Դրանց մի մասը աննախադեպ է
Երեկ Երեւանի թիվ 10/06 ընտրական տեղամասում է քվեարկել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Մենք լիահավատ ենք, որ գոնե այս անգամ պատկան մարմինը՝ ԿԸՀ-ն, իր ամփոփմամբ կարտացոլի իրական քվեարկության պատկերը: Իսկ եթե հանրագումարում ունենանք ոչ ընտրական արդյունք, ապա մեր տեսակետը այլ կլինի»,- հայտնել է պրն Հովհաննիսյանը:
«Ժառանգության» դիտորդներն ու վստահված անձինք երեկ առավոտվանից արձանագրում էին ընտրախախտումների բոլոր դեպքերը:
Կուսակցության շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեց դրանց մի մասը: Նրա փոխանցմամբ, մասնավորապես 5/22 ընտրատեղամասում կարուսելի դեպք է գրանցվել. «Նույն մարդը մի քանի անգամ էր քվեարկում»: Իսկ 12/26 ընտրատեղամաս մարդկանց ավտոբուսներով էին բերում, իսկ «դա հենց այնպես չի արվում»: Թիվ 98 դպրոցում զանազան խախտումներ է նկատել «Ժառանգության» համամասնական ցուցակով առաջադրված Լարիսա Ալավերդյանը եւ պահանջել, որ միջազգային դիտորդներ գան: Այստեղ տեղական դիտորդների նկատմամբ նաեւ ճնշումներ են գործադրվել:
Ըստ Հ. Խուրշուդյանի ձեռքի տակ եղած փաստաթղթերի, որոշ ընտրատեղամասերում ժամը 14-ի դրությամբ ընտրողների քանակը շուրջ մեկ տասնյակ է եղել, փոխարենը՝ մոտակա այլ տեղամասերում, մինչեւ 700, ինչը խորհելու տեղիք է տվել: Հ. Խուրշուդյանը նաեւ հայտնեց, որ Նոր Հաճընում, Զովունիում, Քանաքեռավանում տարբեր չափերի ընտրակաշառք է բաժանվել: Նա մարդկանց ու կուսակցությունների անուններ հայտնելուց ձեռնպահ մնաց, որպեսզի դա հակաքարոզչություն չդիտվի: Որոշ տեղամասերում «Ժառանգությունը» թույլատրելի 15 ընտրողի փոխարեն՝ հավաքված մինչեւ 60 մարդ է տեսել, իսկ դա, կուսակցության ներկայացուցիչների համոզմամբ, ընտրախախտումների համար բարենպաստ միջավայր է ստեղծում: Մարդկանց կուտակումներ են եղել հատկապես 9/29, 7/01, 8/09, 30,31 ընտրատեղամասերում: 16 թաղամասի 27 շենքի 12 բնակարանի բնակիչ Գեւորգյան Գալեբսիկը արդեն ստորագրված է տեսել իր անվան դիմաց:
Իսկ Նոր Նորքի զանգվածի թիվ 62 դպրոցի դիմաց, որտեղ 1-ին ընտրատարածքի 25 եւ 26-րդ տեղամասերն են, ծեծկռտուք է եղել: Ահազանգը «Ժառանգությունում» ստացել են ժամը 13:30-ի սահմաններում, դեպքի վայրում եղել են ժ. 14.30-ին ու տեսել, թե ինչպես են մարդիկ շարունակում կռվել ընտրողների աչքի առաջ եւ Հ. Խուրշուդյանի ձեւակերպմամբ՝ «ոստիկանների թուլակամ ներկայությամբ»:
«Քանի որ 4/07 ընտրատեղամասում 50-60 մարդ է հավաքված եղել, հանձնաժողովի նախագահը ստիպված է եղել դադարեցնել քվեարկությունը: Երբ մենք հասանք, վիճակը արդեն քիչ թե շատ կարգավորված էր, բայց մարդիկ դարձյալ շատ էին»,- հայտնեց մամուլի խոսնակը:
«Ժառանգության» գրանցած ամենացցուն խախտումներից մեկն էլ այն է, որ 06/08 տեղամասում հայտնաբերվել են տպագրական խոտանով քվեաթերթիկներ: ԿԸՀ-ում «Ժառանգության» լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ դրանց վրա «Ժառանգություն» կուսակցության անվան տակ ավելորդ գծիկ է եղել: «Երբ արդեն քվեարկած ընտրողներից մեկը դիմել է հանձնաժողովականներին, նրան ասել են, որ հնարավոր է քվեաթերթիկն անվավեր ճանաչվի: Մենք անմիջապես եղել ենք տեղում, արձանագրել այդ փաստը»,- նշեց պրն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ գուցե տպագրական խոտանի պատրվակը օգտագործվի «Ժառանգության» օգտին եղած ձայները նվազեցնելու համար:
Հ. Խուրշուդյանը ժամը 20-ից հետո հրավիրված ասուլիսում եւս լրագրողներին տեղեկացրեց 400 տեղամասերից իրենց ունեցած արդյունքներին: Ըստ նրա, անհայտ անձինք՝ ներխուժելով 23/39 ընտրատեղամաս, ծեծել են հանձնաժողովի նախագահին, լցոնումներ կատարել, որի արդյունքում կոտրվել է քվեատուփերից մեկը: «Ահազանգ ենք ստացել այն մասին, որ Դավիթաշենի փոխթաղապետին պատկանող 02 -002 համարանիշով «Համեր»-ատիպ մեքենայով մի անձնավորություն, մտնելով Դավիթաշենի տեղամասեր, նախագահներին կանչում է դուրս, իսկ դրանից հետո վերջիններս ոչ մի խախտում չեն արձանագրում»,- նշեց Հ. Խուրշուդյանը: Իսկ ըստ «Ժառանգության» շտաբի պետ Վ. Խաչատրյանի, «5/19 ընտրատեղամասում ոչ միայն «Ժառանգության», այլեւ մյուս կուսակցությունների վստահված անձանց բողոքները չեն գրանցվել, որովհետեւ հանձնաժողովի նախագահը հրաժարվել է դրանք արձանագրել բողոքի գրքում: Տեղեկացել ենք նաեւ, որ Մասիս քաղաքում եղել են բախումներ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, որոնց պատճառը եղել են միմյանց կողմից արձանագրած ընտրակաշառքները… Երեւանի ընտրատեղամասերից մեկում էլ ծեծել ու առեւանգել են հանձնաժողովի նախագահին»: