Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՇԽԱՏԱՏԵՂԸ ԴԱՐՁԵԼ Է ՍԵՎ ԱՂՎԵՍ»

Մայիս 12,2007 00:00

\"\"Աշխատատեղերի բացակայությունից են բողոքում գրեթե բոլոր գյուղերում եւ քաղաքներում

Նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերը հանդիպեցին ընտրողների հետ, լսեցին նրանց, տեսան եւ իրենց տեսանելի դարձրին: Մարդիկ բոլորին ընդունեցին, լսեցին, ոմանց հավատացին, ուրիշներին՝ ոչ այնքան, իսկ հիմնականում՝ գրեթե ոչ մի քաղաքական ուժով չհիացան եւ չոգեւորվեցին, քանի որ հասարակությունը ընտրությունների փորձ ունի, հասարակությունը գիտի, որ ընտրությունները գալիս են եւ անցնում, իսկ իրենց կյանքն այդպես էլ չի փոխվում, իրենք ընտրությունից ընտրություն ավելի լավ չեն ապրում: Քաղաքական կուսակցությունների խոստումները ընտրությունից ընտրություն, փոխանցիկ դրոշի պես, անցնում են ձեռքից ձեռք, վերատպագրվում են բուկլետից բուկլետ եւ մնում են որպես սիրուն խոսքեր, որոնցից սոցիալապես անօգնական խավերը կոնկրետ օգուտ այդպես էլ չեն ունենում: Եվ քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումները լուսաբանելու համար գյուղեր մեկնած լրագրողներն են մնում այն միակ հույսը, միակ «հոգեբանի անկյունը», որի մոտ կարելի է սիրտը բացել, պատմել իրենց հոգսերի եւ հուսահատությունների մասին: Նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրապետության տարբեր բնակավայրերում ինձ եւս մոտեցել են մարդիկ, ովքեր ուղղակի փորձել են պատմել իրենց դարդ ու ցավը եւ գոնե այդկերպ մի քիչ հանգստանալ: Գրեթե բոլոր մարզերում, գյուղերում եւ քաղաքներում հասկանում ես, որ երկրում խախտված է սահմանադրական նորմերից մեկը՝ մարդկանց աշխատելու իրավունքը, քանի որ հիմնականում բոլորի թիվ մեկ պահանջն այսօր աշխատատեղն է:

Տավուշի մարզում մարդիկ նույն հոգսերն ունեն, ինչպես եւ հանրապետության մյուս մարզերում: Չկան աշխատատեղեր, տեղական մանր ու մեծ չինովնիկները սեփականաշնորհել են ամեն ինչ, առաջին հերթին՝ վարելահողերը, եւ գյուղացուն թողել են առանց հողի: Տավուշցի Ալեքսան հայրիկը պատմեց. «Իմ տանը լիքը երեխեք կան, իմ թոռները, բայց ոչ ես եմ աշխատում, ոչ տղաս, միայն հարսս է աշխատում մանկապարտեզում, էն էլ մանկապարտեզի աշխատողների աշխատավարձերը արդեն 4 ամիս է՝ չեն տվել»: Թալինում եւս վիճակը նույնն է՝ աշխատատեղերի իսպառ բացակայություն, ոչ մի արտադրական հիմնարկ չկա, եղածները դպրոցներն են, մանկապարտեզները, քաղաքապետարանը, գյուղապետարանները, բուժկետերը: Մարդիկ պարապ են բառի ամենաիսկական իմաստով, տղամարդիկ հիմնականում սափրված չեն, խեղճ, կծկված, անվերջ ծխում են: Կանայք հոգնած են, անփայլ, դժգոհ, անխնամ: Եվ բոլորն էլ ատամների խնդիր ունեն. ատամնաբուժությունը մարզերի բնակիչների համար հատկապես լուրջ ծախսեր է պահանջում: Այս խնդրի վրա իմ ուշադրությունը հրավիրեց թալինցի Արայիկ Մանուկյանը, ով ասաց. «Չե՞ք նկատում, մեզնից ոչ մեկի բերանում ատամ չկա, բա չե՞ս հարցնում՝ ինչու չկա, որովհետեւ նախ՝ ուտելու բան չկա, ատամն ինչների՞ս է պետք, եւ երկրորդ՝ մի ատամի սարքելու գնով իմ երեխեքը մի ամիս կապրեն»:

Նոր Հաճընում Անդրանիկ պապը պատմեց, որ իր ամբողջ տունը՝ «յոթը շունչ», ապրում է միայն իր կենսաթոշակով. «Ունենք-չունենք՝ միայն իմ թոշակն ունենք, էն էլ՝ ոչինչ, ժամանակին տալիս են, բայց որ տալիս են՝ ի՞նչ, ո՞ր ծակը փակեմ: Եղած-չեղածը 35 հազար դրամ է, էդ էլ լույսին, գազին, ջրին չի հերիքում, ոնց ստանում ենք, այնպես էլ տալիս ենք իրենց ու դատարկ նստում»: Մեր հարցին՝ լավ, բա վերջը ի՞նչ է լինելու, Անդրանիկ պապը պատասխանեց. «Վե՞րջը: Վերջը պետք է մի հատ «սիստեմը» (համակարգը- Մ. Ե.) փոխվի, որ լավ ըլնի, ըստուն հանեն, ընդուն դնեն, ընդուն հանեն, ըստուն դնեն»: Կար նաեւ այլ առաջարկ. «Աշխատատեղեր բացեն, մարդիկ առավոտ գնան աշխատեն, իրիկունը հոգնած տուն գան: Գործից հոգնեն, ոչ թե անգործությունից: Նայիր էս հավաքվածներին, բոլորն էլ անգործությունից, պարապությունից հոգնած տղերք են, օրը լուսանում է՝ չգիտեն ինչով զբաղվեն, ոչ հող ունեն սեփականաշնորհած, ամբողջ հողը «շեֆերն» են իրենցով արել, ոչ էլ ավտո, որ գոնե «տաքսի» քշեն: Առավոտը արի տես՝ գյուղի տղերքը ինչով են զբաղված, առավոտից «կարտ» են խաղում, ի՞նչ անեն, մի բանով պիտի՞ զբաղվեն: Ամբողջ երկիրը առավոտից իրիկուն «կարտ» է խաղում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել