Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՒԿ-Ը ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՀՈՒՅՍԻՆ ԷՐ

Մայիս 13,2007 00:00

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության անդամները համոզված էին, որ հեչի պես 67 հազար ձայն իրենց գրպանում ունեն:

\"\"Երեկ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության գրասենյակն ահազանգ է ստացել, որ Մեծամորում գտնվող 25/2 ընտրատեղամասում լցոնման դեպքեր են եղել, թե որ կուսակցության օգտին են փորձել օրենքը խախտելով քվեարկել՝ գրասենյակը տեղեկատվություն առայժմ չուներ: 4-րդ ընտրատարածքում էլ կուսակցության վստահված անձինք նկատել են, թե ինչպես են մեքենաներով մի ընտրատեղամասից մյուսը ընտրողներին տեղափոխել ու կեղծ քվեարկել տվել: Կուսակցության անդամների տեղեկատվությամբ՝ «Հանրապետականի ակտիվիստներն են եղել, որոնք «ջիփերով» ու «գազելներով» մարդկանց մի տեղից մի ուրիշ տեղ են տարել, որ իրենց ձայն տան»: Այս երկու դեպքից բացի, ԺՈՒԿ-ը այլ կոպիտ խախտումներ չի արձանագրել:

ԺՈՒԿ-ի անդամները վստահ էին, որ եթե արդար ընտրություններ լինեն՝ իրենք նվազագույնը 8 տոկոս ձայն պիտի հավաքեն: ԺՈՒԿ-ի ցուցակի 3-րդ տեղը զբաղեցնող Աղասի Արշակյանը, մինչ ընտրությունների արդյունքների ամփոփումը, հաշվարկներ էր արել ու պարզել՝ «այս ընտրություններին պետք է մասնակցի 850 հազար մարդ: Հաշվի առնելով, որ Հայաստանում փաստացի ապրում է ոչ ավելի, քան 2.3 մլն մարդ, եւ նրանցից ընտրական իրավունք ունեցողների թիվը չի կարող անցնել 1.6 մլն-ը, այդ 1.6 մլն-ից եթե հանենք անկողնային հիվանդներին, առաջին կարգի հաշմանդամներին, դատարանով ընտրելու իրավունքից զրկված մարդկանց, կմնա 1.5 մլն: Ընտրություններին կմասնակցի նրանց 50-53 տոկոսը: Եթե նույնիսկ սարքեն, թե 1 մլն 100 հազար մարդ է քվեարկել՝ էլի մեզ ձեռք է տալիս, որովհետեւ էդ պարագայում էլ մենք մեր 6-7 տոկոսը կունենանք»: Կուսակցության անդամները սպասում էին, որ կոնկրետ ԺՈՒԿ-ի օգտին քվեարկելու է առնվազն 67-70 հազար մարդ. «Մենք 187 բնակավայրերում ավելի քան 250 հանդիպում ենք ունեցել: Որեւէ քաղաքական ուժ այդքան հանդիպումներ չի ունեցել, այդքան բնակավայրերում չի եղել: Մեր հանդիպումներին մարդիկ եկել են կամավորությամբ, ոչ թե բռնությամբ, մենք նրանց մեր ավտոբուսներով չենք ստիպել որ գան, եկել են իրենց ոտքով, ուստի այդ ամենը հաշվի առնելով՝ գոնե 67 հազար մարդ պետք է ԺՈՒԿ-ի օգտին քվեարկի»:

Երբ ԺՈՒԿ-ի գրասենյակում էինք, Աղասի Արշակյանի բոլոր ծանոթ-բարեկամները զանգահարում էին ու նրան «զեկուցում», թե քանի ընտրող են տարել ընտրատեղամաս: Ա. Արշակյանի ծանոթներից մեկը, օրինակ, 100 ձայն էր հավաքել՝ ԺՈՒԿ-ի օգտին: Պարոն Արշակյանի դիտարկմամբ՝ «ես նրան 1000 լավություն եմ արել, 100 ձայնը դրա դիմաց նորմալ է»: Նա, ինչպես տեղեկացանք, մոտ 200 բարեկամ ուներ, եւ բոլորին մինչեւ ընտրությունները զանգահարել ու տեղեկացրել էր, որ անպայման իր կուսակցությանն ընտրեն:

Դեռ կեսօր էր, բայց ԺՈՒԿ-ի անդամները քյաբաբ-խորովածով նախապես տոնում էին իրենց մոտալուտ հաղթանակը: «Եթե հաղթենք՝ քեֆ ենք անելու»,- ասում էին կուսակիցները:

Մանուկ Գասպարյանին վրդովեցրել էր այն, որ չնայած ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը դեռ առավոտյան քվեարկել էին, բայց հեռուստաընկերությունները շարունակում էին կեսօրին էլ «ուղիղ եթեր» վերտառությամբ ցուցադրել նրանց: Դա, ըստ ԺՈՒԿ-ի, ուղիղ քարոզարշավ է եւ Ընտրական օրենսգրքի խախտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել