Լրահոս
Օրվա լրահոսը

Կոպիտ խախտումներ չեն գտել

Մայիս 13,2007 00:00

\"\"Այնուամենայնիվ, որոշ ընտրողների անուններ վերջին օրով ընտրացուցակներից անհետացել են:

«Ընտրություններն անցել են առանց խախտումների, ընտրացուցակներում որեւէ անճշտություն չի եղել, ամեն ինչ շատ հանգիստ ու նորմալ է ընթանում»,- այսպես էին հավաստիացնում Ստեփան Շահումյանի անվան դպրոցում տեղակայված 9/16 ընտրական տեղամասի դիտորդները, հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք: Նրանք միաբերան ասում էին, որ «բոլոր այցելած ընտրողներն էլ իրենց անունները գտել են, նորմալ քվեարկել ու գնացել»: Միակ խնդիրը, որ նկատել էին նրանք, ընտրողների կուտակումներն էին: Սակայն մեր ներկայության պահին այս ընտրատեղամասում քվեարկելու եկած երգչուհի Նադեժդա Սարգսյանը չկարողացավ կատարել իր քաղաքացիական պարտքը, որովհետեւ ցուցակներից նրա անունը բացակայում էր: «Սա էլ որերորդ ընտրություններն են՝ իմ եւ Էմմիի անունը ընտրացուցակներում չի լինում, ու մենք չենք կարողանում քվեարկել: Միայն ամուսնուս՝ Դավիթի անունը կա»,- «Առավոտի» հետ զրույցում բողոքեց երգչուհին: Հանձնաժողովի անդամներն առաջարկեցին դատարանի միջոցով վերականգնել ընտրելու իրավունքը, սակայն Ն. Սարգսյանը ժամանակ չուներ, նա շտապում էր. «Իմ պարտքն է այսօր Հայկոյին ընտրել, որը մասնակցում է Եվրատեսիլում»: Երգչուհին մտավախություն ուներ, որ իր անվան տակ մեկ ուրիշը քվեարկելու է, ուստի ընտրատեղամասի ներկայացուցիչներին զգուշացրեց՝ «ընտրություններից հետո անպայման գալու եմ ու ճշտեմ՝ իմ փոխարեն որեւէ մեկը քվեարկե՞լ է, թե՞ ոչ»: Նադեժդա Սարգսյանն ասաց, որ հետեւել է բոլոր կուսակցությունների քարոզարշավներին եւ պատրաստվում էր ընտրությունը կատարել՝ ելնելով հատկապես «մշակութային» խոստումներից: Ժամը 17-ի դրությամբ այս ընտրատեղամասում քվեարկել էր 707 ընտրող:

Գրողների միությունում տեղակայված 9/22 ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունեցող 1511 ընտրողներից ժամը 18-ի դրությամբ մասնակցել էր մոտ 670 ընտրող: Այս ընտրատեղամասում էլ դիտորդներն ու թեկնածուների վստահված անձինք հավաստիացնում էին, որ ընտրություններն անցել են «առանց խնդիրների, թափանցիկ ու մաքուր»: Փոխարենը՝ այդ ընտրատեղամասում խախտվել էին մարդու իրավունքները: Ինչպես դժգոհեց «Ժառանգություն» կուսակցության վստահված անձ Հմայակ Վարդանյանը, «ընտրատեղամասում օդն այնքան ծանր է, բոլորը ծխում են, եւ ես չեմ կարողանում մտնել ներս ու հաշվել՝ քանի մարդ ընտրեց, ինչ կատարվեց ներսում: Ես խեղդվում եմ, մի հասարակ օրենք չեն կարողանում պահել՝ չծխողների իրավունքներն են ոտնահարում, ինչպե՞ս պետք է կարողանան նրանք օրինական երկիր ստեղծել: Ես առողջական պրոբլեմ ունեմ, բացի խունկի եւ խորովածի ծխից, մնացած ծուխերն ինձ համար տհաճ են, ճնշումս բարձրանում է»:

Ս. Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում չնայած դիտորդներն ու թեկնածուների վստահված անձինք խախտումներ չէին նկատել, սակայն դրսում՝ ընտրատեղամասի մուտքի մոտ, հանրապետականներից մեկը ընտրության եկած մարդկանց հորդորում էր, որ քվեարկեն 4-րդ համարի օգտին: 4-րդ համարը ՀՀԿ-ական Ռուբեն Սադոյանն էր:

Շեւչենկոյի անվան դպրոցում տեղակայված 9/12 ընտրատեղամասում «Ժառանգություն» կուսակցության վստահված անձ Նաիրա Հովհաննիսյանի գնահատմամբ՝ «Արձանագրվել են մանր խախտումներ: Օրինակ, ընտրողները մոռանում են 2 տեղ ստորագրել եւ միայն մի ստորագրություն են թողնում»: ՀՅԴ-ի վստահված անձը դժգոհում էր, որ կուտակումներ են լինում, եւ մտնող-դուրս եկող ընտրողները խառնվում են իրար, իրենք էլ չեն իմանում՝ ով քվեարկեց, ով՝ ոչ: Այս ընտրատեղամասում 1700 հոգուց ժամը 18-ի դրությամբ ընտրել էր 770 մարդ:

10/26 ընտրատեղամասում էլ բոլորը նորմալ էին գնահատում ընթացքը: Այստեղ մոտ 70 հոգի իր անունն ընտրացուցակներում չի գտել, նրանցից ընտրելու իրավունքը դատական կարգով վերականգնել է մոտ 50-ը: «Ժառանգություն» կուսակցության վստահված անձ Դավիթ Բադալյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ 1 շաբաթ առաջ այդ նույն մարդկանց անուններն ընտրացուցակներում եղել են, իսկ թե ինչ պատճառներով են մայիսի 12-ին նրանք ընտրելու իրավունքից զրկվել եւ ընտրացուցակներից դուրս մնացել՝ անհայտ է: Այս ընտրատեղամասի շարժական քվեատուփերը տարել են թիվ 2 բուժմիավորում, որպեսզի հիվանդներից 6 հոգի կարողանա քվեարկել: Ժամը 18.30-ի դրությամբ այս ընտրատեղամասում քվեարկել է 744 մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել