Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՏՈՐԴ ԷՐ… ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ

Մայիս 13,2007 00:00

\"\"Հնչակյան կուսակցությունը՝ օրինախախտումների մասին

Երեկ ժ.16-ին հայտարարությամբ հանդես եկավ ՍԴՀԿ մամլո դիվանը:

«Հսկայական օրինախախտումներ են կատարվում Տավուշի մարզում: Ինչպես հեռախոսով ՍԴՀԿ մամլո դիվանին փոխանցեց Գրողների միության նախագահ եւ մեծամասնական թեկնածու Լեւոն Անանյանը, Շնող գյուղում որպես դիտորդ է գրանցվել համայնքապետ Հայկազուն Քոչինյանը եւ ուղղորդում, ինչպես նաեւ ընտրակաշառք է բաժանում, որպեսզի գյուղացիները քվեարկեն հօգուտ Միքայել Վարդանյանի: Ընտրակաշառքների դեպքեր են գրանցվել Հաղթանակ, Գետահովիտ եւ Այրում գյուղերում: Մարզպետը ստիպում է քվեարկել հօգուտ ՀՀԿ-ի:

Թիվ 5 ընտրատարածքի 33 ընտրատեղամասերում ՀՀԿ-ն աջակցում է Լեւոն Սարգսյանին: Ընտրատեղամասերի դիմաց կանգնած են երիտասարդներ, ովքեր տեղամաս մտնողներին հրահանգում են քվեարկել հօգուտ Լեւոն Սարգսյանի: 5/30 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության դեպք է արձանագրվել: Հանձնաժողովի անդամները այս պահի դրությամբ հրաժարվում են որեւէ արձանագրություն կազմել: 5/9 ընտրատարածքում հանձնաժողովի ՀՀԿ ներկայացուցիչ Ալլա անունով մի կին խանգարում է ՍԴ Հնչակյան կուսակցության, «Ժառանգություն» կուսակցության եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված Թաթուլ Մանասերյանի վստահված անձանց աշխատանքներին: Նույնիսկ հրավիրել են ոստիկանություն, որպեսզի վստահված անձանց դուրս հանեն»:

Ժ.16-30-ի դրությամբ պատկերն այսպիսին էր.

Թալինի շրջանի Արեգ գյուղում համատարած ընտրակաշառքներ են բաժանում ՀՅԴ, «Դաշինք» կուսակցությունների ներկայացուցիչները: Իրավիճակն այն աստիճան է լկտիացել, որ ստիպում են բացահայտ քվեարկել հօգուտ այդ կուսակցությունների:

2/35 ընտրատարածքում փորձել են, այսպես կոչված, «կարուսել» աշխատացնել: Քվեարկողներից մեկը մտել է ընտրատեղամաս, վերցրել 2 քվեաթերթիկները եւ արկղի մեջ նետել միայն մեծամասնականինը: Այնուհետեւ պահանջել է իրեն տրամադրել նաեւ համամասնական քվեաթերթիկ, ինչը, սակայն, վստահված անձանց աղմուկից հետո չի տրամադրվել:

4/07 ընտրատեղամասում սպասարկում է միայն մեկ սեղան, ինչը, բնականաբար, մեծ հերթեր է գոյացնում: Չի պահպանվում գաղտնիության սկզբունքը:

2/26 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության դեպք է գրանցվել, սակայն արձանագրվել է հանձնաժողովի կողմից:

Գյումրի քաղաքում Սամվել Բալասանյանի մարդիկ մինչեւ 20 000 դրամ գումար են բաժանում՝ այն պայմանով, որ մեծամասնական ընտրակարգում ընտրեն Սամվել Բալասանյանին:

Մալաթիայի եւ Հարավարեւմտյան թաղամասը կազմող 7-րդ ընտրատարածքում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մարդիկ տարբեր տեղերից ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով մարդկանց են բերում, ովքեր մտնելով ընտրատարածքներ՝ քվեարկում են Սամվել Ալեքսանյանի եւ ՀՀԿ-ի օգտին: Վանաձորում նույնպես միկրոավտոբուսներով մարդկանց են տանում ընտրատարածքներ եւ ստիպում քվեարկել ՀՀԿ-ի օգտին:

7/19, 7/20 ընտրատարածքներում Սամվել Ալեքսանյանի ներկայացուցիչները մի քանի անգամ մտել են ընտրատեղամասեր եւ խուճապ առաջացրել: 7/9 ընտրատեղամասում մի անձնավորություն փորձել է 2 անգամ քվեարկել հօգուտ ՀՀԿ-ի:

Աշտարակի 14/17 ընտրատարածքում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին ոստիկանների ուղեկցությամբ դուրս են հանել ընտրատարածքից եւ արձանագրություն կազմել միայն այն պատճառով, որ վերջինս նկատել է, թե ինչպես են խմբերով ցույց տալիս քվեարկել հօգուտ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված Վարդան Մալխասյանի եղբորը ձերբակալել եւ տարել են ոստիկանություն:

Գավառում եւ Սպիտակում հենց այս պահին համատարած ընտրակաշառք են բաժանում՝ կոչ անելով քվեարկել ՄԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի օգտին: Բաժանում են 15-20000 դրամ ընտրակաշառք: Գավառում ընտրակաշառք են բաժանում գործող քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի մարդիկ, ովքեր կոչ են անում քվեարկել ՄԱԿ-ի օգտին եւ վարում են առանց համարանիշի «Նիսսան» մակնիշի «Ջիպ»:

3/27 ընտրատարածքում ծեծկռտուք է եղել ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի վստահված անձանց միջեւ:

Թիվ 40 ընտրատարածքի Իջեւանի շրջանի Դիտավան գյուղում առավոտյան քվեարկել են հարակից շրջանի զինվորները եւ, բնականաբար, ՀՀԿ-ի օգտին: Այդ շրջանում արդեն վերջացել են քվեաթերթիկները: Գյուղացիների մեծամասնությունը չի կարողանում քվեարկել: Հրահանգ է իջեցված քվեարկել Միքայել Վարդանյանի եւ ՀՀԿ-ի օգտին: Այս մասին են ահազանգում Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի վստահված անձինք:

Ժամը 20-ին 2/26 ընտրատարածքում «ընտրելու» են բերել մոտ 10 ծեր կանանց, ովքեր հայտարարել են, թե իրենք, վատ տեսողության պատճառով, չեն կարող ընտրել եւ նրանց փոխարեն ՀՀԿ-ի օգտին քվեարկել է հանձնաժողովի նախագահը: Նախագահը նաեւ հայտարարել է, որ այս ամենը չի արձանագրելու, քանի որ օրինախախտում չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել