Լրահոս
Օրվա լրահոսը

Դասընթացներ երիտասարդ պաշտոնյաների համար

Մայիս 12,2007 00:00

Վերապատրաստվելուց հետո լավագույնները կմեկնեն Շվեյցարիա

Երեկ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում Լրատվամիջոցների կովկասյան եւ Ժնեւի միջազգային հարաբերությունների ինստիտուտների հրավիրած ասուլիսը վերաբերում էր «Հմտացում միջազգային հարաբերությունների ոլորտում» ծրագրի ավարտին: Առաջին անգամ 1997 թվականին՝ Ժնեւի միջազգային հարաբերությունների ինստիտուտի կազմակերպած այս դասընթացին մասնակցել են Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի դիվանագետներ: 2 շաբաթ տեւող այս ծրագիրը իրենից ներկայացնում է վերապատրաստում պետական երիտասարդ պաշտոնյաների ոլորտում, որի նպատակն է հմտացնել հայ, ադրբեջանցի ու վրացի պաշտոնյաներին միջազգային ոլորտում, նպաստել 3 պետությունների պետական կառույցների միջեւ կապերի սերտացմանը:

Այս տարվա ապրիլի 29-ից մայիսի 12-ը Երեւանում կազմակերպված սեմինարները վերաբերել են միջազգային առեւտրին եւ «Միջազգային առեւտրային կազմակերպությանը» (WTO), որին անդամակցում է նաեւ Հայաստանը: Ծրագրին տարբեր տարիների մասնակցած հայ դիվանագետների թիվն արդեն հասնում է 80-ի: Այս անգամ մասնակցել են 12 հայ եւ 5 վրացի պաշտոնյաներ՝ ընտրվելով 80 թեկնածուներից: Երեկվա ասուլիսին ներկա էին Ժնեւի միջազգային հարաբերությունների ինստիտուտի փոխտնօրեն Դենիել Վոռնեռը, Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության հայաստանյան գրասենյակի տնօրեն Զառա Ալավերդյանը, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի եւ ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ: Դ. Վոռնեռը փաստեց, որ Հարավային Կովկասում այս դասընթացի շնորհիվ 200 պաշտոնյա է վերապատրաստվել: «Մեր նպատակն է երիտասարդ դիվանագետների պատրաստվածության աստիճանը հասցնել նրան, որպեսզի նրանք կարողանան սեփական երկիրը պատշաճ ձեւով ներկայացնել օտար երկրներում»,- ասաց նա: Նաեւ ներկայացրեց նշված դասընթացին մասնակցելու նախապայմանները. «Ծրագրին մասնակցելու ցանկություն ունեցողները պետք է անպայման լինեն պետական պաշտոնյաներ, ունենան համալսարանական կրթություն ու լինեն 25-30 տարեկան: Յուրաքանչյուր թեկնածուի հետ կազմակերպվում է առանձին հարցազրույց, որից հետո ընտրվում են մասնակիցները»: Դ. Վոռնեռը նաեւ տեղեկացրեց, որ 2005 թվականից կովկասյան երեք երկրներում ստեղծվել են նախկին շրջանավարտների խորհուրդներ, որոնք էլ կազմակերպում են սեմինարներ, բարեգործական ու սոցիալական նշանակություն ունեցող միջոցառումներ՝ պետական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկելով արդի խնդիրները: Շրջանավարտներին խրախուսելու նպատակով «Հմտացում միջազգային հարաբերությունների ոլորտում» ծրագիրը անցկացնում է «Պարգեւ լիդերության համար» մրցույթը, որի հաղթողներն էլ մեկշաբաթյա այցով մեկնում են Շվեյցարիա, հանդիպում կառավարության ներկայացուցիչներին, ինչպես նաեւ Ժնեւում տեղակայված միջազգային կազմակերպություններին եւ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Մրցանակը շնորհվում է այն մասնակիցներին, ովքեր ունեն լիդերության ընդգծված հատկանիշներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել