«Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ ողջ օրվա ընթացքում ստացվում էին ահազանգեր խախտումների վերաբերյալ: Ահա ոչ ամբողջական ցանկը ստացված բողոքների, որոնք համակարգել ենք:
Ընտրակաշառք
Մայիսի 11-ին «Օրինաց երկիրը» հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշված էր. «Հանրապետության բոլոր մարզերում իշխանական կուսակցությունների կողմից սկսվել է ընտրակաշառքի բաժանման զանգվածային գործընթաց: ՕԵԿ-ը դիմում է հանրապետության իրավապահ մարմիններին՝ կանխել ընտրակաշառքների բաժանումը եւ պատասխանատվության կանչել բոլոր օրինազանցներին, ովքեր խախտում են ՀՀ ընտրական եւ քրեական օրենսգրքերի պահանջները: Մենք հայտնում ենք, որ ունենք հստակ տեղեկատվություն այն մասին, որ վաղը՝ քվեարկության օրը, եւս զանգվածաբար ընտրակաշառք է բաժանվելու»:
Իրոք, երեկ ստացված ահազանգերի առյուծի բաժինը վերաբերում էր հենց բաժանված ընտրակաշառքին: ՕԵԿ «թեժ գիծն» այդպիսի ահազանգ ստացավ թիվ 6 ընտրատարածքի 27, 28, 29 եւ 30 ընտրատեղամասերից, որոնք տեղակայված են 310-311 մանկապարտեզներում:
Ըստ մեկ այլ ահազանգի՝ «Բարգավաճ Հայաստանը» 8/31 ընտրատեղամասում կաշառքներ է բաշխել 15-20 հազար դրամի չափով:
Թիվ 11/7 տեղամասի վերաբերյալ, որը տեղակայված է Էրեբունու թիվ 68 դպրոցում, ահազանգ եղավ, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել եւ ընտրողներին խմբերով բերել ընտրատեղամաս:
Ըստ ՕԵԿ «թեժ գծի»՝ 11/9 եւ 11/15 ընտրատեղամասերում համատիրության ղեկավարը կաշառքներ է բաժանել 4000 դրամի չափով, իսկ եթե ընտրողն իր հետ մեկ ուրիշին էլ է բերում, այդ դեպքում տվել են 5000 դրամ: Կեղծիքներն իրականացվել են ՀՀԿ օգտին:
Թիվ 12 ընտրատարածքի 7 եւ 8 տեղամասերի վերաբերյալ եւս ահազանգ ստացվեց, որ գումար է բաժանել համատիրության պետը:
Թիվ 12 ընտրատարածքի 22 ընտրատեղամասում, 230 մանկապարտեզի բակում Վերսանդ Հակոբյանի եղբոր լիազորված անձը` Մակիչ Պետրոսյանը, անձնագրեր է հավաքել եւ ընտրակաշառք բաժանել:
Թիվ 12 ընտրատարածքի 7 եւ 23 տեղամասերի վերաբերյալ ահազանգեր եղան, որ ՀՀԿ ներկայացուցիչները գումար են բաժանել 115 եւ 173 դպրոցների մոտ:
Թիվ 12 ընտրատարածքի 24 եւ 25 ընտրատեղամասերից ահազանգ ստացվեց, որ Վերին Չարբախի թիվ 79 դպրոցում զանգվածաբար գումար է բաժանվել, եւ ընտրողները ստիպված դիտորդներ են հրավիրել մոտակա ընտրատեղամասից:
Թիվ 12 ընտրատարածքից եւս մի ահազանգ` Աէրացիայի մոտ գտնվող տեղամասի մոտ գումար է բաժանվել:
Թիվ 19 ընտրատարածքի վերաբերյալ Էջմիածնից Ռ. Տերտերյանը հաղորդեց, թե նախորդող երկու օրերին ՀՀԿ-ն ամբողջ գիշեր բաժանել է ընտրակաշառք:
Թիվ 27 ընտրատարածքի վերաբերյալ ահազանգը վերաբերում էր դարձյալ մայիսի 11-ին կատարվածին՝ Նոր Հաճընում, ժամը 00.30-1.00-ն ընկած ժամանակահատվածում, ԲՀԿ-ն բաժանել է ընտրակաշառք, ոստիկանները տեղում հայտնաբերել են, սակայն շուտով ազատ են արձակել ընտրակաշառք բաժանողներին:
Գյումրիից հայտնեցին, որ «Բարգավաճ Հայաստանը» միկրոավտոբուսներով հավաքել է ընտրողներին եւ վճարել նրանց՝ նախօրոք հավաքված անձնագրերը վերադարձնելուց առաջ:
Սողոմոն Տարոնցի փողոցի 22 շենքի 19 բնակարանում ոմն Աշոտ Այդինյան բնակիչներին բաժանել է 7000 դրամ ընտրակաշառք:
Լցոնում, «կարուսել»
Նախկինում առավել «պոպուլյար» խախտման այս ձեւը մայիսի 12-ի քվեարկության ժամանակ ավելի քիչ հանդիպեց, բայց այնուամենայնիվ՝ կար: Եվ մասնավորապես, թիվ 7/27, 7/28 ընտրատեղամասերից ստացված ահազանգի համաձայն՝ դրսից մուտք է գործել 4 ապօրինի քվեաթերթիկ: Դա նկատել էին ՏԸՀ անդամները, պահանջել արձանագրել, սակայն քարտուղարը հրաժարվել էր:
թիվ 17 ընտրատարածքի վերաբերյալ. ժ. 13.30-ին ստացված ահազանգի համաձայն՝ Արտաշատի Մրգավան, Նշավան, Բյուրավան, Նորաշեն, Դիմիտրով գյուղերում կատարվել են լցոնումներ:
17/03 ընտրատեղամասում, որ Արտաշատի թիվ 2 դպրոցում է՝ օրվա ընթացքում գրանցվել էին դեպքեր, երբ օտար ընտրողները բռնի ուժով մուտք էին գործել տեղամաս, հագուստի միջից հանել քվեարկության ծրարներ եւ լցոնել քվեատուփ: Հոկտեմբեր գյուղի թիվ 21 ընտրատարածքում էլ, ըստ 13:45-ին արձանագրվածի՝ փորձ է արվել լցոնման, սակայն բարեբախտաբար՝ կանխվել է:
Կրկնակի եւ բաց
քվեարկություններ
4/30 ընտրատեղամասում քաղաքացին եկել էր ընտրության, եւ պարզվել էր, որ նրա փոխարեն արդեն քվեարկել են: Կազմվել էր համապատասխան արձանագրություն, քաղաքացուն զրկել էին քվեարկության իրավունքից:
«Օրինաց երկիր» կուսակցության վստահված անձ Գոհար Սահակյանը հայտնել է, որ 5/5 ընտրատեղամասում ընտրողներից մեկը տեսել է, որ իր անվան դիմաց արդեն ընտրել են: Երբ վերջինս փորձել է իմանալ ընտրողի անունը, արգելել են ՀՀԿ վստահված անձինք: Գոհար Սահակյանին թուղթ չի տրամադրվել արձանագրություն կազմելու համար:
5/13, 5/14, 5/15, 5/16 ընտրատեղամասերում ընթացել է բաց քվեարկություն: Մասնավորապես, 5/15-ում ամբողջ օրվա ընթացքում չի պահպանվել քվեարկության գաղտնիությունը՝ ՏԸՀ նախագահը վերահսկել եւ ուղղորդել է ընտրողներին: Այստեղ «Պանորամա» կայքէջի թղթակիցը փորձել է լուսանկարել, թե ինչպես են երթուղայինները տեղամաս բերում ընտրողներին, սակայն ինչ-որ մեկը ձեռքով փակել է օբյեկտիվը, ինչի հետեւանքով լուսանկարչական սարքն ընկել է գետնին:
Թիվ 13 ընտրատարածքի 12 տեղամասում, որը տեղակայված է թիվ 17 դպրոցում, ողջ օրվա ընթացքում եղել են կրկնակի քվեարկության բազմաթիվ դեպքեր: Տեղամասային ընտրական հանձնաժողովի ՕԵԿ ներկայացուցիչը հնարավորինս կասեցրել է նման դեպքերը, սակայն չի հաջողվել դա իրականացնել ողջ ծավալով: Հանձնաժողովը չի համաձայնել արձանագրել համապատասխան դիմում-բողոքը:
13/25 ընտրատեղամասում օրվա ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ ընտրողները ուրիշի անձնագրերով փորձել են քվեարկություն կատարել. նման երկու փորձ կանխվել է ՏԸՀ ՕԵԿ ներկայացուցչի կողմից:
Թիվ 32 ընտրատարածքի Օձուն գյուղի բոլոր երեք տեղամասերում ընտրական հանձնաժողովները քաղաքացիներից պահանջել են կատարել բաց քվեարկություն՝ ստիպելով ցույց տալ քվեաթերթիկը:
38/21 տեղամասում նկատվել է բաց քվեարկության 2 դեպք:
Ապօրինի քարոզչություն
Կենտրոն համայնքի ընտրական տեղամասերում, մասնավորապես՝ 9/01, 9/02, 9/03, 9/04, 9/05, համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը եւ նրա օգնականները ընտրողներին հորդորել են քվեարկել Հանրապետական կուսակցության թեկնածու Ռուբեն Սադոյանի եւ ՀՀԿ-ի օգտին:
Թիվ 38 ընտրատարածքի Կապան քաղաքի ընտրատեղամասերի շենքերի մոտ հանրապետականներ են հավաքվել խմբերով եւ իրականացրել են քարոզչություն ՀՀԿ-ի օգտին: ՕԵԿ թեկնածու Գերասիմ Ալավերդյանն արդեն ժամը 10-ին էր դիմել ԿԸՀ, դատախազություն եւ դիտորդներին: Ըստ ՕԵԿ բողոքի, մասնավորապես Կապանի 38/22 ընտրատեղամասի մոտ կանգնած տեղական եւ մարզային իշխանությունների հետ առնչություն ունեցող երկու իրավաբան սպառնացել են մարդկանց՝ ստիպելով քվեարկել հօգուտ Հանրապետական կուսակցության: Բողոքում նշվել են Սյունիքի մարզպետարանի իրավաբան Կառլեն Կոզմանովի եւ Կապանի քաղաքապետարանի իրավաբան Յուրա Բալասանյանի անունները:
Վստահված անձի
իրավունքների
սահմանափակում
5/15 եւ 5/16 ընտրատեղամասերում (Դավիթաշեն) հանձնաժողովների նախագահները արգելել են «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների վստահված անձանց ազատ տեղաշարժվել ընտրատեղամասում:
Առաջին արձագանքը
Մինչդեռ ԿԸՀ փոխնախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Աբրամ Բախչագուլյանը հայտնել է, թե «Օրինաց երկիր» կուսակցության բողոքը ոչ այլ ինչ է, քան տարբեր ինտերնետային կայքերի տվյալների համադրում, որի տակ դրված են եղել կուսակցության անդամների ստորագրությունները, եւ դա ոչ մի պարագայում չի կարող համարվել բողոք:
Հ. Գ. Վերոթվարկյալը միայն քվեարկության ընթացքի վերաբերյալ ստացված ահազանգերն են: Իսկ ձայների հաշվարկի վերաբերյալ երեկ ուշ երեկոյան արձանագրված խախտումը հետեւյալն էր՝ թիվ 4/21 ընտրատեղամասում, որ տեղակայված է թիվ 129 դպրոցում, հաշվարկի ժամանակ պարզվել է, որ պակասում է 100 մեծամասնական քվեաթերթիկ: ՕԵԿ ներկայացուցիչը այդ փաստի կապակցությամբ դիմել է դատախազություն: