Լրահոս
Օրվա լրահոսը

Դժգոհություններ՝ ընտրությունների առիթով

Մայիս 13,2007 00:00

«Առավոտը» մայիսի 11-ին նամակ էր ստացել [email protected] հասցեից, որն ուղղված է ՀՀ եւ ՍԴ նախագահներին, վարչապետին,

Մարդու իրավունքների պաշտպանին եւ բոլոր կուսակցություններին:

«Մենք՝ ՀՀ գերմանաբնակ քաղաքացիներս, դիմում ենք Ձեզ վերականգնելու մեր քաղաքացիական արդար իրավունքը՝ մասնակցելու ՀՀ ԱԺ ընտրություններին օրենքով սահմանված ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքով, որը հաստատված ու ամրագրված է ՀՀ սահմանադրությամբ՝ անկախ նրա բնակության վայրից: Ըստ ՀՀ սահմանադրության, Հայաստանի ամեն մի քաղաքացի ազատ տեղաշարժվելու, ցանկացած վայրում ու երկրում ապրելու, հանգրվանելու իրավունք ունի: Մեզ ընտրելու իրավունքից զրկելը սահմանադրական կարգի եւ մարդու իրավունքների կոպիտ խախտում է, որը անըմբռնելի է աշխարհի բոլոր զարգացած եւ դեմոկրատական երկրների կողմից: Վստահորեն հայտնում ենք, որ մեր այս օրինական պահանջին կարձագանքեն բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, որոնք ստիպված, Ձեզ հայտնի պատճառներով ապրելով հայրենիքից դուրս, իրենց քաղաքացիական իրավունքների այսպիսի կոպիտ ոտնահարումից վիրավորված, կմիանան մեզ՝ արտերկրում ապրող ՀՀ քաղաքացու իրավունքը վերականգնելու արդարացի պահանջով: Հուսով ենք, որ ՀՀ մեծարգո այրերը կընդառաջեն եւ հնարավորություն կտան մեզ՝ քաղաքացիական պարտքը կատարելու պետության, հայրենիքի առջեւ: Այլապես մենք կդիմենք Եվրախորհուրդ եւ Եվրոդատարան՝ վերականգնելու մեր՝ ՀՀ քաղաքացիների կոպտորեն արգելված իրավունքները»,- ասվում է գերմանահայերի նամակում:

Մի նամակ էլ ստացվել է Գյումրիի արագ արձագանքման շտաբից: Պարզվում է՝ ԿԸՀ-ն նախորդ օրը դիտորդական առաքելության իրականացման իրավունքից զրկել է Գյումրիի ուսանողական խորհուրդ (ԳՈՒԽ) հասարակական կազմակերպությանը: ԿԸՀ որոշման համար հիմք է հանդիսացել կազմակերպության անդամներից մեկի կարճ ելույթի տեսագրությունը, որում նա իր աջակցությունն է հայտնում պատգամավորական մեծամասնական թեկնածուներից մեկին: ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը առաջարկել է դիտորդական իրավունքից զրկել միայն այն դիտորդին, ով թեկնածուին աջակցության կոչ է արել: Այս առաջարկը, սակայն, մերժվել է:  Հիշեցնենք, որ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ եւ Գյումրիի ուսանողական խորհուրդ հ/կ-ները համատեղ 10 օր առաջ հիմնադրել էին ընտրությունների եւ քվեարկության ընթացքի գործընթացների Արագ արձագանքման շտաբ:

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունն էլ բողոքելու իր պատճառներն ունի: «Մեզ հասած տվյալներով՝ որոշ բուհերի ուսանողների ստիպողաբար պարտադրել են մասնակցել քարոզարշավի վերջին օրը Ազատության հրապարակում Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված ավարտական հանդիպմանը: Գաղտնիք չէ, որ ՀՀ գրեթե բոլոր բուհերը, մեղմ ասած, հանրապետականացված են. վերջին ժամանակներս նորաձեւության նման մի բան է դարձել նաեւ ուսխորհուրդների նախագահների՝ հանրապետական լինելու պարտադիր նախապայմանը: Ահա այսպիսի իրավիճակում որոշ հանրապետականացված ուսխորհուրդների գործունեության արդյունքում տուժում են անկուսակցական կամ քաղաքականությունից խուսափող ուսանողները»,- ասվում է «Սարգիս Տխրունու» հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել