եւ ընտրություններում հաղթած Ֆերգուս Յուինգը:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ապա այդպիսի «մշակույթ» Շոտլանդիայում չկա, ի դեպ, գյուղական շրջաններում կարտոֆիլ բաժանելու միտքը շոտլանդացի պատգամավորներին բավական զվարճացրեց:

– Կարտոֆի՞լ բաժանենք, բայց ինչո՞ւ,- զարմանում էին թեկնածուները:

Շոտլանդիայում

տեղամասային հանձնաժողովներ չկան

Մեծ Բրիտանիայում ընտրական հանձնաժողովի անդամները ոչ թե նշանակվում են, այլ ուղղակի մասնակցում են նախօրոք հայտարարված մրցույթին, որի ընթացքում ընտրվում են լավագույնները: Ի դեպ, հանձնաժողովի անդամները չպետք է որեւէ կուսակցության անդամ լինեն կամ կապ ունենան քաղաքական որեւէ ուժի հետ:

Այնպես որ, հանձնաժողովում կուսակցության ներկայացուցիչների բացակայության դեպքում էլ կարելի է արդար ընտրություններ անել: Ինչ վերաբերում է ընտրատեղամասերին, ապա այստեղ հանձնաժողովներ չկան, ընտրատեղամասում ընդամենը 2 մարդ է աշխատում, մեկը ընտրողի տվյալներն է ճշտում, մյուսը քվեաթերթիկն է տալիս: Նկատենք, որ աշխատակիցները բոլորն էլ անկուսակցականներ են եւ ընտրատեղամասում աշխատում են միայն ընտրությունների օրը:

Անթափանց

քվեատուփերով՝

թափանցիկ ընտրություններ

Շոտլանդիայում քվեատուփերը ընդհանրապես թափանցիկ չեն, հակառակը՝ դրանք ուղղակի սեւ են: Հավատացեք, որ քվեատուփի գույնը, ձեւն ու թափանցիկությունը, ինչին այնքան մեծ ուշադրություն են դարձնում Հայաստանում, որեւէ կապ չունեն թափանցիկ ընտրությունների հետ:

Պատգամավորության

թեկնածուներն իրենց ընտրողներին ողջունում են սուպերմարքեթի դիմաց

Շոտլանդիայում քարոզարշավը միանգամայն այլ ձեւով է իրականացվում: Հանրահավաքներ չկան, դահլիճային հանդիպումներին էլ ընտրողները սովորաբար չեն մասնակցում, հետեւաբար, պատգամավորության թեկնածուներն այլ մեթոդների են դիմում: Օրինակ, առավոտյան միայնակ կանգնում են սուպերմարքեթի դիմաց եւ խանութ այցելող իրենց ընտրողներին ընդամենը մեղմ ժպտում են ու բարեւում:

– Բարի առավոտ, ինչպե՞ս եք, լավ եղանակ է, այնպես չէ՞:

Հիմա պատկերացրեք մեծամասնականով առաջադրված մեր թեկնածուներին նման իրավիճակում, առանց թիկնապահների, խանութների առջեւ ձեզ ժպտալիս՝ դժվար է պատկերացնել:

Առավել եւս դժվար է պատկերացնել, որ թեկնածուն երեկոյան ավտոմեքենայով շրջում է իր ընտրատարածքում եւ բարձրախոսով ընտրողներին ուղղակի խնդրում է իրեն ձայն տալ, դրան զուգահեռ նաեւ նրանց բարի երեկո է մաղթում եւ խորհուրդ տալիս ջին-տոնիկ ըմպել: Ինչպես տեսնում եք, մեր թեկնածուների քարոզարշավի հետ ոչ մի նմանություն չկա:

Ինչեւէ, Շոտլանդիայում Ազգային ժողովի ընտրություններին հետեւելուց հետո էլ կրկին այն եզրակացությանն ես գալիս, որ էական չէ, թե ինչպիսի ընտրական համակարգ ու ընտրական օրենսգիրք ունի երկիրը:

Եթե իսկապես ուզում ես, որ ընտրություններն ազատ եւ արդար անցնեն, ապա այդպես էլ անում ես, իսկ եթե կեղծելու ես, ուրեմն կեղծում ես, ու այդ դեպքում որեւէ օրենսգիրք, թեկուզ 10 անգամ բարեփոխված, չի կարող ընտրակեղծիքների դեմն առնել:

Շոտլանդիայում ընդդիմությունը հաղթեց, քանի որ ժողովուրդը հոգնել էր իշխանությունից, եւ բացի այդ՝ ազգայնականներին ձայն տված շոտլանդացիների մի մասը իսկապես ցանկանում է Շոտլանդիան տեսնել Մեծ Բրիտանիայի կազմից դուրս, անկախ եւ բարգավաճող:

Ընտրություններում հաղթած Շոտլանդիայի Ազգայնական կուսակցությունը խոստանում է անկախության հանրաքվեն անցկացնել 2010 թվականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել