Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԵԾ ՀՀԿ-Ի ԵՎ ՀՅԴ-Ի ՄԻՋԵՎ

Մայիս 13,2007 00:00

«Մանկուց երազում եմ, որ ինձ ծեծեն: Շատ կուզեմ տեսնել, թե այդ ովքե՞ր են, որ ինձ ծեծել են»,- ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Ռուբեն Հայրապետյանը: Սա նրա առաջին արձագանքն էր «Երկիր մեդիա»-ի՝ երեկ ժամը 15-ի սահմաններում հաղորդած լուրին, թե 1/26 ընտրատեղամասում Ռուբեն Հայրապետյանը «մի քանի մեքենաներով, զինված թիկնազորով փորձել է խոչընդոտել ընտրությունների ընթացքը, որն էլ առաջացրել է ընտրատեղամասում ՀՅԴ համակիրների բողոքը: Բանավեճից հետո ՀՅԴ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի համակիրները ծեծի են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին եւ նրան ուղեկցող անձանց, որոնք դիմել են փախուստի»:

Նշենք, որ ԲՀԿ մամուլի քարտուղարն անմիջապես հերքեց, թե իրենց ներկայացուցիչները որեւէ մասնակցություն են ունեցել կատարվածին:

Իսկ այդ ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Վահրամ Մանուկյանը եւ հանձնաժողովի քարտուղար Մարինե Սողոմոնյանը իրականությունը ներկայացրեցին այլ կերպ՝ մի երիտասարդ փորձել է երկրորդ անգամ քվեարկել ՀՅԴ օգտին, իսկ Մարինե Սողոմոնյանը եւ ՀՀԿ վստահված անձը՝ Լեւոն Դավոյանը, նկատել եւ դուրս են հրավիրել նրան: «Ինքը դուրս եկավ, ավելի ճիշտ՝ փախավ, թե չէ կվերցնեի անձնագիրը: 15 րոպե հետո մի ամբոխ մտավ դպրոց, եւ ուղղակի սկսվեց ջարդ՝ դաշնակցականները ծեծում էին հանրապետականներին: Հետո սկսեցին հանրապետականները նրանց ծեծել՝ «ջիպ»-երով լցվեցին դպրոցի բակ, ես դուրս հրավիրեցի, դուրս եկան դպրոցի բակ, ու, չգիտեմ, սպանդ էր երեւի՝ իրար ծեծում էին»,- ասել է Մարինե Սողոմոնյանն «Ազատություն» ռ/կ-ին: Իսկ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը փոխանցել է, թե ծեծկռտուքի պատճառների մասին հանձնաժողովի քարտուղարի ներկայացրածն իրականությանը չի համապատասխանում, հակառակը՝ Դաշնակցությունն է կանխել զեղծարարությունը, ինչի պատճառով տեղի է ունեցել «մեծ բախում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել