Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԱՎԱՐՏՎԵՑ

Մայիս 13,2007 00:00

\"\"Դրանք նույնպես ուղեկցվեցին լցոնումներով, «կարուսելով» եւ ընտրակաշառքով

Երեկ ՀՀ խորհրդարանական ընտրությունների ավարտից մեկ ժամ անց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի հրապարակած նախնական տվյալների համաձայն, ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 2.317. 810 ՀՀ քաղաքացիներից 1.375.733-ը կամ՝ ընտրողների 59,40 տոկոսը:

Երեկ ԿԸՀ-ում հանձնաժողովի նախագահի տեղակալ ՀՀԿ-ական Աբրամ Բախչագուլյանն ու ՀՅԴ\"\" ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը մեկ-երկու անգամ անդրադարձան ԿԸՀ-ում ստացված դիմում-բողոքներին եւ դրանք համարեցին «չհաստատված» եւ «անհիմն»: Խոսքը, մասնավորապես, նաեւ «Հանրապետություն» կուսակցության կողմից ստացված այն դիմում-բողոքի մասին էր, ըստ որի՝ ոստիկանության աշխատակիցների ցուցակը չի ուղարկվել համապատասխան լիազոր մարմնին կամ դրա ղեկավարին, որպեսզի նրանք ընդգրկվեն այն տեղամասերի ընտրական ցուցակներում, որտեղ գործուղված են: «Մեզ հայտնի չէ՝ արդյո՞ք նրանք քվեարկելու են այն տեղամասերում, որտեղ ծառայություն են իրականացնում»,- պարզաբանեց բողոք-դիմումը ներկայացրած Արտակ Զեյնալյանը: Նա չբացառեց, որ այդ 8 հազար ոստիկանները կարող են կամ զրկվել իրենց ընտրական իրավունքից, կամ՝ քվեարկել երկու տեղամասերում՝ ե՛ւ իրենց ծառայության, ե՛ւ բնակության վայրերում: Ի պատասխան սրա՝ Ա. Բախչագուլյանն ասաց, թե ՀՀ ոստիկանապետի հայեցողության տակ է, թե ոստիկանների լրացուցիչ ցուցակներ չկան այն պատճառով, որ նրանք գործուղվել են այն տեղամաս, որտեղ քվեարկելու են՝ ըստ իրենց բնակության վայրի: Բայց սա վերահսկելն, անշուշտ, գործնականում անհնարին է:

Իսկ մինչ այդ ընդդիմադիր կուսակցություններում ահազանգերը չէին դադարում:

Ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցությունն ահազանգում էր զանգվածային ընտրախախտումների մասին:

«Հանրապետություն» կուսակցությունից ստացված տվյալների համաձայն.

1. Սիսիանի նախընտրական շտաբի աշխատանքները համակարգող եւ կուսակցության քաղխորհրդի անդամ, փաստաբան Հովիկ Արսենյանը փոխանցել է, որ ընտրատարածքում փող է բաժանվում եւ միկրոավտոբուսներով մարդիկ են բերվում ընտրական տեղամասեր:

2. Աջափնյակում բոլոր ընտրատեղամասերի մոտ կանգնած են մի խումբ երիտասարդներ, որոնք կրում են ՀՀԿ-ի նշանները, ու մոտեցող ընտրողներին ուղղորդում են՝ ինչպես քվեարկել: Հատկապես մեծ կուտակումներ կան 109 եւ 138 դպրոցներում տեղակայված ընտրատեղամասերում:

3. Վանաձորում հայտնաբերվել են «կարուսել» քվեարկության դեպքեր:

4. Արաբկիրի թիվ 5/33 տեղամասում «կարուսել» քվեարկություն է ընթացել, որը, մեր վստահված անձանց պնդմամբ, կազմակերպվել է պատգամավորության թեկնածու Լեւոն Սարգսյանի թիմակիցների կողմից:

5. Մարդկային մեծ կուտակումներ՝ մոտ 60 հոգի, կան Էրեբունիի թիվ 12/28 ընտրատեղամասում: Մեր վստահված անձը պնդում է, որ հավաքված 60-ից մոտ 30-ը պնդում են, որ կույր են կամ հաշմանդամ եւ չեն կարող ինքնուրույն քվեարկել: Նույն վիճակն է նաեւ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի տեղամասերում:

6. Աջափնյակի բոլոր տեղամասերում «Հանրապետության» վստահված անձանց քվեարկությունից երեք ժամ անց հրաժարվել են տալ քաղվածք ընտրողների մասնակցության մասին:

7. Կենտրոն համայնքում, Շեւչենկոյի անվան դպրոցում տեղակայված տեղամասում, ՀՀԿ-ի նշանը կրող երիտասարդներ են կանգնած:

8. Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի մոտ ժամը 10:00-ին շարված են եղել մոտ երեք տասնյակ միկրոավտոբուսներ, որոնց վարորդներն ասել են, որ իրենց գծերից հանել են մարդկանց քվեարկության տանելու համար:

9. Կոտայքի մարզի Լուսակերտ գյուղի թիվ 26/31 տեղամասում գյուղապետի եղբոր տղայի կողմից համատարած բաց քվեարկություն է ընթանում: Ընդ որում, տեղամասի ո՛չ ներսում, ո՛չ տարածքում ոստիկաններ չկան, որոնց դիմելով վստահված անձինք կարողանան կանխել անօրինականությունը:

10. Եղվարդի բոլոր 5 տեղամասերում անկառավարելի վիճակ է, տեղի են ունենում զանգվածային լցոնումներ, ոստիկանությունը չի միջամտում:

Եղվարդում 80 տոկոսը «կույր» է, որովհետեւ ընտրողների զգալի մասը քվեարկում է կողմնակի մարդկանց օգնությամբ: Այս փաստը ֆիքսել են BBC-ի թղթակիցները:

11. Կոտայքի մարզի Զովունի գյուղի տեղամասերում փակցված ընտրացուցակներում շուրջ 30 ընտրողի հասցե է նշված, մյուսները, պարզվում է՝ անհասցե ընտրողներ են:

12. Օրգանական քիմիայի ինստիտուտում տեղակայված ընտրատեղամասում «մեծամասնականի» քվեաթերթիկների վրա մատիտով հստակ նշում կա թեկնածուներից մեկի անվան դիմաց:

13. Քանաքեռ Զեյթունի թիվ 84 դպրոցում տեղակայված տեղամասում ընտրողներին բերում են 101 երթուղային տաքսիներով՝ 05 958, 00 245:

14. Եղվարդի թիվ 1, 2, 3 տեղամասերում անկարգություններ են, ոստիկանությունը չի միջամտում:

15. Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ «Կրազի պարկի» դիմացի մայթին, ԲՀԿ-ի պաստառներով զարդարված մեքենաները մարդկանց տանում են քվեարկության:

16. Թիվ 23/41 տեղամասում «Հանրապետության» վստահված անձ Մադաթը ահազանգել է, որ ընտրություն, որպես այդպիսին, չկա, մարդիկ քվեարկում են ընտրակաշառքով:

17. Նոր Նորքի 9-րդ զանգվածի 2/35 տեղամասում տարածքային ԸԸՀ նախագահը մարդկանց խմբերով բերում է քվեարկելու:

18. Կենտրոնի թիվ 9/23 տեղամասում «Դրիմ» տաքսիներով մարդկանց բերում են քվեարկելու:

19. Եղվարդի 26/04 տեղամասում վստահված անձինք բռնել են ուրիշի անձնագրով քվեարկող մեկին, փաստն արձանագրվել է:

20. «Աղի հանքի» հոգեբուժական հիվանդանոցում տեղակայված տեղամասում բուժքույրերից մեկը քվեարկել է քվեարկության իրավունք ունեցող հիվանդների փոխարեն՝ սպառնալով, որ «ձայն հանելու» դեպքում նրանց «կքնեցնի»:

21. Նոր Նորքի 2-րդ եւ 5-րդ զանգվածներում մարդիկ ընտրությունների են տարվել ԲՀԿ-ի քարոզչական պաստառը կրող միկրոավտոբուսներով:

Երեկ ուշ երեկոյան գնահատելով ընտրությունների ընթացքը՝ «Հանրապետության» նախագահ Արամ Սարգսյանն ասաց. «Վերջնական գնահատական կտամ, երբ կավարտվի քվեարկության արդյունքների հաշվարկը, որովհետեւ ՀՀ բոլոր ընտրություններում կարեւոր չի եղել, թե ում ես ընտրել, կարեւոր է եղել, թե ով է հաշվում սկզբունքը: Մնացած առումներով, իհարկե, իմ դիտարկումներն ունեմ եւ բազմաթիվ օրինակներ ունեմ թե՛ քարոզարշավի, թե՛ քվեարկության օրվա վերաբերյալ, բայց ամբողջական գնահատական կարող եմ տալ, երբ հրապարակվի քվեարկության արդյունքը, որովհետեւ պետք է նախ ամբողջացնել խախտումների ամբողջ մեխանիզմը: 2003-ի համեմատությամբ՝ ընտրակեղծիքների տեխնոլոգիաները բացասական իմաստով շատ ավելի լավ էին կազմակերպվել: Այս իմաստով՝ առաջընթաց ունենք»:

Երեկ ԿԸՀ-ն ստացավ թվով 3 դիմում-բողոք։ Նրանցից մեկով Արաբկիրի թիվ 5/19-ում հանձնաժողովի նախագահ Բաբկեն Խաչատրյանը 6 երիտասարդների, առանց գրանցելու եւ ստորագրելու, քվեաթերթիկներ է հատկացրել: Փաստն արձանագրել են թվով 10 հոգի եւ արձանագրություն կազմել: Երիտասարդները, խախտումն արձանագրվելուց հետո, փախել են տեղամասից, բայց քվեաթերթիկ փաստացի ստացել են:

Նույն այս տեղամասում կազմված մյուս արձանագրությունները վերաբերվել են հանձնաժողովի նախագահի կողմից ընդդիմադիր կուսակցության վստահված անձի աշխատանքին խոչընդոտելուն, վիրավորելուն, նաեւ հանձնաժողովի անդամներից մեկի կողմից քաղաքացի Մանվել Սարիբեկյանի փոխարեն Սամվել Սարիբեկյանին քվեաթերթիկ հատկացնելու փաստին: Հանձնաժողովի անդամներից մեկն արդարացել է, թե՝ Մանվելի ու Սամվելի միջեւ տարբերություն չկա:

Թիվ 37 ընտրատարածքում ընտրողներին բաժանվել են գունավոր գրիչներ եւ հանձնարարվել՝ ում քվեարկել: Այս փաստին անդրադառնալով՝ ԿԸՀ նախագահի տեղակալ Բախչագուլյանն ասաց, թե ընտրողն իրավունք ունի քվեաթերթիկում նշում անել ինչ գույնի գրիչով որ ուզում է:

Աջափնյակի թիվ 6/24 տեղամասում, որտեղ կա 560 ընտրող, այդ թվում՝ 67-ը ստացիոնար բուժման մեջ գտնվող, 623 քվեաթերթիկի փոխարեն տեղամասին հատկացվել է 575 քվեաթերթիկ:

Երեկ բազմաթիվ ահազանգեր է ստացվել նաեւ Արաբկիրի թիվ 5 ընտրատարածքում «մեծամասնականով» առաջադրված թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանի շտաբից: Ըստ այդմ.

1. Թիվ 5/01, 5/3, 5/05, 5/11, 5/26, 5/32, 5/33 ընտրական տեղամասերում գրանցվել են մարդկանց արհեստական կուտակումներ: Հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների կողմից վստահված անձանց բողոքները հրաժարվում են գրանցել գրանցամատյանում:

2. Թիվ 5/26 տեղամասում՝ 130 դպրոց, արձանագրվել է ուրիշի անձնագրով քվեարկության դեպք: Փաստն արձանագրվել է ՏԸՀ-ում, դրա մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը:

3. Թիվ 5/32-ում մի քաղաքացի ներկայացել է տեղամաս որպես թեկնածու Լեւոն Սարգսյանի վստահված անձ, բայց իրականում վստահված անձ չի եղել:

4. «Թիվ 5/3 տեղամասում ինքս տեսա, թե տեղամասերից մեկում ինչպես է մեկն իր քվեարկությունը բջջայինով նկարել, բայց մինչեւ արձանագրելը՝ այդ մարդը տեղամասից փախավ»,- «Առավոտին» փոխանցեց Հովհ. Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչը թիվ 5 ԸԸՀ-ում:

5. Թիվ 5/33-ում, որը տեղակայված է «Դավիթ» առեւտրի կենտրոնում, որպես տեղական դիտորդ գրանցված մեկը, որը նույն տեղամասի ընտրող է, ընտրողներին մեկ-մեկ հրահանգել է՝ ուր գնալ եւ ում օգտին քվեարկել: Կազմվել է արձանագրություն: ԿԸՀ-ում հավաստիացրին, թե այդ տեղեկությունը սուտ է:

Քվեարկության ավարտից հետո Հովհ. Հովհաննիսյանն ասաց. «Այս ընտրությունները ոչնչով չտարբերվեցին նախորդ ընտրություններից, բացառությամբ այն բանի, որ փորձ է արվել ավելի կատարելագործել ընտրակեղծիքների սխեման: Սա լուրջ հարված է Հայաստանին, եւ դա մենք չենք մարսի»: Հովհ. Հովհաննիսյանն ասաց, որ ինքն անպայման բողոքարկելու է քվեարկության արդյունքները, որովհետեւ իրեն պարզ է, թե ինչ է կատարվել: Նա նաեւ փաստեց, որ բռնություն է կիրառվել նաեւ իր տղայի՝ Սերգեյ Հովհաննիսյանի նկատմամբ, ով իր վստահված անձն էր թիվ 5/11 տեղամասում. «Մի սրիկա մտել է տեղամաս եւ սպառնացել, որ կսպանի, որովհետեւ Սերգեյը ընտրախախտումների մասին արձանագրություն է գրել: Նրան նաեւ սպառնացել է, թե՝ «տեղամասից դուրս գաս՝ կգյուլլեմ»: Ոստիկանությունից եւ դատախազությունից եկան, բայց այդ տղան կորավ»: Հովհ. Հովհաննիսյանը նաեւ փաստեց, որ «թիվ 5 ԸԸՀ-ում «փայլուն «կարուսել» էր գնում: Նման դեպքեր եւս արձանագրել ենք: Թիվ 130 դպրոցում անգամ այլ ընտրատարածքների ընտրողներ են քվեարկել, եւ մենք առգրավել ենք այդ անձնագրերը, կազմվել է արձանագրություն»:

Ընդդիմադիր ուժերը այս եւ այլ ընտրախախտումների մասին իրենց ձեռքի տակ եղած տեղեկությունները օրենքով սահմանված կարգով ԸԸՀ-ներ պետք է ներկայացնեն այսօր, ժամը 14-ին, եւ ԿԸՀ-ին՝ մինչեւ ժամը 18-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել