Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՎԱԳԱԽՈՒՄԲՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է

Մայիս 13,2007 00:00

Գյումրիի սիմֆոնիկը ստեղծվել ու… վերացե՞լ է

1993թ. հանդիսավորությամբ իր ծնունդը նշած եւ քաղաքի մշակութային կյանքում գործունեությունը սկսած պետական սիմֆոնիկ նվագախումբն անհետացել է, պարզապես չկա:

Տարօրինակ ու զարմանալի այս փաստը տեղի է ունեցել Գյումրիում, ու արդեն տեւական ժամանակ բոլորը լռում են կամ վախենում են բարձրաձայնել կատարվածի մասին: Միայն օրերս այս փաստի առնչությամբ որոշեցին «Առավոտին» հայտնել Գյումրիի քաղաքապետարանի եւ ՀՀ մշակույթի նախարարության երկու պատասխանատուներ, պայմանով, որ իրենց անունները չեն հրապարակվի:

1993թ. ՀՀ մշակույթի նախարար Հակոբ Մովսեսի, Գյումրիի քաղխորհրդի նախագահ Լյովա Ադամյանի եւ դիրիժոր Լորիս Ճգնավորյանի ջանքերով իրականություն է դառնում քաղաքի երաժիշտների երազանքը՝ ստեղծվում է պետական սիմֆոնիկ նվագախումբ՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Մացոյանի ղեկավարությամբ: Որոշ ժամանակ հետո նա հրավիրվում է Օդեսայի կոնսերվատորիա ու նշանակվում տեղի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար: Ս. Մացոյանից հետո Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի պարտականությունները ստանձնում է խմբավար Ռոբերտ Մլքեյանը, որն արդեն տարիներ շարունակ Հայաստանի պետական նվագախմբի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է: Նրա նախաձեռնությամբ էլ սիմֆոնիկ նվագախումբը վերածվում է կամերայինի: Պաշտոնական որոշումներ վերակազմավորման մասին չեն կայացվում, քանզի ոչ ոք սիմֆոնիկը չէր լուծարել ու նոր նվագախումբ չէր ստեղծել: Նվագախմբի հաստիքների վերաբաժանում էլ տեղի չի ունենում: Ռ. Մլքեյանին փոխարինելու է գալիս դիրիժոր Սամվել Ադամյանը, որը սկսած 2000 թ. մինչ օրս հանդիսանում է նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը եւ համակերպվում է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբ-կամերային կազմ անհեթեթ անվան հետ: Իսկ այդ նույն ժամանակամիջոցում ստեղծված «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբը կլանում է պետական սիմֆոնիկի երաժիշտներին: Հասկանալի է, «Գոհարը» մեծ հեռանկարներ էր բացում երաժիշտների առջեւ: Ժամանակին 17-18 հազար դրամ աշխատավարձ վճարելով երաժիշտներին, նվագախմբի ղեկավար Սեպուհ Աբգարյանը գայթակղում է նրանց նաեւ արտասահմանյան համերգներով:

Չնայած վերը շարադրվածին, նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սամվել Ադամյանը «Առավոտին» հայտնեց. «Վերջին մեր համերգը կայացել է այս տարի ապրիլի 30-ին՝ 42 երաժիշտներից կազմված նվագախմբով: Այլ երկերի թվում կատարել ենք նաեւ Բիզե-Շչեդրինի «Կարմեն» սյուիտը հարվածային գործիքների ու կամերային նվագախմբի կազմով, որին միացրել էինք «Կարմենի» հանրահայտ նախերգանքը, ինչը միայն կամերային կազմով հնարավոր չէր ներկայացնել»: Մշակույթի նախարարությունից էլ հայտնեցին, որ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ իրենք գործ չունեն, քանի որ այն ի սկզբանե ստեղծվել է մարզային ենթակայությամբ: Նախարարությունում հավանաբար մոռացել էին, որ մշակութային որոշ կոլեկտիվներ մարզային ենթակայության տակ են անցել 1996 թվականից: Իսկ Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի պետ Հասմիկ Կիրակոսյանն էլ վրդովված ասաց. «Ժամանակին ավերված քաղաքում երկունքովս է ծնվել այս նվագախումբը: Թեեւ սկզբնական շրջանում կարգին գործիքներ էլ չունեինք, բայց եվրոպաներն էլ հասանք: Չարախոսելու փոխարեն՝ սիմֆոնիկին փայփայել ու ձեռք մեկնել է պետք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել