Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են կրթություն ստանում փոքրամասնությունները

Մայիս 13,2007 00:00

Այս հարցը յուրաքանչյուր համայնք յուրովի է լուծել

Հայաստանում ներկայումս գործում են 11 ազգային փոքրամասնությունների համայնքներ: Ըստ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչության «ՀՀ ազգային փոքրամասնությունները քաղաքացիական հասարակության կայացման արդի պայմաններում» գիտական ձեռնարկի՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների թիվը տարեցտարի նվազում է:

Օրինակ՝ եթե եզդիների թիվը 1989-ին 51.976 էր, ապա 2001-ին նրանք 40.620 էին: Լեհերն էլ 270-ից դարձել են 97: Որպեսզի չկանգնեն ձուլման եւ սեփական այբուբենը մոռացության մատնելու վտանգի առաջ, որոշ համայնքներ ստիպված իրենք են իրենց մայրենի լեզվի դասընթացները կազմակերպում: «Շաբաթական երկու անգամ մեր համայնքի երեխաների եւ մեծահասակների համար կազմակերպում ենք հունարենի դասընթացներ: Նրանց դասավանդում են մասնագետներ, ովքեր 8 ամսով Հունաստանում լեզվի դասավանդման հատուկ դասընթացների են մասնակցել: Սակայն ոչ բոլորն են կարողանում մասնակցել դրանց: Ովքեր քաղաքի ծայրամասում են ապրում՝ դժվարանում են գալ Կոմիտասում գտնվող մեր կենտրոն»,- ասաց «Պոնտի» հունական հասարակական կազմակերպության նախագահ Նիկոլայիդի Ֆրոնտիկը: Վերջինս տեղեկացրեց, որ Երեւանում մի քանի դպրոց կա, որտեղ հունարեն է դասավանդվում: «Թիվ 74 դպրոցում հունարենը մինչեւ 8-րդ դասարան են ուսումնասիրում, թիվ 12-ում՝ շաբաթական մեկ անգամ, ֆակուլտատիվ պարապմունքների միջոցով: Թիվ 132 դպրոցում ժամանակին դասավանդվում էր հունարեն, սակայն որոշ ժամանակով այն կանգ է առել: Հույս ունենք, որ այդ գործընթացը կվերսկսվի, քանի որ այս դպրոցը վերանորոգվում է Հունաստանի կառավարության աջակցությամբ»,- նշեց Ն. Ֆրոնտիկը: Չնայած հունական համայնքի նախագահը փաստեց, որ «հայերը հույների հետ թե ընկերական, թե ախպերական առումով միշտ լավ են եղել», սակայն ակնարկեց, որ կցանկանար՝ ավելի մեծ թվով դպրոցներում հունարեն դասավանդեին:

Հայաստանում եզդիների թիվը մոտավորապես 40 անգամ ավելի է, քան հույներինը: Սակայն այսօր Երեւանում չկա գեթ մեկ հանրակրթական դպրոց, որտեղ եզդիերեն դասավանդվի: «Հույները պետականություն ունեն, իսկ մենք՝ ոչ: Ձեր դիտարկման մի պատճառը սա է: Մյուս կողմից էլ մենք՝ եզդիներս, գիր-գրականություն չսիրող ազգ ենք, դեռ նոր-նոր է սկսել մեր կրթական կողմը զարգանալ»,- նկատեց Հայաստանում եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: Վերջինս վստահեցրեց, որ, ի տարբերություն մայրաքաղաքի, մարզերի եզդիական գյուղերում եզդերենի դասավանդումը բավարար մակարդակի վրա է: Նույնիսկ 2-րդ, 3-րդ դասարանների դասագրքեր ունեն:

Մեր հանրակրթական դպրոցներից ոչ մեկում հրեա երեխաները չեն ուսանում իրենց մայրենի լեզուն՝ իվրիտը: «Անհրաժեշտություն չեմ տեսնում, որ որեւէ հանրակրթական դպրոցում մեր երեխաներին մայրենի լեզուն դասավանդեն: Երեխաները տարբեր տարիքի են, կանոնակարգված դասարաններով նրանց դասավանդումը հնարավոր չէ: Ուստի կիրակնօրյա դպրոցում մեր մասնագետներն են նրանց մայրենի լեզու սովորեցնում»,- տեղեկացրեց ՀՀ-ում հրեաների համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել