Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԱՑՎԵՑ՝ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

Մայիս 13,2007 00:00

\"\"«Նոր ժամանակներ» կուսակցությունը երեկ մեզ փոխանցեց ԱԺ ընտրությունների ընթացքում իր կողմից արձանագրված մի քանի տասնյակ ընտրախախտումներ, որոնց մի փոքր հատվածը ներկայացնում ենք:

Ժամը՝ 13:00

1. Թիվ 12/24 տեղամասից ՆԺԿ վստահված անձ Ավագյան Լյովան ահազանգեց, որ ընտրողները տարբեր գույնով գրող գրիչներով են գալիս եւ ընտրություն կատարում: Դրա դեմ բողոքարկումն ապարդյուն է անցել: Այդ տեղամաս է եկել ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի տեղակալ ներկայացած ոմն Նորիկ եւ ասել, որ դա ընտրողների իրավունքն է եւ վստահված անձին կհեռացնեն տեղամասից, եթե նա շարունակի խանգարել: Վստահված անձը զանգահարելով ՆԺԿ կենտրոնական ընտրական գրասենյակ՝ խնդրել է ԿԸՀ-ում ՆԺԿ լիազոր ներկայացուցիչ Հրաչյա Սարգսյանին խոսել հանձնաժողովի փոխնախագահ ներկայացած անձի հետ: Վերջինս խիստ կոպիտ է խոսել Հ. Սարգսյանի հետ՝ սպառնալով գլուխը ջարդել: Այդ մասին Հ. Սարգսյանը ահազանգել է ԿԸՀ նախագահ Գ. Ազարյանին եւ ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը:

2. Թիվ 11/30 ընտրատեղամասում արձանագրվել է, որ տարբեր ընտրախցիկներում դրված են տարբեր գույնի գրող գրիչներ: Վստահված անձինք այդ փաստն արձանագրել են: ՆԺԿ ընտրական կենտրոնական գրասենյակը համոզված է, որ այս ընտրություններում օգտագործվում է մասսայական ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիա, որը կարելի է անվանել «գունավոր գրիչների» մեթոդ: Փաստորեն միայն ընտրակեղծիքների ճանապարհով իրենց ցանկալի ձայներն ապահովելու ունակ իշխանական կուսակցությունները գտել են ձեւ՝ նախապես կաշառված ընտրողներին վերահսկելու համար:

3. Թիվ 4/07 ընտրատեղամասում մոտ երկու ժամ տեղամասի դուռը փակել են, եւ մի քանի կողմնակի անձինք ընտրողներին թույլ չեն տվել մտնել տեղամաս, փոխարենը ընտրովի իրենց կողմնակիցներին առանց հերթի ներս են խցկել:

4. Թիվ 3/10 ընտրատեղամասում ՆԺԿ վստահված անձին չեն գրանցել՝ պատճառաբանելով, որ վստահված անձի վկայականի վրա նշված չի եղել տրման ժամկետը: Այն դեպքում, երբ «Ընտրական օրենսգրքում» նշված չէ, որ կուսակցությունն է պարտավոր վկայականի տրման ժամկետը նշել: Մեր պատկերացմամբ՝ դա պետք է աներ ԿԸՀ-ն:

Ժամը՝ 13:15

1. Ընտրության օրը, ժամը 10-ի սահմաններում, ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը ընտրություն կատարելուց հետո Հ1-ին հարցազրույց տալիս հայտարարել է բառացիորեն հետեւյալը, որ իշխանությունները թույլ չեն տա, որ փոքրամասնությունը իր ցանկությունը փաթաթի մեծամասնության վզին: Փաստորեն, ԱԱԾ ղեկավարն ուղղակի ահաբեկել է ՀՀ քաղաքացիներին՝ կոպտորեն խախտելով ՀՀ «Ընտրական օրենսգիրքը»:

2. Ընտրության օրը, ժամը 9:30-ի սահմաններում, ՆԺԿ նախագահի երկրորդ ծառայողական մեքենան վթարի է ենթարկվել, որին բախվել է Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի շենքի մոտից կրկնակի հոծ գիծը խախտած թիվ 49 երթուղային տաքսին: Արդյունքում ծանր մարմնական վնասվածքներ են ստացել ՆԺԿ նախագահի վարորդ Պարսամ Այվազյանը եւ ընտրական շտաբի անդամ Աշոտ Այվազյանը եւ տեղափոխվել հիվանդանոց: Թիվ 49 երթուղային տաքսին իրականացնում էր ընտրողների տեղափոխումը ընտրատեղամաս՝ հավանաբար մեծամասնական ընտրակարգով քվեարկվող թեկնածուներից մեկի օգտին:

3. Արարատյան 1-ին զանգվածում տեղակայված Հանրապետական կուսակցության գրասենյակի պատին փակցված է մեծ պաստառ, որի վրա նշված է կուսակցության համարը քվեաթերթիկում, իսկ կողքին նկարված է քվեարկման նշումը:

Ժամը՝ 14:00

1. Երեւանի տարբեր համայնքներից, Գյումրի, Վանաձոր, Գավառ, Արմավիր, Մասիս, Արտաշատ եւ բազմաթիվ այլ քաղաքներից ու գյուղերից ահազանգեր են ստացվում, որ ընտրողներին տեղամաս են բերում փոխադրամիջոցով (ավտոբուս կամ մարդատար մեքենա), ճանապարհին իրականացվում է քարոզչություն եւ մասսայական փող է բաժանվում: Մասնավորապես, Երեւանի Ավան համայնքում թաղապետի անմիջական համակարգմամբ «Z» տաքսի ծառայության մեքենաներով ընտրողներին բերում են ՀՀԿ-ի կրծքանշան կրող անձինք: Որպես փաստ նշենք հետեւյալ փոխադրամիջոցների պետհամարանիշները՝ 945 UL 62, 491 OL 64, 490 OL 64, 954 UL 62, 918 UL 62, 08 OL 184, 67 OO 810, թիվ 32 երթուղու տաքսիներ՝ 0060 S, 0462 S: Այս ամենը կազմակերպվել է 04 UL 429 Նիվա մակնիշի մեքենայով շրջող անձի կողմից:

2. Թիվ 7/19 եւ 7/20 ընտրատեղամասերում, որտեղ մեծամասնականով քվեարկվում է ՀՀԿ-ի ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանը, համախմբված գազել միկրոավտոբուսներով մարդկանց տեղափոխում են՝ ճանապարհին իրականացնելով քարոզչություն եւ կաշառելով նրանց 15-20 հազարական դրամով:

3. Թիվ 6/16 եւ 6/17 ընտրատեղամասերում (թիվ 155 դպրոց) դպրոցի տնօրենը քարոզչություն է արել, որն արձանագրվել է ՆԺԿ, «Ժառանգություն» կուսակցությունների կողմից:

4. Թիվ 5/32 ընտրատեղամասում տեղամասի չափերը չեն համապատասխանում օրենքով պահանջվող ստանդարտներին:

5. Շենգավիթի թիվ 11/16, 17, 18, 19 տեղամասերում տարբեր գույնի գրիչները ընտրողներին տրվում են դրսում:

6. Ջրաշեն գյուղում եւ Սպիտակի տարածաշրջանում Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը», «Դաշինքը» եւ ՀՅԴ-ն համատարած ընտրակաշառք են բաժանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել