Երեկ իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո դուրս գալով ընտրատեղամասից՝ ասաց մի շարքային ընտրող
Խորհրդարանական ընտրությունների թիվ մեկ առանձնահատկությունը մարդկանց ակտիվությունն էր, հիմնականում ընտրողներին ընտրատեղամասեր էին բերում շենք-շենք, երթուղային տաքսիներով: Քաղաքում կյանքը կարծես կանգ էր առել, եւ բոլորը զբաղված էին ընտրություններով: Այնուամենայնիվ, ակնհայտ էր, որ ընտրողների մասնակցության այդքան մեծ թիվը անակնկալ էր մի շարք կուսակցությունների համար, ովքեր այլ հաշվարկներ էին արել: Թիվ 30 երթուղային տաքսիները, խախտելով «Ընտրական օրենսգրքի» պահանջը, որում ասվում է, որ ընտրության օրը չի կարելի զբաղվել քարոզչությամբ, երթուղի էին դուրս եկել ԲՀԿ-ի քարոզչական թերթիկները ապակիներին փակցրած, ինչը չկար նախորդ երկու օրերին:
Ընտրատեղամասերում հերթեր էին, եւ տպավորությունն այնպիսին էր, որ այդ հերթերը եւս հատուկ նպատակով էին առաջացրել: Հատկապես ակտիվ եւ համարձակ էին գործում Դաշնակցության եւ «Օրինաց երկրի» հանձնաժողովների անդամներն ու վստահված անձինք: ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի անդամներն ու վստահված անձինք հիմնականում զբաղված էին ընտրատեղամասերի մոտ խմբված տղաների եւ կողմնակի անձանց հետ ինչ-ինչ խոսակցություններով եւ թաքուն զրույցներով: Այս երկու կուսակցությունների գրեթե բոլոր շտաբների մոտ մեքենաների ցուցահանդես էր՝ ամեն տեսակի մեքենաներ կային՝ «համմերներ», «ջիպեր», «մերսեդեսներ», մի խոսքով՝ ընտրատեղամասերը նմանվել էին մեծ ավտոշուկաների:
Ընտրախախտումներ՝ ըստ ՀԺԿ-ի
ՀԺԿ գրասենյակում առավոտից աշխատում էր թեժ գիծը, ամեն րոպե հնչում էին հեռախոսազանգեր: Այստեղ շարունակ տեղեկություններ էին գալիս, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՄԱԿ-ը «փող են բաժանում»: Կուսակցության գրասենյակում գտնվող «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը նկատեց, որ «փող բաժանելու» նման գործընթացն ուղղակի աննախադեպ է:
ՀԺԿ-ականների կողմից գրանցված մի քանի խախտումների մասին.
Արաբկիրի թիվ 4/22 ընտրատեղամասում ընտրողներին քվեարկության են բերում թիվ 17 երթուղային տաքսիներով:
ՀԺԿ նախընտրական շտաբն ահազանգ է ստացել քաղաքացիներից այն մասին, որ մայիսի 12-ի գիշերվա ժամը 3-ին «Զվարթնոց» օդանավակայանում անցկացվել է քվեարկություն:
Ըստ թիվ 88 երթուղային տաքսիներից մեկի վարորդի, այդ երթուղում այսօր աշխատելու է մի քանի մեքենա, մնացածը ներգրավված է ընտրողներին տեղամաս հասցնելու գործընթացին:
Նորք-Մարաշում գտնվող թիվ 10/06 ընտրատեղամասում ընտրողներին քվեարկության են բերում երթուղային տաքսիներով՝ ԱՄ-07-619, 64-ՕՍ 905, ԱՄ 07-655/(թիվ 121 երթուղային):
Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում անցկացվում է բաց քվեարկություն ՀՀԿ-ի օգտին:
Քանաքեռ-Զեյթունի թիվ 3 ընտրատարածքում ՀՀԿ նախընտրական շտաբի աշխատակիցները առավոտվանից այցելում են բարձրահարկ շենքերի բնակիչներին եւ բաժանում 5000-ական դրամ:
Թիվ 212 մանկապարտեզում՝ Բ-2 թաղամաս, ընտրողների կուտակումներ են առաջացել:
Ժամը 17-ի տվյալներով՝ 12/17 տեղամասի մոտ խմբված են մարդիկ. համատիրության աշխատակիցները բաժանում են 5000-ական դրամ եւ պահանջում քվեարկել հօգուտ ՀՀԿ-ի:
3/28 ընտրատեղամասում՝ Զվարթնոցի մոտի մանկապարտեզում, երթուղային տաքսիներով բերում են քվեարկության մարդկանց, որոնք այդ թաղում չեն բնակվում: Նրանք նոր ստացած անձնագրերով են: Ըստ ՀԺԿ շտաբ դիմած քաղաքացու, նրանց տրվել են անձնագրեր քաղաքից բացակայող բնակիչների անուններով:
Վստահություն չեն ներշնչում ՀՀ ոստիկանության հավաստիացումները առ այն, որ ընտրացուցակները հնարավորինս ճշգրտված են: Բողոքների թիվը վկայում է, որ ընտրողներին ուղղված կոչերը՝ ակտիվ մասնակցել այդ գործընթացին 56-13-46 թեժ գծի միջոցով, կրում են ձեւական բնույթ:
Թիվ 10/31 ընտրատեղամասի ցուցակներում ընդգրկված նախկին միլիցիայի գնդապետ, 10 տարի առաջ մահացած Կառլոս Հայկի Խաչատրյանի այրին տեղեկացրեց, որ օրեր առաջ հայտնել է դրա մասին ոստիկանության թեժ գծով: Այսօր, երբ եկել է տեղամաս՝ քվեարկելու, ամուսնու անունը դարձյալ եղել է ցուցակում: Ըստ դիմողի, այդպիսի դեպքերը բազմաթիվ են 10/31 ընտրատեղամասում՝ Անտառային փողոցի բազմաթիվ նախկին բնակիչներ, որոնք տարիներ առաջ վաճառել են բնակարանները, ընդգրկված են ընտրացուցակներում:
«Ազգային Միաբանություն»
Այստեղ, ժամը 15.00-ի սահմաններում, ասացին, որ առայժմ ոչ մի ակնառու խախտում իրենց կողմից չի արձանագրվել: Շտաբում սպասում էին ընտրությունների օրվա ավարտին: Իսկ տեղեկությունները, որ Երեւանի թիվ 4 ընտրատարածքի տեղամասերից մեկում ԱՄ անդամ հանձնաժողովի քարտուղարը գողացել է գրանցամատյանը եւ հեռացել, կուսակցության գրասենյակում հերքեցին, ասելով, որ իրենց անդամը ուղղակի փորձել է այդպիսով խոչընդոտել ընտրախախտումը:
Արտաշես Գեղամյանը երեկ, արդեն օրվա վերջում՝ ժամը 21-50-ի սահմաններում, մեզ տեղեկացրեց հետեւյալը. «Բոլոր տեղերից ինֆորմացիա ենք ստացել, որ վերաբերմունքը մեր հանդեպ բավականին լավ է, եւ մենք սպասում ենք լավ նորությունների»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Ընթացքը գնահատում ենք նորմալ, ունենք ահազանգեր տեղական խախտումների մասին, կճշտենք եւ լրացուցիչ կտեղեկացնենք»,- օրվա ավարտին մեզ փոխանցեց ԲՀԿ մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը:
Դաշնակցության
տեղեկությունները
Քվեարկողների վկայությամբ՝ երեկ, կեսօրին, Քանաքեռի թիվ 3/01 ընտրատեղամասում ընտրախախտում է գրանցվել. քվեարկողներին են տրվել նշումներով քվեաթերթիկներ: Դեպքի մասին թիվ 3 ընտրատարածքային հանձնաժողով են դիմել ՀՅԴ վստահված անձինք: Հանձնաժողովի նախագահը ասել է, որ այդ նշումները պատահաբար են արվել, իսկ վստահված անձինք հավատացած են, որ միանգամից մի քանի տասնյակ քվեաթերթիկներում «պատահաբար» նման բան չէր կարող լինել:
Այլ ընտրախախտումների մասին ՀՅԴ-ն կտեղեկացնի ավելի ուշ՝ դրանք ճշտելուց հետո:
Ահազանգերի հետքերով
Երեկ, ժամը 18-ի սահմաններում, մենք ահազանգ ստացանք, որ Դավիթաշենի թիվ 5 ընտրատարածքի 5/14 ընտրատեղամասում արտակարգ իրավիճակ է, եւ հանձնաժողովի նախագահը կամայականություններով է զբաղված: Տեղում պարզեցինք, որ հանձնաժողովի անդամ, ՕԵԿ-ական Անահիտ Դարբինյանը մեզ տեղեկացրեց, որ ընտրողների մեծ մասը եկել էր քվեարկելու Երաժշտական դպրոցի շենքում, այն դեպքում, երբ տեղի է ունեցել ընտրատեղամասերի թվերի փոփոխություն, եւ ընտրողներին տեղյակ չի պահվել, իսկ ոստիկանությունը բնակիչներին հիշեցումներ է ուղարկել հին հասցեներով:
Բավականին մեծ թվով ընտրողներ եկել էին 5/14 ընտրատեղամաս, եւ հասկանալի է, որ նույնն էլ կատարվել է մյուս ընտրատեղամասում: Բացի դրանից, մեկ ընտրող ներկայացել է որպես թիվ 36 շենքի բնակիչ, եւ երբ հանձնաժողովի ՕԵԿ-ական անդամը ճանաչել է, որ տվյալ անձը այդ շենքի բնակիչ չէ եւ պահանջել է նրա անձնագիրը, այդ մարդը դիմել է փախուստի: Այս ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ Ժորա Ղուկասյանը ներկայացավ որպես Կոմկուսի ներկայացուցիչ:
Ի դեպ, մեր այցելած գրեթե բոլոր ընտրատեղամասերում հանձնաժողովների անդամները, վստահված անձինք եւ դիտորդները իրենց բավականին ճնշված ու խեղճ էին զգում եւ միակ «տերուտիրականը» հանձնաժողովների նախագահներն ու նրանց տեղակալներն էին:
Երեկ միջադեպ էր տեղի ունեցել նաեւ 5/16 ընտրատեղամասում (թիվ 196 դպրոց): Մեզ ահազանգեցին, որ այստեղ են ներխուժել երկու զինված տղաներ եւ վախեցրել հանձնաժողովականներին, ստիպելով, որ ձայն չհանեն՝ մինչեւ իրենց բերած մարդիկ իրենց ուզած ձեւով կքվեարկեն եւ կհեռանան: Մենք անմիջապես գնացինք ընտրատեղամաս, սակայն ականատեսները այլ բան պատմեցին եւ հերքեցին ատրճանակով մարդկանց մասին լուրերը: Հանձնաժողովի աշխատանքը լուսաբանող «Պանարամա» էլեկտրոնային թերթի լրագրողի աշխատանքը փորձել է խանգարել մեծամասնականով առաջադրված Լեւոն Սարգսյանի վստահված անձը: Ի դեպ, լրագրողը նկատել է, որ հատկապես այս թեկնածուն ինչ-որ տարօրինակ մեծ թվով վստահված անձինք ունի այս տեղամասում, եւ նրանք բոլորն էլ ազատ ելումուտ են անում ընտրատեղամասում: Ժամը 15-ի սահմաններում երթուղային տաքսիներով մարդկանց բերել են ընտրատեղամաս, լրագրողը նկարել է այդ տեսարանը, ինչ-որ մեկին դուր չի եկել, որ նկարում են, եւ ձեռքով փակել է ֆոտոխցիկը: Լրագրողի ներկայացմամբ՝ դա Դավիթաշենի 4-րդ թաղամասի համատիրության ղեկավարն է՝ ՀՀԿ անդամ, անունը՝ Արմեն: Նույն ընտրատեղամասում մի տարեց պապիկի քվեարկելու համար ընտրատեղամաս է բերել նրա որդին եւ քվեախցիկում օգնել հորը, որ վերջինս քվեարկի: Այս տեսարանը եւս լրագրողը փորձել է լուսանկարել, նրան է մոտեցել ոմն Նազարյան, բռնել թեւից եւ դուրս հրավիրել, ասելով, որ նա լուսանկարելու իրավունք չունի: Հիշեցնենք՝ ԸՕ-ի հոդված 30-ը նշում է, որ ընտրատեղամասում դիտորդի եւ լրատվամիջոցի ներկայացուցչի իրավունքների որեւէ սահմանափակում չի թույլատրվում: