Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՅԱՆՔՆ ՈՒ ԿԻՆՈՆ՝ ԸՍՏ ՀԱՆՐԱՅԻՆԻ

Մայիս 12,2007 00:00

\"\"Հանրային հեռուստատեսության «Երեւան» ստուդիայում նկարահանված «Մի վախեցիր» ֆիլմի առիթով

Մայիսի 4-8-ը Հ1-ը ցուցադրեց Հանրային հեռուստատեսության «Երեւան» ստուդիայում նկարահանված «Մի վախեցիր» գեղարվեստական հեռուստաֆիլմը (ռեժիսոր՝ Արամ Շահբազյան, սցենարի հեղինակ՝ Գնել Նալբանդյան, պրոդյուսեր՝ Հրաչ Քեշիշյան): Գլխավոր դերերում նկարահանվել են Խորեն Լեւոնյանն (Արման Արամյան) ու «Վիցցե միսս Եվրոպա-2005» Լուսինե Թովմասյանը (Մարի): Հայկոն էլ գրել է երաժշտությունը: Այս ֆիլմի բյուջեն շուրջ $1 մլն է:

Ընդհանուր առմամբ նկարը գորշ է, պարզունակ, նույնիսկ ռաբիս, սահուն չեն անցումները երեւանյան իրականությունից՝ Արցախ, խճողված է ժամանակագրությունը: Իբրեւ գլխավոր հերոսուհի ներկայացված Լուսինե Թովմասյանը հաջողակ գեղեցկուհի է, սակայն՝ անհաջող դերասան: Դպրոցականի մարմնավորած Լուսինեն՝ դպրոցական ինքնագործունեության մակարդակով էլ դերասանություն է անում: Ընդհանրապես էպիզոդիկ տեսարաններն ու հերոսները ֆիլմում ավելի հաջողված են: «Մի վախեցիր» ֆիլմը սիրո պատմություն է՝ արցախյան հերոսամարտի ֆոնի վրա: Հետեւաբար պետք էր արցախյան պատերազմը, որ ֆիլմում «ներկա» է հատկապես մասսայական տեսարաններով, ոչ թե 2 տանկով ու մի քանի զինվորով ներկայացնել, այլ ավելի ազդու ու «հարուստ»: Արցախյան պատերազմի մասին ֆիլմը պիտի հուզի, հավատընծա լինի: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ ստացված տեսարաններ ու հերոսներ էլ կային: Վերջիններս մտացածին են, սակայն, անշուշտ, ունեցել են իրենց նախատիպերը: Հաջողված են էպիզոդներում հանդես եկող ասֆալտի ֆիդայիները, որ այսօր էլ լիուլի սփռված են Հայաստանով մեկ, շատերը հիմա էլ ունեն բազմաթիվ արտոնություններ, պաշտոններ: Անմեղ մարդկանց վրա հարկ եղած դեպքում կամ իշխանահաճո որեւէ պաշտոնյայի ցանկությամբ «գործ սարքող» ոստիկաններն էլ, ինչպես ֆիլմում, այնպես էլ մեր օրերում դեֆիցիտ չեն: Իհարկե, այդ համակարգում պատահում են նաեւ ազնիվ մարդիկ, որոնցից ոմանք զոհվել են արցախամարտում: Եվ բավական տեղին է ֆիլմի հերոսներից մեկի (դերասան՝ Սամվել Ղազարյան) նախատինքը՝ ուղղված գլխավոր հերոս Արման Արամյանին. «Ես մենթ չեմ՝ մարդ եմ, քո նման բոյ-բուսաթով մեր տղերքից մեկն էլ ա կռվել Ղարաբաղում ու հիմա չկա»:

Ինչ վերաբերում է նախկին կուսակցական պաշտոնյայի որդուն՝ Արման Արամյանին, նրա նմանները, ինչպես 90-ականներին, այնպես էլ այսօր, ունեն շքեղ մեքենաներ, ժամանակն անցկացնում են լավագույն «օբյեկտներում»՝ «ախչկեքի» ու «ախպերության» հետ: Դեռ օբյեկտատիրոջն էլ «արայով» կամ լավագույն դեպքում՝ «ապերով» են դիմում: Ի տարբերություն Մարիի, Արման Արամյանը հաջողված է: Նրան մարմնավորած Խորեն Լեւոնյանը տաղանդավոր պապից՝ Խորեն Աբրահամյանից, ում շատ նման է արտաքինով, հաստատ դերասանական շնորհ է ժառանգել: Շատ տիպական են Շեֆը՝ Արտաշես Ալեքսանյան, Արմանի հայրը՝ Հայկ Մնացականյան, Արմանի ընկեր Վիգենը՝ Կարեն Հովհաննիսյան, Մարիի քույր Շուշանը՝ Ալլա Սահակյան, դեպուտատ Մուրադյանը՝ Ֆրեդ Դավթյան եւ այլք:

Ի դեպ, վերջերս «գրանցված» տէցիկրուգյան աղմուկները որոշ փոփոխություններով արտացոլվել են նաեւ 90-ականների մասին պատմող ֆիլմում:

Նկատենք, որ եթե «Մի վախեցիր» ֆիլմում երեւանյան «ոսկի երիտասարդության» վառ ներկայացուցիչներից մեկը՝ Արման Արամյանը, «ապաշխարեց» հերոսանալով արցախամարտում, ապա այսօրվա պաշտոնյաներից շատերի փափկասուն բալիկները նույնիսկ բանակում չեն ծառայում: Չմոռանանք նշել, որ արցախյան պատերազմի մասին պատմող $1մլն արժողությամբ ֆիլմի տիտրերում «միլիոն» անուն էր գրված. այդքան մարդ իսկի պատերազմին չի մասնակցել: Հավանաբար, ֆիլմի հեղինակները րոպեներ ձգվող տիտրերով ցանկացել էին նմանվել հուլիվուդցիներին…

Հ. Գ. Վերջերս հրավիրված ասուլիսում քաղաքական գործիչներից մեկը «Մի վախեցիր» ֆիլմը գնահատեց որպես ծաղրանք ղարաբաղյան շարժման նկատմամբ, ասելով, որ հաղթանակի օրերին մատուցված հայհոյախառն ռաբիսը նվաստացնում է ոչ միայն շարժումն ու զոհերին, այլեւ ազգային գաղափարախոսությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել