Շիրակի մարզի գյուղերում ընտրողների մեկ ձայնի արժեքը հասել էր 50 դոլարի
Երեկ Գյումրիի քաղաքային տրանսպորտի երթուղային ցանցը գրեթե կաթվածահար էր եղել: Մեծամասնականով առաջադրված որոշ պատգամավորության թեկնածուներ միկրոավտոբուսները գծից հանել էին՝ ժողովրդին իրենց ձեռքով ընտրատեղամասեր հասցնելու նպատակով:
Գյումրիում օրը ցերեկով ձայների առուվաճառք էր կատարվում: Ձայների գնումը կատարվում էր հենց տրանսպորտում՝ մարդկանց ընտրատեղամասեր տեղափոխելու ժամանակ: Բանը հասել էր նրան, որ իշխանական կուսակցությունները սկսել էին սակարկել գյումրեցիների հետ: Ըստ ականատեսների, Գյումրիի թիվ 29 դպրոցի մոտակայքում մի զավեշտալի դեպք էր տեղի ունեցել: Իշխանական կուսակցություններից մեկը փորձել էր ընտրողների հետ 4 հազարական դրամով «բարիշել»՝ սակայն գյումրեցիները կտրականապես հրաժարվել էին, իրենց բնութագրմամբ՝ «ողորմելի գումարից», պատճառաբանելով, որ «Շիրակի մարզի գյուղերում ձայնն արդեն դարձել է 50 դոլար»: Թիվ 33/74 ընտրատեղամասում էլ հանրապետականները փորձել էին 75-ամյա Մարուսյա Դավթյանի ձայնը «նիսյայով» գնել: «Առավոտի» հետ զրույցում Մ. Դավթյանը լացակումած բողոքեց. «Սաղ աշխարհին փող բաժանեցին, աչքիս առաջ 2 հոգու 10 հազար դրամ տվին, իսկ ինձ խաբեցին, չտվին, ընչի, ես անտեր-անտիրական հոր զավա՞կ եմ»: Նույն տեղամասում մեզ անարդար ընտրությունների վերաբերյալ իրենց բողոքները ներկայացրին «Օրինաց երկիր» կուսակցության վստահված անձինք: «Ես հանձնաժողովներում համ վստահված անձ եմ եղել, համ նախագահ, բայց այսպիսի ընտրություն չեմ տեսել: Չե՞ք նկատել, թե դրսում ովքեր են կանգնած, փոշտի աշխատողները առավոտից պտտվում են ու ընտրազանգված ապահովում: Առավոտ շուտ էլ ստեղ աժիոտաժ տեղի ունեցավ, նույնիսկ առավոտյան մեր կուսակցության անդամ Հովհաննիսյան Ռուդիկը զանգեց ոստիկանություն՝ եկան միջամտեցին»,- ասաց 33/74 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՕԵԿ-ական թեկնածու Հովհաննես Մարգարյանի վստահված անձը՝ Հովիկ Հովհաննիսյանը, հայտնելով, որ միջադեպի կապակցությամբ իրենք արդեն կազմել են արձանագրություն: ՕԵԿ-ական մեկ այլ վստահված անձ՝ Հարություն Թոքմաջյանն էլ նեղսրտեց, որ ընտրախախտումները կատարվում են դրսում, որոնց իրենք իրավունք չունեն միջամտել: Թիվ 35/35 ընտրատեղամասում ՕԵԿ-ի վստահված անձ Սվետլանա Գրիգորյանն էլ դժգոհեց, որ նույն ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը ընտրատեղամասից երբեմն-երբեմն դուրս է եկել ու ձայնը 5 հազար դրամ ընտրակաշառքով ընտրողներ բերել: «Առավոտի» հետ զրույցում Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը ընտրախախտումների առնչությամբ ասաց. «Ընտրատեղամասերում կուտակումներ էին առաջանում: Բացի այդ, նախորդ ընտրություններին ընտրակաշառքի բաժանումը այս թափով ու ծավալներով, այսքան ցինիկ ու լկտի ձեւով չէր, ինչպես հիմա է: Նախորդ օրը երեկոյան գյումրեցի 4 կանայք՝ «Ասպարեզ» ակումբը շփոթելով ինչ-որ կուսակցության գրասենյակի հետ, անձնագրերը ձեռքներին եկել էին փող ստանալու, սակայն սխալմամբ թակել էին ակումբի դուռը»:
Երեկ ընտրությունների ժամանակ Գյումրիում գրանցվել է մահվան դեպք: Ինչպես տեղեկացանք Գյումրիի «Շտապօգնությունից», թիվ 34/21 ընտրատեղամասում՝ 7-րդ դպրոցում ընտրությունների գնալիս, աստիճանների վրա հանկարծամահ է եղել 66-ամյա Մկրտիչ Նորհատյանը:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Շիրակի մարզում ընտրողների մասնակցությունը կազմել է 53%: