Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ընդդիմությունը հասուն է

Մայիս 13,2007 00:00

Երեկ այսպիսի համոզմունք հայտնեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը

Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում, որտեղ տեղակայված է թիվ 9/11 ընտրատեղամասը, մոտ 1 ժամվա տարբերությամբ, քվեարկեցին հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Նրանց երկուսի քվեարկության ժամանակ էլ ներկա էին ԱՊՀ դիտորդները՝ ի դեմս դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Ռուշայլոյի: Նախագահն իր քաղաքացիական պարտքը կատարեց առավոտյան ժամը 11-ին: Նա քվեարկելու էր եկել տիկնոջ եւ դստեր հետ: Նախագահի ընտանիքի իգական սեռի ներկայացուցիչները քվեարկելուց հետո ստացան սպիտակ վարդեր: Լրագրողների այն հարցին, թե Ռ. Քոչարյանն ում օգտին է քվեարկել, նախագահը չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ չի ուզում, որպեսզի իր ասածները շահարկությունների առիթ դառնան: Նա միայն ասաց, որ քվեարկել է Հայաստանի ապագայի եւ սոցիալական ու տնտեսական ոլորտների բարեփոխումների համար: Լրագրողների հետ զրույցում նախագահը չցանկացավ որեւէ կանխատեսում անել, քանի որ՝ «Մի քանի ժամից վերջնական արդյունքները կիմանանք»: Ռ. Քոչարյանի խոսքերով. «Ես շատ եմ ցանկանում, որ խորհրդարանում լինեն հայաստանյան ընդդիմադիրներ, այլ ոչ թե արտերկրի ներկայացուցիչներ՝ տարբեր խմբակցությունների ձեւով»: Ինչպես նշեց Ռ. Քոչարյանը, առանձնահատուկ սպասելիքներ չունի այս ընտրություններից. «Առավելագույն ձայներ ստացած ուժերը նախագահական ընտրություններին լավ ստարտային հնարավորություններ կունենան, բայց պետք է այս ամենին նայել նոր Սահմանադրության տեսակետից»:

Վարչապետը նույնպես ընտրատեղամաս էր եկել կնոջ եւ դստեր ուղեկցությամբ: Նախքան քվեարկելը, նա մոտեցավ միջազգային դիտորդներին, բարեւեց ու մի քանի րոպե զրուցեց նրանց հետ:

«Ես Հանրապետական կուսակցության հնարավորությունները բարձր եմ գնահատում: Իմ կարծիքով, մեր կուսակցությունը ոչ մի բաց կողմ չունի: Ես շատ եմ ցանկանում, որ այս ընտրությունները լինեն լավագույնը Հայաստանի պատմության մեջ, այսինքն՝ մեր ժողովուրդն ու բազմաթիվ դիտորդներ այդպես գնահատեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ս. Սարգսյանը: Ըստ նրա, ընտրակեղծիքներ չեն լինի եւ ընտրողներն էլ ակտիվ կլինեն, քանի որ քարոզարշավն էլ է ակտիվ անցել: Այն դիտարկմանը, թե շատ կուսակցություններ հայտարարում են, որ ընտրություններն արդեն կեղծված են, քանի որ նախընտրական փուլում ընտրակաշառքներ են բաժանվել, վարչապետն ասաց. «Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, ուստի յուրաքանչյուրն իրավունք ունի հայտարարել, ինչ ցանկանում է: Իմ խորին համոզմամբ՝ ընտրությունների նախընտրական փուլն անցել է ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան: Երեւի մենք էլ՝ քիչ ձայնի ակնկալիք ունենալով, այդպես ասեինք»: Վարչապետը համոզված էր, որ մայիսի 13-ին ընդդիմության եւ իրավապահ մարմինների միջեւ բախումներ չեն լինի. «Մեր ընդդիմությունը հասուն է եւ որեւէ օրենք կամ հասարակական կարգ չի խախտի: Թո՛ղ հանրահավաք ու երթեր կազմակերպեն, չեմ կարծում, որ 2004-ի ապրիլի 12-ը նորից կրկնվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել